Տպել
22.04.2010
ՀՀ Ազգային ժողովում քաղաքական կոալիցիա կազմած կուսակցությունների քաղաքական խորհուրդների համատեղ հայտարարությունը

Վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ Նախագահը ՀՀ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության աջակցությամբ հետեւողական քայլեր իրականացրեց առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ու զարգացման ուղղությամբ: Այդ գործընթացին իրենց ակտիվ ավանդը բերեցին ԱՄՆ-ը, Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան, Շվեյցարիան: Աշխարհի բազմաթիվ երկրներ դրականորեն արձագանքեցին այդ նախաձեռնությանը` ընդգծելով դրա բացառիկ կարեւորությունը տարածաշրջանային կայունության հաստատման  ու առկա հիմնախնդիրները քաղաքակիրթ երկխոսությամբ լուծելու  հարցում:

Հայկական կողմի կառուցողական ջանքերը եւ միջազգային հանրության ակնկալիքները շարունակաբար բախվեցին թուրքական կողմի անհետեւողական, խուսափողական դիրքորոշումներին, շարունակական նախապայմանների առաջադրման քաղաքականությանը, որը փակուղի մտցրեց 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների խելամիտ ժամկետներում վավերացման գործընթացը:

ՀՀ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունն անընդունելի է համարում թուրքական կողմի, մասնավորապես` վարչապետ Էրդողանի վերջին օրերի հայտարարությունները, որոնցով կրկին հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը Թուրքիայի խորհրդարանի կողմից անմիջական կախվածության մեջ է դնում Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան հակամարտության կարգավորումից: Միաժամանակ, նկատի ունենալով, որ թուրքական կողմի հրաժարումն առանց նախապայմանների խելամիտ ժամկետներում արձանագրությունները վավերացնելու պարտավորություններից իմաստազրկում է այս փուլում դրանց վավերացման գործընթացի հետագա շարունակումը ՀՀ Ազգային ժողովում, անհրաժեշտ է համարում այդ գործընթացի առկախումը, եւ որպես ըստ անհրաժեշտության քննարկվող հարցի` դրանց քննարկումն Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգերից հանելը` մինչեւ թուրքական կողմը պատրաստ կլինի առանց նախապայմանների գործընթացի հետագա շարունակման:
 

                    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

                    ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

                    ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ