Տպել
27.03.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ՀՀ թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությանը
1 / 3

ՀՀ Ազգային  ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 27-ին մասնակցել է Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի ունեցած` ՀՀ թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությանը, որն այս տարի նվիրված էր Վարդան Աճեմյանի եւ Արուս Ասրյանի ծննդյան 105- ամյակներին:

ՀՀ թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը նշել է , որ Հովիկ Աբրահամյանը միակ պետական պաշտոնյան է, ով դեռ 1996 թվականին արժանացել է «Արտավազդ» մրցանակի` թատրոնի նկատմամբ վերաբերմունքի համար:

Իր խոսքում ՀՀ Ազգային ժողովի նախագահը  շնորհավորել է թատերական աշխարհի գործիչներին Թատրոնի միջազգային օրվա առթիվ` մաղթելով մշակութային անսպառ եռանդ ու երկարակեցություն, համերաշխություն, հանդուրժողականություն եւ բարեկեցություն: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այսօր մեր թատերական կյանքում աշխույժ անցուդարձ է` ներկայացումների խաղացանկից մինչեւ փառատոններ: Ազգային ժողովի նախագահի կարծիքով`  մարզերի բնակչությանը պետք է ավելի ակտիվ մասնակից դարձնել թատերական եւ ընդհանրապես մշակութային կյանքին: Այս համատեքստում նա  առաջարկել է «Արտավազդ»-ի  հաջորդ մրցանակաբաշխությունն անցկացնել մարզում, ավելի կոնկրետ` Արտաշատում,   եւ աջակցելու իր պատրաստակամությունը հայտնել: