Տպել
07.04.2010
Պատգամավորները պաշտպանում են հեղինակների իրավունքները
1 / 6

Խորհրդարանի ապրիլի 7-ի նիստն սկսվեց տոնական տրամադրությամբ. Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ շնորհավորեց եւ բարեմաղթանքներ հղեց բոլոր կանանց ու աղջիկներին: Շարունակելով տոնական թեման եւ կարեւորելով ընտանիքի դերը` խորհրդարանի ղեկավարը տեղեկացրեց հանրապետության տոնական օրերը եւս մեկով` «Ընտանիքի օր»-ով համալրելու իր մտադրության մասին: Նա պատգամավորներն առաջարկեց  միանալ  իր օրենսդրական նախաձեռնությանը:

 Հովիկ Աբրահամյանը օրենսդիրների անունից ողջունեց նաեւ «Բաց դաս» նախաձեռնության շրջանակներում խորհրդարան այցելած` Արարատի մարզի բարձր դասարանցիներին եւ ուսուցիչներին:

 Անցնելով օրակարգային հարցերին` պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ օրը քննարկված բոլոր նախաձեռնությունները` բացառությամբ ՀՅԴ խմբակցության պատգամավորների հեղինակած` «Միջազգային պայմանագրերի մասին» եւ «ԱԺ կանոնակարգ» օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրինագծերի:

Շարունակելով «ՀՀ 2010 թ. պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծի քննարկումները` պատգամավորները տեսակետներ ներկայացրին Հայրենական Մեծ պատերազմի վետերանների` ԽՍՀՄ խնայբանկում ավանդադրված գումարներն արտահերթ փոխհատուցելու նախաձեռնության մասին:  Բոլոր պատգամավորները կողմ էին գաղափարին. եղան ընթացակարգերի վերաբերյալ որոշ մտահոգություններ: «Օրինաց երկիր» խմբակցության անունից Արծրունի Աղաջանյանը խորհրդարանականներին կոչ արեց ընդունել  կառավարության նախաձեռնությունը` հիշեցնելով, որ այն հանդիսանում է նաեւ քաղաքական կոալիցիայի առաջարկը: Լրացուցիչ ֆինանսավորման բացակայության պայմաններում` պատգամավորն ընդունելի համարեց Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներին սոցիալական մյուս խմբերից առանձնացնելու եւ առաջնահերթ նրանց գումարները փոխհատուցելու մոտեցումը: Եզրափակիչ ելույթում ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը եւս նկատեց, որ իրենց նախաձեռնությունը համահունչ է կոալիցիայի առաջարկին:

Խորհրդարանը քննարկեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Կարեն Վարդանյանի շրջանառած`  «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» օրենքի նախագիծը` ՀՀ քրեական օրենսգրքում լրացման առաջարկով:  Պատգամավորը ստեղծագործողների շահերը պաշտպանելու նպատակով առաջարկում է  նրանց ստեղծագործությունների ձայնագրումը  տեսաձայնային մագնիսական կրիչների` սկավառակների վրա դարձնել պարտադիր դրոշմավորման ենթակա գործունեություն` նախագծի մեջ ներկայացնելով դրոշմապիտակների տրամադրման, հաշվառման օգտագործման եւ պահպանման կարգերը:  Օրինագծի ընդունման պարագայում կդրոշմավորվեն մշակույթի,  գրականության, գիտության, արվեստի բնագավառներում ստեղծագործողների, կատարողների, ինչպես նաեւ  հնչյունագրեր   եւ ֆիլմ արտադրողների, համակարգչային ծրագրեր եւ տվյալների բազաներ պատրաստողների ստեղծագործությունները եւ կատարումները կրող սկավառակները: Կարեն Վարդանյանի խոսքերով` անկախությունից ի վեր հարցին լուծում չի տրվել, եւ շուկան այսօր ողողված է կեղծ, ապօրինաբար  շրջանառվող տեսաձայնային սկավառակներով: Պատգամավորի դիտարկմամբ` մշակութային գործչի մտավոր սեփականությունն այսօր խիստ պաշտպանության կարիք ունի, միաժամանակ  սկավառակների կեղծումը  ոտնահարում է  սպառողի շահերը:  Այդ իսկ պատճառով սկավառակների դրոշմապիտակները նախագծում համարվել են  խիստ հաշվառման  փաստաթղթեր` հաշվառման ենթակա ինչպես հարկային եւ մաքսային մարմինների, այնպես էլ  դրանք ձեռքբերող տնտեսավարող սուբյեկտների կողմից` ակցիզային դրոշմանիշերի օրինակով: Հեղինակը  համոզմունք հայտնեց, որ դաշտը կարգավորելով` հարկային եկամուտները հավաքագրելու  համար կստեղծվեն բարենպաստ պայմաններ, իսկ տնտեսավարողների համար` հավասար մրցակցային դաշտ:  Պատգամավորը կարծիք հայտնեց, որ դրոշմապիտակների պարտադիր պայմանը չի ազդելու սկավառակների գների վրա, քանի որ այդ ոլորտն այսօր աշխատում է  գերշահույթով:  Դրոշմավորումը պարտադիր կլինի թե այստեղ արտադրվող եւ թե ներմուծվող սկավառակների համար:

Հարակից ելույթում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը եւս կիսեց հեղինակի մտահոգությունը եւ օրենսդրական կարգավորման անհրաժեշտությունը: Նա նշեց, որ  մոտեցումները բովանդակային առումով ընդունելի են, սակայն հսկողություն  եւ պատասխանատվություն  սահմանող   մեխանիզմներն անկատար են եւ փաթեթում հստակեցնելու կարիք ունեն:  ԱԺ տնտեսական հարցերի մշտական  հանձնաժողովը հարցին տվել է դրական եզրակացություն, եւ Վարդան Այվազյանն առաջարկեց այն ընդունել առաջին ընթերցմամբ` հետագայում կառավարության հետ համագործակցելու եւ  նախագիծը բարելավելու պայմանով:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը եւս համաձայնեց, որ խնդիրն առկա է եւ որ հատկապես   սրվել է վերջին տարիներին` համարելով դա բնորոշ անցումային բոլոր պետությունների համար: Կառավարության եզրակացության համաձայն` դրոշմապիտակավորման  է ենթակա  ավելի մեծ դաշտ` ոչ միայն տեսաձայնային կրիչները:  Արմեն Ալավերդյանը հեղինակին մասնավորապես առաջարկեց  դրոշմավորվող ապրանք դիտարկել նաեւ համերգի եւ թատրոնի տոմսերը: Կառավարության տեսակետը ներկայացնելով` բանախոսը հեղինակին առաջարկեց հարցի քվեարկությունը հետաձգել մինչեւ 15 օրով` մեխանիզմները հստակ պատկերացնելու եւ հետո օրենսդրորեն ամրագրելու նպատակով:

Հարցի քննարկումը կշարունակվի ապրիլի 8-ի նիստում:

«ԱԺ կանոնակարգի» նախատեսած կարգով` չորեքշաբթի օրվա վերջին նիստում պատգամավորները հարցեր ուղղեցին կառավարության անդամներին:
 


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...