Տպել
07.04.2010
Բաց դասին հյուրընկալվեցին Արարատի մարզի դպրոցականները
1 / 3

Ազգային ժողովի «Բաց դռներ» քաղաքականության շրջանակում արդեն երկրորդ օրն է խորհրդարանում հյուրընկավում են Արարատի մարզի տարբեր դպրոցների բարձր դասարանների աշակերտներ:

Ինչպես քառօրյայի բոլոր օրերին, այսօր եւս դպրոցականները հնարավորություն ունեցան շրջելու խորհրդարանի շենքում եւ հետեւելու քառօրյա նիստերի աշխատանքին: Այնուհետեւ նրանք մասնակցեցին բաց դասին, որն անցկացրեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Պարոն Աբրահամյանը աշակերտներին տեղեկություններ հաղորդեց օրենսդիր մարմնի գործունեության, Սահմանադրությամբ վերապահված լիազորությունների, Ազգային ժողով-կառավարություն համագործակցության մասին, անդրադարձավ  ԼՂ հիմնախնդրին եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, արտաքին եւ ներքին քաղաքականությանն առնչվող հարցերի: Պարոն Աբրահամյանը նշեց, որ ձեռնարկված քայլերի շնորհիվ ակտիվացել եւ սերտացել է խորհրդարան-հասարակություն կապը, այն դարձել է առավել բաց եւ թափանցիկ: Խորհրդարանի ղեկավարը շեշտեց, որ ժողովրդի կողմից ընտրված օրենսդիր մարմինը իր ակտիվ աշխատանքային գործունեությամբ պետք է  նպաստի ժողովրդի շահերից բխող եւ սոցիալական վիճակը կայունացնող օրինագծերի ընդունմանը: Պարոն Աբրահամյանն անդրադարձավ նաեւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանն ուղղված պետության ջանքերին. նրա համոզմամբ`  2010 թ-ին դրական ցուցանիշներ ունենալու համար միասնական ուժերով պետք է պայքարել ճգնաժամի դեմ, ինչի հնարավորությունները պարոն Աբրահամյանը տեսնում է:

Այնուհետ ԱԺ նախագահի եւ դպրոցականների միջեւ ծավալվեց ջերմ եւ մտերմիկ զրույց, որի ընթացքում խորհրդարանի ղեկավարը պարզաբանումներ տվեց նրանց հուզող բազմաթիվ հարցերին: Արարատի մարզի դպրոցների սաներին հետաքրքրում էր երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, սոցիալական, տնտեսական, կրթական, բնապահպանական ոլորտներին, ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարմանը, հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը եւ դրա արդյունքում Հայաստանի հնարավոր ձեռքբերումներին առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակից աշակերտները եւ մանկավարժները շնորհակալություն հայտնեցին ԱԺ նախագահին հանդիպման համար`  նշելով, որ նման հանդիպումները երիտասարդ սերնդին պետական գործընթացներին հաղորդակից դարձնելու յուրօրինակ քայլ է: Նրանք շեշտեցին, որ Հովիկ Աբրահամյանը մշտապես աջակցել է դպրոցներին եւ սոցիալապես անապահով ընտանիքներին: Պարոն Աբրահամյանն արձագանքեց, որ նշյալ աջակցությունը շարունակական է լինելու: