Տպել
26.02.2010
Խորհրդարանական ճեպազրույցները
1 / 5

Փետրվարի 26-ին լրագրողների համար վերջին քառօրյա նիստերի  աշխատանքներն ամփոփեցին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները: Խորհրդարանական ճեպազրույցներին չէր մասնակցում ԲՀԿ խմբակցությունը:

Հարցերն առնչվում էին գազի գնի թանկացումներին, Ուկրաինայում Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ հնչեցրած` հայ-թուրքական հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ Հայաստանի Նախագահ  Սերժ Սարգսյանի հայտարարությանը:

«Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը նկատեց, որ դրամի արժեւորման գործընթացի պարագայում ոչ մի անգամ ականատես չեն եղել գների նվազմանը: Ըստ նրա` ճիշտ չէ գազի սակագնի համար տարբերակված մոտեցում կիրառելը բնակիչ-բաժանորդների եւ ձեռնարկությունների համար: Իսկ Ստյոպա Սաֆարյանը սա համարում է սոցիալական արդարության խախտում, քանի որ դրա պատճառով սոցիալական խնդիրներ է ունենում հատկապես միջին խավը:

Ըստ Ստյոպա Սաֆարյանի` Հայաստանը վաղուց պետք է դուրս գար բանակցություններից: Նա քիչ հավանական է համարում, որ հայ-թուրքական սահմանը կբացվի առանց արձանագրությունների վավերացման, ինչպես նաեւ այն, որ մինչեւ ապրիլի 24-ը թուրքական խորհրդարանը կվավերացնի արձանագրությունները:

Անդրադառնալով գազի գնի թանկացումների համատեքստում բնակիչների եւ ձեռնարկատերերի նկատմամբ կիրառվող գնային խտրական մոտեցումներին առնչվող հարցադրմանը` ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը կարծիք հայտնեց, որ անկախ թանկացումների չափից այն ազդելու է եւ արտադրության, եւ ապրանքատեսակների գների վրա: Ըստ նրա` գների տատանումներ լինում են բոլոր սոցիալական պետություններում, սակայն ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ: ՕԵԿ անդամը նշեց, որ ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարցը բարձրացվել է, տեղեկացվել է, որ կա ՀՀ Նախագահի հանձնարարականը, մշակվում է ծրագիր, որով գների բարձրացման պայմաններում սոցիալական խոցելի խմբերին լրացուցիչ հատկացումներ կտրվեն:

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը կողմ է Կիեւում ՀՀ Նախագահի այն հայտարարություններին, թե Թուրքիայի խորհրդարանին ոչինչ չի խանգարում բացել սահմանները առանց արձանագրությունների վավերացման ու եթե կարճ ժամկետներում Թուրքիայի խորհրդարանը չվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, ապա Հայաստանը հետ կվերցնի ստորագրությունը: Նրա կարծիքով` թուրքական կողմն առաջինը պետք է գնա սահմանի բացմանը, քանի որ այդ երկիրն է փակել այն: Նա նշեց, որ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում կատարված փոփոխությունները արձանագրությունները հետ վերցնելու նպատակ չեն հետապնդում, դրանցով ՀՀ Նախագահին բացառիկ իրավունք է վերապահվում իր կողմից կնքված միջազգային պայմանագրերը ցանկացած պահի կասեցնել:

Գազի գնի թանկացումների համատեքստում բնակիչների եւ ձեռնարկատերերի նկատմամբ կիրառվող գնային խտրական մոտեցումների վերաբերյալ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանն ասաց, որ գների թանկացումը պետք է դիտարկել ընդհանուր խնդիրների շրջանակում. «Հարցն այն է, որ մենք խնդիրները դիտարկում ենք առանձին-առանձին, դրա համար չենք կարողանում դրանք լուծել»: ՀՅԴ-ի ներկայացուցիչ Արա Նռանյանի խոսքով` իրենք ուսումնասիրել են գազի սակագնի բարձրացման հիմնավորումները, եւ կարծում են, որ քննարկման առարկա կարող է դառնալ անգամ սակագնի իջեցման հարցը:

Անդրադառնալով Ուկրաինայում ՀՀ նախագահի հայտարարությանը` Արա Նռանյանը նշեց, որ երկու երկրների հարաբերությունների առանցքում սահմանի բացման խնդիր դնելը սխալ է: Ըստ նրա` սահմանը փակվել է միակողմանիորեն, որեւէ պայմանագիր չի կնքվել եւ սահմանի բացումը, որը հանդիսանում է Թուրքիայի միջազգային պարտավորությունը, դարձնել քննարկման առարկա, սխալ է:

Խոսելով գազի գնի հնարավոր թանկացման մասին` ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հավաստմամբ` թանկացման պարագայում անապահով խավը, նպաստառու ընտանիքներն անպայման փոխհատուցում կստանան: Իսկ ի պատասխան լրագրողների հարցին, թե ինչ է արվում  թանկացումից միջին խավին պաշտպանելու համար` խմբակցության ղեկավարը նշեց, որ ճգնաժամի հետեւանքները լիարժեք հաղթահարելուց, տնտեսական աճ արձանագրելուց հետո, ամենայն հավանականությամբ, աշխատավարձերը կբարձրացվեն:

Գնահատելով Ուկրաինայում Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ հնչեցրած` հայ-թուրքական հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը`  Գալուստ Սահակյանը նշեց, որ դա հիմնված է քաղաքական մեծամասնության դիրքորոշման վրա: «ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բոլոր հայտարարությունները պետք է ընդունել ուղիղ, մաքուր եւ անկեղծ, եւ ժամանակը դա է ապացուցել»,-շեշտեց նա: Թուրքիայում այսօր ներքաղաքական իրավիճակը ծայրահեղ բեւեռացված է, հնարավոր է անգամ զինվորական պետական հեղաշրջումը: «Միջազգային հանրության հորդորներն ու պահանջները որոշակիորեն կարագացնեն լուծումները»,-կարծում է Գալուստ Սահակյանը: Ինչ վերաբերում է «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում արված փոփոխություններին, Գալուստ Սահակյանը եւս մեկ անգամ նշեց, որ կարեւորում է դրանք: Նրա խոսքով` եթե անգամ թուրքական կողմը չվավերացնի արձանագրությունները կամ Հայաստանը հետ վերցնի իր ստորագրությունը, հայկական կողմը պայքարը չի դադարեցնելու, խնդիրը պետք է լուծվի: Հայաստանը նույն թափով կշարունակի նաեւ ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը: