Տպել
09.04.2010
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «Լիբանանի հետ մեր բարեկամությունը անկեղծ եւ ամուր հիմքեր ունի»
1 / 1

«Լիբանանահայերը  հայրենասեր են  եւ Հայաստանի, եւ Լիբանանի առումով»
 

Ապրիլի 11-14-ը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այց է կատարելու Լիբանան: Այդ առիթով «Ազգ»-ի թղթակիցը մի շարք հարցերի շուրջ զրուցեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի հետ.

- Պարոն Աբրահամյան, Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի` 1997 թ. Հայաստան կատարած այցից հետո առաջին անգամն է, որ Հայաստանի խորհրդարանի նախագահն այցելելու է Լիբանան: Երկու պետությունների փոխհարաբերությունները շատ ջերմ են: Այս բարեկամ երկրում ունենք բավականին ազդեցիկ հայ համայնք: Լիբանանի կառավարությունում կա երկու հայ նախարար, իսկ խորհրդարանում` վեց հայ պատգամավոր: Ինչպիսի՞ն են հայ- լիբանանյան խորհրդարանական կապերն այսօր:
 

- Նախ ասեմ, որ այն բարեկամական ջերմ հարաբերությունները, որ գոյություն ունեն Հայաստանի ու Լիբանանի միջեւ,  հիմնված են փոխադարձ վստահության վրա: Այդ վստահությունը առկա է բոլոր մակարդակներում` քաղաքական, տնտեսական, ժողովուրդների միջեւ:

Ինչ վերաբերում է խորհրդարանական համագործակցությանը, այն սկսվել է 1993 թվականին:  Այսօր երկու երկրների խորհրդարաններում էլ գործում են բարեկամության պատգամավորական խմբեր, որոնք իրենց նպաստն են բերում միջպետական հարաբերությունների զարգացմանը: Հայաստանում ջերմությամբ են հիշում Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի` 1997 թվականին մեր երկիր կատարած այցը: Չենք կարող մոռանալ ու երախտագիտությամբ չհիշել, որ  2000 թվականի մայիսի 12-ին նրա նախագահությամբ Լիբանանի խորհրդարանը  ճանաչել եւ դատապարտել է Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված  հայոց ցեղասպանությունը: Իսկ 1997 թվականի ապրիլի 3-ին Լիբանանի Ազգային խորհուրդն  ընդունել է բանաձեւ, որում ապրիլի 24-ը ճանաչել է հայ ժողովրդի ողբերգական կոտորածի  հիշատակման օր:

Հայաստանի խորհրդարանի 15-ամյակի շրջանակներում 2005 թվականին կազմակերպված միջոցառումներին մասնակցել են նաեւ Լիբանանի խորհրդարանի հայ- լիբանանյան բարեկամության պատգամավորական խմբի անդամները:

Շատ ուրախալի է, որ Լիբանանի խորհրդարանում ընդգրկված են  նաեւ  հայ պատգամավորներ: Համոզված եմ, որ դա լրացուցիչ ազդակ է հայ-լիբանանյան հարաբերությունների եւ միջխորհրդարանական համագործակցության զարգացման համար:

-Լիբանանի ավանդական հայկական կուսակցությունները , չնայած նրանց միջեւ առկա մրցակցությանը, համագործակցում են, ունեն միացյալ խորհուրդ, որը հաճախ  կարողանում է  որոշակիորեն ազդել նաեւ Լիբանանի պետական կառույցների որոշումների վրա: Ինչպե՞ս եք գնահատում նրանց դերը:

- Ձեր թույլտվությամբ` սկսեմ Հայաստանից. հայրենիքում յուրաքանչյուր լարվածություն ինքնըստինքյան  ազդում է սփյուռքի ինքնազգացողության վրա:

Հայաստանի իշխանությունները երկրում կայունություն պահպանելու, զարգացում ապահովելու կողմնակից են, ինչին էլ միտված են նրանց քայլերը: Քանզի երկպառակությունը վերջին հաշվով որեւէ մեկին օգուտ չի բերել: Լիբանանում ավանդական հայկական կուսակցությունները ազգային հարցերում համախումբ են, ինչը վկայում է, որ նրանք առաջնորդվում են հենց այդ գիտակցությամբ: Դրա ամենաթարմ արտահայտություններից էր այն, որ հայ- թուրքական արձանագրությունների նախաստորագրումից հետո Լիբանանում հայկական երեք ավանդական կուսակցությունները հանդես եկան համատեղ հայտարարությամբ`պնդելով, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների:

Յուրաքանչյուր երկրում հայապահպանության խնդիրը առաջնային է տեղի հայ համայնքի համար: Լիբանանի ազդեցիկ հայկական համայնքը միշտ էլ աչքի է ընկել կազմակերպվածությամբ, արժանապատվությամբ: Շնորհիվ Լիբանանում իրենց նկատմամբ առկա բարեկամական վերաբերմունքի` հայերն իրենց բնավ էլ օտար չեն զգում: Ավելին` լիբանանահայերը  հայրենասեր են  եւ Հայաստանի, եւ Լիբանանի առումով: Անկախ տարբեր իրադարձություններից` կարծում եմ,  լիբանանահայության դերակատարությունը այդ երկրում չի նվազել, այսինքն` նրանք լիբանանյան մայրու անբաժան ճյուղերն են:  Հայկական ավանդական կուսակցությունները յուրատեսակ փոքր հայրենիքի դեր են վերցրել իրենց վրա` կապ  հայրենիքի հետ, վերաբերմունք  հայրենիքի նկատմամբ, լեզվի ու խոսքի, ազգային ինքնության պահպանություն եւ պաշտպանություն: Այս առումով նրանց դերն անգնահատելի է ու նաեւ պատասխանատու: Ի պատիվ հայկական ավանդական կուսակցությունների`  ասեմ, որ  նրանք շատ խորն են գիտակցում այդ պատասխանատվությունը: Յուրաքանչյուր նոր սերնդի հետ ավելի է դժվարանում արմատները պահպանելը: Բայց հայկական գրերով, ի դեմս հայկական թերթերի, հայկական ձայնով, ի դեմս  հայկական ռադիոկայանների,  նրանք կարողանում են դա անել, քանզի կա ինքնագիտակցության բարձր ըմբռնում:

- Անդրադառնալով Ձեր նշած  հայ- թուրքական  արձանագրություններին` նշեմ, որ հարցը առանձնակի ցավոտ է հայկական սփյուռքի պարագայում...

-Այսօր որոշ քաղաքական ուժեր սեփական շահադիտական նպատակներով փորձում են օգտագործել մեր ժողովրդի զգացմունքները: Եւ հայ- թուրքական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող արձանագրությունները նրանք դարձրել են, թող ներվի ասել, խաղալիք իրենց քաղաքական մտահղացումների համար: Թող զարմանալի չթվա, բայց Սփյուռքում ընդհանուր առմամբ այս հարցին  ավելի զուսպ են մոտենում,քան հայաստանյան որոշ քաղաքական ուժեր: Պետք է բոլորի համար պարզ լինի մեկ բան. Հայաստանի իշխանությունները չեն գնա այնպիսի քայլերի, որոնք դեմ կլինեն մեր երկրի, ժողովրդի , ազգի շահերին, որոնք  կոտնահարեն նրա պատմությունն ու զգացմունքները: Այսինքն` 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը որպես անհերքելի ճշմարտություն, քննարկման կամ կասկածի տակ առնվելու ենթակա չէ, սակարկության առարկա  չէ:

- Ի՞նչ կասեք հայ- լիբանանյան հարաբերությունների մասին` հաշվի առնելով նաեւ վերջին շրջանում  Լիբանան- Թուրքիա շփումների ակտիվացումը:

-  Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր հարաբերությունների շրջանակը` ելնելով իր քաղաքական ու տնտեսական շահերից: Եթե Հայաստանն ու Լիբանանը միջպետական հարաբերություններում որեւէ խնդիր չունեն, դա նշանակում է, որ մենք մեր հարաբերությունները չենք կառուցում երրորդ երկրների հետ հարաբերությունները նկատի ունենալով, այլ` ելնում ենք մեր փոխադարձ  անկեղծ  ու ամուր հիմքեր ունեցող բարեկամությունից եւ, ինչու չէ, նաեւ երկկողմանի շահերից:

 Բացի այդ. պատմությունը փաստում է, որ Միջերկրական ծովի մի ափին եւ ավելի խորքերում հայերի նկատմամբ ցեղասպանություն իրականացվեց, իսկ մյուս ափին` ի դեմս Լիբանանի, գրկաբաց ընդունեցին  եղեռնից մազապուրծ մեր հայրենակիցներին: Այն, որ Լիբանանի խորհրդարանը պաշտոնապես ճանաչել է հայոց ցեղասպանությունը, այն, որ լիբանանահայությունը   Լիբանանում իրեն զգում է ինչպես իր տանը, արդեն իսկ վկայում է այդ երկրի վերաբերմունքի մասին: Չմոռանանք, որ Լիբանանն արաբական աշխարհի այն պետությունն է, որի հետ Հայաստանն ունի Բարեկամության պայմանագիր:

-Լիբանանը համարվում է զարգացած ֆինանսաբանկային համակարգ ունեցող երկիր. միջազգային տնտեսական ճգնաժամի պայմաններում այդ երկրի բանկային կապիտալը հարյուրապատիկ մեծացել է: Համագործակցության ի՞նչ դաշտ եք տեսնում:

-Նախ նշեմ, որ Հայաստանում գործում է լիբանանյան կապիտալով շուրջ 50 ձեռնարկություն տարբեր ոլորտներում, այդ թվում` բանկային ոլորտում լիբանանյան կապիտալով երկու բանկեր:Հատկապես նշանակալի էր լիբանանյան ներդրումը Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում:

Տնտեսական հարաբերությունները խորացնելու առումով ցանկալի կլիներ նաեւ, որ հայ գործարարները ներդրումներ կատարեին Լիբանանում: Եւ այստեղ իր դերը կարող է ունենալ  հայ –լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը:

Տնտեսական ճգնաժամին դիմակայելու իմաստով հայաստանյան բանկերը բարձր դիմադրողականություն ցուցաբերեցին, եւ այսօրվա իրավիճակը ցույց է տալիս, որ նրանց հաշվեկշիռները բավականին առողջ են:  Այդուհանդերձ, Լիբանանի բանկային համակարգի փորձը, հատկապես տնտեսական ճգնաժամի պայմաններում ուժեղանալու իմաստով, ընդօրինակելի է Հայաստանի համար: Կարծում եմ` կարելի է նախաձեռնել հայ- լիբանանյան բանկային համաժողով, որը կարող է լավ հնարավորություն դառնալ փորձի փոխանակման, գործարար համագործակցության, ներդրումների ներգրավման տեսանկյունից:  Ի դեպ, ինչքան տեղյակ եմ` Լիբանանի Կենտրոնական բանկի փոխնախագահը մեր հայրենակիցն է:

Ընդհանրապես, մենք տնտեսական հարաբերությունները զարգացնելու մեծ պոտենցիալ ունենք եւ պետք է այդ ուղղությամբ աշխատենք:
 

«Ազգ» օրաթերթ,  հարցազրույցը` Մարիետա Խաչատրյանի
 


09.04.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով կմեկնի Լիբանան
Լիբանանի  Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բերրիի հրավերով ապրիլի 11-ի երեկոյան եռօրյա պաշտոնական այցով  Լիբանան կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար  Գեղամ Ղարիբջանյանը, պատգամավորներ Վահան Հովհաննիսյան...

09.04.2010
Խորհրդարանական լսումներ` Ազգային ժողովում
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 9-ին հրավիրել էր խորհրդարանական լսումներ` քննարկելու համար «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությո...