Տպել
30.04.2010
Հանդիպում Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանի հետ
1 / 1

Ապրիլի 30-ին Ազգային ժողովի փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պետրի Սալոյին:

Հանդիպմանը ներկա էր նաեւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Գագիկ Մինասյանը եւ Ֆինլանդիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանը:

Ողջունելով հյուրին` տկն Պետրոսյանը տեղեկացրեց, որ ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը մեծ տպավորություններով է վերադարձել Ֆինլանդիայից, ուր ս.թ մարտի 1-5 կատարած այցի ընթացքում գենդերային խնդիրներից բացի` քննարկվել են միջխորհրդարանական ու միջպետական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:

Դեսպան Պետրի Սալոյը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար` հույս հայտնելով, որ Ֆինլանդիայի խորհրդարանում շուտով կվերակազմավորվի Ֆինլանդիա-Հայաստան բարեկամության խումբը եւ միջխորհրդարանական համագործակցությանն ուղղված քայլերը ավելի ակտիվ բնույթ կստանան:

Դեսպանի խնդրանքով ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Գագիկ Մինասյանը, ով նաեւ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավարն է, տեղեկություն հաղորդեց վեհաժողովում կատարվող աշխատանքների մասին: Անդրադարձ եղավ  Բալթիկ ծովի հարակից երկրների համանման կազմակերպության եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի  համագործակցության հնարավորություններին:

Հանդիպմանը քննարկվեցին նաեւ երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, միջազգային կազմակերպություններում Հայաստանի եւ Ֆինլանդիայի համագործակցությանը, ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն առնչվող հարցեր: