Տպել
13.04.2010
Լիբանանահայերը կամուրջ են երկու երկրների միջեւ
1 / 7

Շարունակվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Լիբանան:

Լիբանան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 12-ին այցելեց Այնջար: Նա հայաստանցի առաջին բարձրաստիճան պաշտոնյան էր, որ հյուրընկալվում էր հայաբնակ այս բնակավայրում: Ազգային ժողովի նախագահին դիմավորելու եկած մեր հայրենակիցները ջերմորեն ողջունեցին նրան, Հովիկ Աբրահամյանը կարճատեւ զրույց ունեցավ նրանց հետ, եւ, ինչպես նշեց «Գալուստ Գյուլբենկյան» սրահում հանդիպման ժամանակ, չափազանց տպավորված էր այդ ջերմությունից: ՀՀ Ազգային ժողովի նախագահն ասաց, որ այդպիսի ջերմություն նա զգացել է իր ողջ այցի եւ այդ ընթացքում ունեցած հանդիպումների ժամանակ: Նա նշեց, որ նաեւ մեր հայրենակիցների օրինապաշտ կեցվածքի շնորհիվ է, որ նման վերաբերմունք է ցուցաբերվում:

Մուսալեռցիների հիշատակին կանգնեցված հուշարձանին ծաղկեպսակ դնելուց հետո Հովիկ Աբրահամյանը հանդիպում ունեցավ այնջարցիների հետ: Վերջիններիս անունից Այնջարի քաղաքապետը հուշանվեր հանձնեց Ազգային ժողովի նախագահին, ով իր հերթին` որպես հիշատակ, այնջարցիներին նվիրեց հայոց այբուբենի տառերը պատկերող հուշանվեր` պատգամելով պահել ու պահպանել մայրենի լեզուն: Նա տեղեկացրեց, որ նաեւ գրքեր է բերել հայկական դպրոցների համար:

Հայաստան վերադառնալուց հետո ՀՀ Ազգային ժողովի նախագահը մտադիր է Այնջարի համար Հայաստանում քույր քաղաք «գտնել»:

Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին եւ ԼՂ հակամարտությանը` ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումները, ինչպես նաեւ սոցիալ-տնտեսական հարցերի:

ՀՀ Ազգային ժողովի նախագահն այցելեց նաեւ Այնջարի Սուրբ Պողոս եկեղեցի:

Ապրիլի 13-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մեկնեց Անթիլիաս, որտեղ ծաղկեպսակ դրեց ցեղասպանության զոհերի հիշատակի մատուռի առջեւ:

Ազգային ժողովի նախագահի լիբանանյան հաջորդ հանդիպումը Մերձավոր Արեւելքի Հայ ավետարանական եկեղեցիների միության նախագահ վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանի հետ էր:

Հովիկ Աբրահամյանը հանդիպում ունեցավ նաեւ կաթողիկոս պատրիարք Մեծի տանն Կիլիկիո հայոց ամենապատիվ եւ գերերջանիկ Տ.Տ. Ներսես Պետրոս ԺԹ-ի հետ: Վերջին հանդիպումներում եւս ԱԺ նախագահն անդրադարձավ  Հայաստան-սփյուռք կապերին, հայ-թուրքական հարաբերություններին եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերին:

Երեկոյան ՀՀ Ազգային ժողովի նախագահը Հայաստանի դեսպանությունում հանդիպում ունեցավ քաղաքական կուսակցությունների եւ համայնքային կառույցների ղեկավարների հետ: Այնուհետեւ Լիբանանում ՀՀ դեսպանությունում կազմակերպվեց ընդունելություն, որին մասնակցում էին նաեւ Լիբանանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ: