Տպել
28.04.2010
Խորհրդարանն ընդունեց մի շարք օրինագծեր
1 / 7

Ազգային ժողովն ապրիլի 28-ի նիստը սկսեց քվեարկություններով` ընդունելով նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները  եւ միջազգային պայմանագրերը: «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում այս անգամ ԱԺ նիստերին մասնակցում էին Լոռու մարզի դպրոցների  բարձր դասարանցիները եւ նրանց ուսուցիչները:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Ստեփան Ասլանյանից ստացել է դիմում` պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:

Այնուհետեւ խորհրդարանն անցավ օրակարգային հարցերի քննարկմանը: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը  պատգամավորներին առաջարկեց երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» նախագիծը:  Փաստաթղթի վերաբերյալ առաջարկներ չեն եղել:

Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը օրենսդիրներին ներկայացրեց «Իրավական ակտերի մասին» եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքներում լրացումներ նախատեսող` իր հեղինակած փաթեթը: Հեղինակն առաջարկում է օրենքները լիարժեքորեն կիրարկելու նպատակով օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնելիս կից տեղեկանքում որոշ  տեղեկություններ նշել, մասնավորապես` տեղեկացնել այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտության, ժամկետների, չընդունելու իրավական հետեւանքների մասին:  Հեղինակի խոսքերով` գործնականում հաճախ են դեպքերը, երբ օրենքի կիրարկումն ապահովող կառավարության որոշումները եւ այլ իրավական ակտերը չեն ընդունվում կամ էլ ընդունվում են բավական ուշացումով: Ողջունելով  նշված փաստաթղթերի ընդունումը օրենսդրորեն ամրագրելու մոտեցումը` պատգամավորները առաջարկներ  ներկայացրին հստակ ժամկետներ սահմանելու վերաբերյալ: Մասնավորապես հիմնավորումներ հնչեցին իրավական ակտերի ընդունման ժամկետների իմպերատիվ, եւ ոչ հայեցողական պահանջ սահմանելու անհրաժեշտության մասին: Եզրափակիչ ելույթում Սամվել Նիկոյանը պատրաստակամություն հայտնեց քննարկել առաջարկները: Փաթեթի վերաբերյալ արտահերթ ելույթում ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը եւս ողջունեց առաջարկվող լրացումը` այն կարեւոր համարելով օրենքի լիարժեք գործողությունն ապահովելու տեսանկյունից: Տկն Պետրոսյանը միաժամանակ տեսակետ հայտնեց, որ անկախացումից ի վեր բավականին ժամանակ է անցել, եւ արդեն պահն է, որ օրենսդրական գործունեության համակարգված` հայեցակարգային մոտեցում ունենանք: Նա նաեւ կարեւորեց  օրենսդիր եւ գործադիր մարմինների փոխհամաձայնեցրած    օրենսդրական քաղաքականությունը: Հարցի վերաբերյալ գլխադասային` պետական-իրավական հարցերի հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: Հանձնաժողովի փոխնախագահ Արտյուշ Շահբազյանը, որպես օրինակ, նշեց անհրաժեշտ կարգերն  ուշացումով ընդունելու պատճառով երկքաղաքացիության մասին օրենքի կիրառման ձգձգումը:

Պատգամավորներին առաջարկվեց երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել «Ապրանքային նշանների մասին» եւ հարակից երեք նախագծերի փաթեթը, երկրորդ ընթերցմամբ` «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թթ. ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու կառավարության նախաձեռնությունը:

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի նախագիծը` համապատասխան օրենսդրական փոփոխություններով, քննարկման ներկայացրեց ԿԲ նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը` երկրորդ ընթերցման ընթացակարգով: Փաթեթի վերաբերյալ պատգամավորներից ստացվել է շուրջ 40 առաջարկ, որոնց գերակշիռ մասն ընդունվել է  եւ համապատասխան ձեւակերպում գտել:   Հիմնական   զեկուցողի գնահատմամբ` փաթեթն էականորեն բարելավվել է: Մասնավորապես մեծացել է ապահովագրական գործընթացների թափանցիկությունը, բացառվել խտրական վերաբերմունքը ապահովադիրների նկատմամբ, ինչպես նաեւ բացի ապահովագրավճարից այլ վճար գանձելու  հնարավորությունը:  Լրամշակված նախագծով  ԿԲ-ն եւ ապահովագրական ընկերությունների բյուրոն ստուգելու են ապահովագրական պայմանագրերը, վերահսկելու ծախսերը: Ընկերությունների համար սահմանվել է պահանջ` իրենց ինտերնետային կայքերում քաղաքացիներին հասանելի հաշվիչներ տեղադրելու մասին: Ընդունվել  է բյուրոյի ղեկավար մարմնի` խորհրդի ձեւավորման ռոտացիոն սկզբունք`  հավասար պայմաններ ստեղծելու նպատակով: Նշենք, որ անձնական վնասի դեպքում նախատեսվում է առնվազն 3 մլն դրամ, իսկ գույքային վնասի դեպքում` 1,5 մլն դրամ փոխհատուցում:  Կառավարությունը նախատեսում է պարտադիր ապահովագրության այս տեսակը կիրառել 2011 թվականից:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը ներկայացրեց «Հաշմանդամություն ունեցող  անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան (կից առարկությամբ):   Կոնվենցիային միանալու վերաբերյալ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դրական եզրակացությունը խորհրդարանականներին փոխանցեց Շիրակ Թորոսյանը:

Չորեքշաբթի օրվա վերջին նիստում, Ազգային ժողովի կանոնակարգի սահմանած կարգով, պատգամավորները հարցեր ուղղեցին կառավարության անդամներին:

Ազգային ժողովի քառօրյան կշարունակվի ապրիլի 29-ին:


28.04.2010
Խորհրդարանի հարկի տակ Լոռու մարզի դպրոցականներն էին
Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում շարունակվում են Երեւանի եւ մարզերի դպրոցների բարձր դասարանցիների այցերը խորհրդարան: Ապրիլի 28-ին բաց դասն ունկնդրելու եւ օրենսդիր մարմնի աշխատանքներին ծանոթանալու համար Ազգային ժողովի դռները բացվել էին Լոռու մարզի տարբեր դպրոցների աշակերտների համար, ովքեր...