Տպել
12.04.2010
Շարունակվում են ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումները Լիբանանում
1 / 5

Ապրիլի 12-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահը առավոտյան հանդիպում ունեցավ Լիբանանի արտաքին գործերի եւ էմիգրանտների նախարար Ալի Շամիի հետ:

Լիբանանի արտգործնախարարը նշելով, որ հայերը մեծ դեր են կատարում Լիբանանի զարգացման գործում, հայտնեց, որ իրենք միշտ էլ ցանկանում են հարաբերություններ զարգացնել քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում: Եվ այդ գործում մեծ դեր ունեն կատարելու երկու երկրների դեսպանությունները:

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ նման այցերը նպաստում են երկու երկրների ու ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդմանը: Նա անհրաժեշտ համարեց հարաբերությունների ակտիվացումը նաեւ միջազգային կառույցներում: ՀՀ ԱԺ նախագահը առանձնակի կարեւորեց խորհրդարանական դիվանագիտության ակտիվացումը:

Անդրադարձ կատարվեց նաեւ հայ-թուրքական հարաբերություններին եւ ԼՂ հարցին: ՀՀ ԱԺ նախագահը վերստին հայտնեց Հայաստանի պատրաստակամությունը` առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Մինչդեռ վերջինս ձգձգում է Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների վավերացումը խորհրդարանի կողմից:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Նա շատ կարեւոր համարեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը: Ալի Շամիի խոսքերով` իրենք համաձայն են, որ հարցը կարգավորվի Մինսկի խմբի շրջանակներում:

Լիբանանցի նախարարի հետ հանդիպումից հետո ԱԺ նախագահը մեկնեց Բաաբդա, որտեղ Լիբանանի նախագահի նստավայրում հանդիպեց Լիբանանի նախագահ, գեներալ Միշել Սուլեյմանի հետ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Հովիկ Աբրահամյանն ընդգծեց երկկողմ ջերմ հարաբերությունները եւ եղբայրական վերաբերմունքը մեր հայրենակիցների նկատմամբ: Զրուցակիցներն անդրադարձան հայ-լիբանանյան երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին: Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին, Հովիկ Աբրահամյանը անընդունելի ու դատապարտելի համարեց, որ Թուրքիան դրանց վավերացումը կապում է ԼՂ խնդրի հետ: ՀՀ ԱԺ նախագահի խոսքերով` Հայաստանը ցանկանում է հարեւանների հետ ունենալ բարեկամական հարաբերություններ, բայց դրանք չեն կարող լինել մեր ժողովրդի արժանապատվության հաշվին:

Լիբանանի նախագահը ցանկալի համարեց հարեւանների հետ փոխհարաբերությունների կարգավորումը դիվանագիտական ճանապարհով: Նրա խոսքերով` Լիբանանը գիտակցում է այն ցավը, որին հանգեցնում են տեղահանություններն ու ցեղասպանությունները: Նա անընդունելի համարեց փոքր պետությունների կամ ազգերի իրավունքները խախտելը: Միշել Սլեյմանը կարեւորեց Հայաստանի ու Լիբանանի համագործակցությունը միջազգային կառույցներում` ի նպաստ Մերձավոր Արեւելքում խաղաղության եւ հայկական հարցի լուծման:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ պետք է պաշտպանվի յուրաքանչյուր ժողովրդի ինքնորոշման իրավունքը: ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ամենակարեւորը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքն է, ԼՂ ժողովրդի անվտանգությունը եւ ԼՂ կարգավիճակի հարցը` Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Մնացած հարցերում Հայաստանը կարող է գնալ փոխզիջումների:

ՀՀ ԱԺ նախագահը եւ Լիբանանի նախագահը կարեւորեցին նաեւ երկու երկրների կառավարությունների միջեւ կապերի ակտիվացումը: Մասնավորապես, նշվեցին առեւտրի եւ զբոսաշրջության ոլորտները:

Հայ-լիբանանյան տնտեսական հարաբերությունները ավելի հանգամանալից քննարկվեցին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հանդիպման ժամանակ: Հովիկ Աբրահամյանը անհրաժեշտ համարեց տնտեսական կապերի ընդլայնումը, նշելով, որ որպես խորհրդարանի նախագահ ամեն ինչ կանի դրանց զարգացման համար: Նա առաջարկեց Լիբանանի վարչապետի այս տարվա սեպտեմբերին Հայաստան այցի շրջանակներում անցկացնել հայ-լիբանանյան բիզնեսֆորում: Լիբանանի վարչապետը նշեց, որ Հայաստանի եւ Լիբանանի գործարարները շատ ակտիվ են, բայց պետք է նրանց կապել միմյանց: Քննարկվեց նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հարցը: Սաադ Հարիրին նշեց, որ դրանց բարելավման ուղղությամբ Հայաստանի կողմից կատարվող քայլերն ուղղված են տարածաշրջանում անվտանգություն եւ կայունություն ապահովելուն:

Վարչապետի հետ հանդիպումից հետո ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այցելեց Լիբանանի նախկին վարչապետ, նահատակ Ռաֆիկ Հարիրիի շիրիմին եւ ծաղկեպսակ դրեց:

Այնուհետեւ ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնեց պատմական Բաալբեկ, որտեղ նրանց դիմավորեց քաղաքապետը, ում հետ ՀՀ ԱԺ նախագահը կարճատեւ հանդիպում ունեցավ:

Ապրիլի 12-ի երեկոյան Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց հայաբնակ Այնջար բնակավայր: Նա ծաղկեպսակ դրեց մուսալեռցիների հիշատակին կանգնեցված հուշարձանին, ապա հանդիպում ունեցավ մեր հայրենակիցների հետ:


12.04.2010
Չինաստան-Հայաստան բարեկամական պատգամավորական խմբի պատվիրակությունը Ազգային ժողովում
Ապրիլի 11-ին պաշտոնական այցով Երեւանում գտնվող Չինաստան-Հայաստան բարեկամական պատգամավորական խմբի պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց ցեղասպանության հուշակոթողին եւ լռությամբ հարգեցին շուրջ մեկ...