Մարտի 12-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին: Ողջունելով բարձրաստիճան հյուրին` ԱԺ նախագահը նշեց, որ հայ- լեհական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, եւ, որպես խորհրդարանի նախագահ, ամեն ինչ անելու է, որ դրանք ավելի զարգանան: Լեհաստանի վարչապետի այցը վկայում է, որ երկու կողմից էլ հարաբերությունները զարգացնելու ցանկություն կա:
Դոնալդ Տուսկը եւս բարձր գնահատեց հայ-լեհական հարաբերությունները եւ արձանագրեց համատեղ գործողություններ իրականացնելու մեծ պոտենցիալը: Նա կարեւորեց Հայաստանի դերը Արեւելյան գործընկերության ծրագրում` Հայաստանը համարելով հուսալի գործընկեր: ՀՀ ԱԺ նախագահն էլ նշեց, որ մեր երկիրը շահագրգռված է այդ ծրագրով, եւ շատ կարեւոր է ծրագիրը վերածել գործի:
Հովիկ Աբրահամյանը եվրաընտանիքին ինտեգրվելու գործընթացում կարեւոր համարեց Լեհաստանի աջակցությունը Հայաստանին: Մեր երկիրը շատ ուշադիր է եվրակառույցներում Լեհաստանի նախաձեռնությունների նկատմամբ: ԱԺ նախագահը կարեւորեց նաեւ միջազգային կառույցներում փոխգործակցության ակտիվացումը:
Հայաստանի խորհրդարանի ղեկավարը բարձր գնահատեց Արեւելյան գործընկերության մասնակից պետությունների խորհրդարանական վեհաժողովի` «Եվրանեսթ» -ի հետ համագործակցությունը:
ԱԺ նախագահն անդրադարձավ նաեւ հայ- թուրքական արձանագրություններին, նշելով, որ Հայաստանի խորհրդարանը դրանք կվավերացնի Թուրքիայի խորհրդարանի վավերացումից հետո:
Քննարկվեցին նաեւ համաշխարհային տնտեսական ճգնաժամին վերաբերող հարցեր. Դոնալդ Տուսկը ներկայացրեց ճգնաժամը հաղթահարելու` Լեհաստանի փորձը` հաշվի առնելով այդ երկրի համեմատաբար դրական ցուցանիշները: