Տպել
12.03.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նամակը Շվեդիայի Թագավորության Ռիգստագի նախագահ Պեր Վեստերբերգին
1 / 1

Մեծարգո պարոն նախագահ, 

          Հայաստանում գոհունակության եւ երախտագիտության զգացում ունեցանք` տեղեկանալով Շվեդիայի խորհրդարանում 1915թ. Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված  Հայոց  ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման մասին:

          Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ  անձամբ իմ  անունից խորին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ եւ ի դեմս Ձեզ` Շվեդիայի խորհրդարանին` մարդկության պատմության ամենաողբերգական էջերից մեկին` հայոց ցեղասպանությանը ճշմարտացի ու արժանապատիվ հայացքով նայելու եւ արդարամիտ որոշում կայացնելու համար:

          Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելով` դուք ձեր ներդրումն եք անում աշխարհում նման ողբերգությունների կրկնությունը  հետագայում  կանխելու  եւ ժողովուրդների ճակատագրերի դեմ  ուղղված անմարդկային քայլերը բացառելու գործընթացում:

         Կարծում եմ, որ իր պատմական որոշումով Շվեդիայի խորհրդարանը հետամուտ լինելով  համամարդկային արժեքների դավանմանը, նպաստում է նաեւ հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղությանն ու կայուն զարգացմանը:

          Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք, իսկ բարեկամ Շվեդիայի ժողովրդին` երջանկություն եւ մշտական  բարեկեցություն: