Տպել
03.03.2010
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ARTOC group ընկերության նախագահին
1 / 1

Փետրվարի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ARTOC group տրանսազգային ներդրումային ընկերության նախագահ Մոհամեդ Շաֆիկ Գաբրին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ներդրումային ու ենթակառուցվածքային ծրագրերը, ինչպես նաեւ հետագա համագործակցության հնարավոր հեռանկարային ուղղությունները:

Ողջունելով հյուրերին Հայաստան այցի առիթով` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւորեց ARTOC group ընկերության կողմից ներդրումային ծրագրերի իրականացումը` փաստելով, որ Հայաստանի խորհրդարանը ընդունում է այնպիսի օրենքներ, որոնք նպաստում են  տնտեսության զարգացմանը եւ ներդրումային ծրագրերի իրականացմանը: ՀՀ ԱԺ նախագահը, աջակցության պատրաստակամություն հայտնելով, կարեւոր համարեց հետագա համագործակցությունը առավել գործնական հիմքերի վրա դնելը եւ ներդրումային ծրագրերի շարունակականությունը:

ARTOC group տրանսազգային ներդրումային ընկերության նախագահ Շաֆիկ Գաբրի խոսքով` ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում ներդրումների իրականացմամբ եւ ծրագրում է համագործակցության կոնկրետ ուղղություններ ընտրել` երկրում առկա հնարավորությունները մանրամասն ուսումնասիրելուց հետո: Ընկերության նպատակն է ներդրումների միջոցով էապես բարելավել եւ բարձրացնել կյանքի որակը: Պարոն Գաբրը տեղեկացրեց, որ ընկերությունը Կահիրեի արվարձաններից մեկում հաջողությամբ իրագործված «Smart Village» քաղաքի գաղափարը Երեւանում առավել փոքր մասշտաբով իրականացնելու նպատակ ունի. ծրագիրն ընդգրկելու է միջազգային այն կազմակերպությունները, որոնք ցանկանում են համագործակցել Հայաստանի եւ Եգիպտոսի հետ: Նա նաեւ նշեց, որ առաջիկայում կրկին Հայաստան կայցելի առավել գործնական առաջարկներով:

Հանդիպման ընթացքում հյուրի խնդրանքով ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ նաեւ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացին: Պարոն Աբրահամյանը եւս մեկ անգամ փաստեց, որ հայ-թուրքական արձանագրությունները պետք է առնչվեն բացառապես Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը եւ սահմանի բացմանը: ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի խորհրդարանը կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանի կողմից դրանց վավերացումից հետո:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ հայ-եգիպտական բարեկամական հարաբերություններին եւ ARTOK group ընկերության հետ հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: