Տպել
25.06.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Քուվեյթի Պետության ֆինանսների նախարարին
1 / 1

Հունիսի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Քուվեյթի Պետության ֆինանսների նախարար Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալիի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին եւ կարեւորելով  հայ-քուվեյթական  հարաբերությունների զարգացումը` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վերահաստատեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2009թ. նոյեմբերին Քուվեյթ կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները իրականացնելու  Հայաստանի    պատրաստակամությունը: Նա վստահություն հայտնեց, որ  նախարարի  այցը Հայաստան նոր հնարավորություններ կբացի երկկողմ համագործակցության զարգացման համար եւ ողջունեց «Ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության» համաձայնագրի ստորագրումը, որը կխթանի քուվեյթյան կապիտալի մուտքը եւ բարենպաստ պայմաններ կստեղծի երկու երկրների գործարարների համար տնտեսության ոլորտներում ներդրումներ կատարելու առումով: Այս համատեքստում Հովիկ Աբրահամյանը կարեւորեց բիզնես ֆորումների անցկացումը, գործարարների շփումները: Անդրադառնալով միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությանը, ինչը կնպաստի նաեւ բոլոր բնագավառներում փոխգործակցության ակտիվացմանը, ԱԺ նախագահը նշեց, որ  երկու խորհրդարանների միջեւ ստորագրված է համագործակցության համաձայնագիր, որը լավ հնարավորություն է խորհրդարանական համագործակցությունը խորացնելու համար:  Երկու երկրների խորհրդարաններում գործում են պատգամավորական բարեկամության խմբեր: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց համագործակցությունը միջազգային կառույցներում, ինչպես նաեւ պատվիրակությունների փոխայցերը, որոնք հնարավորություն են տալիս տեղում ծանոթանալ միմյանց խնդիրներին ու հնարավորություններին:

Շնորհակալություն հայտնելով ԱԺ նախագահին  ընդունելության համար եւ փոխանցելով Քուվեյթի խորհրդարանի նախագահի ջերմ ողջույնները` Քուվեյթի ֆինանսների նախարարը բարձր գնահատեց  երկու երկրների փոխգործակցության զարգացումը: Նախարարի համոզմամբ միջխորհրդարանական համագործակցության խորացումը էապես կնպաստի եւ կխթանի բոլոր ուղղություններով երկկողմ կապերի ակտիվացմանը: Նրա խոսքով  երկու երկրների քաղաքական դիրքորոշումները համընկնում են. երկու երկրներն էլ ձգտում են խաղաղության ու կայունության հաստատման ու ամրապնդման: Պարոն Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալին նշեց, որ Քուվեյթը շահագրգիռ է Հայաստանի հետ զարգացնել առեւտրատնտեսական ու գիտամշակութային կապերը:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորություններին, ղարաբաղյան հիմնախնդրին` համոզմունք հայտնելով, որ 21-րդ դարում հակամարտությունների խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորումը այլընտրանք չունի եւ ուժի կիրառումը ու ռազմատենչ հայտարարությունները չեն կարող նպաստել  հիմնախնդիրների լուծմանը: