Տպել
09.09.2010
Լրագրողները ծանոթացան ԱԺ նիստերի դահլիճի վերանորոգման ընթացքին
1 / 3

Սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճի վերանորոգման աշխատանքներին ծանոթացան  խորհրդարանում հավատարմագրված լրագրողները: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի, ճարտարապետներ Նարեկ Սարգսյանի  եւ Անահիտ Թարխանյանի ուղեկցությամբ հերթական անգամ հետեւում էր վերանորոգման ընթացքին:

ԱԺ նիստերի դահլիճի վերանորոգման աշխատանքները ավարտին կհասցվեն սեպտեմբերի 25-ին: Օրենքների քննարկումն ու ընդունումը տեղի կունենա ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած, գեղեցիկ նիստերի դահլիճում, որտեղ ստեղծված են բոլոր հնարավորությունները նաեւ լրագրողների աշխատանքի համար: Ընդհանուր առմամբ, աշխատանքների իրականացման վրա ծախսվել է 480 մլն դրամ, աշխատանքներն արդեն պետք է ավարտված լինեին, սակայն տեխնիկական միջոցները մի փոքր ուշանում են: Դահլիճի հետ միասին ժամանակակից եւ բարեկարգ տեսք կստանա նաեւ դահլիճի շրջակա տարածքը: Երկու օթյակ կառուցվել է հատուկ լրագրողների համար: Դրանց դիմաց կլինեն երկու սենյակներ լրագրողների եւ մեկ սենյակ` հեռուստաօպերատորների համար: Լրագրողների համար նախատեսված սենյակներում մոնիտորներ կլինեն, որպեսզի լրագրողները չկտրվեն նիստից, իսկ օթյակներից կկարողանան ամբողջական պատկերը տեսնել: Մինչ դահլիճի վերանորոգման ավարտը, ԱԺ առաջին քառօրյան տեղի կունենա Մելիք-Ադամյան 1 հասցեում: ՀՀ ԱԺ նախագահը լրագրողներին տեղեկացրեց, որ գոհ է կատարված աշխատանքից եւ խոստացավ, որ ամեն ինչ կարվի, որպեսզի նրանց շփումը պատգամավորների հետ ավելի հեշտ լինի:

Հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցին ի պատասխան` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ դրական է վերաբերում այդ երկրի հետ ցանկացած սերտացման. «Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները ավելի ամրապնդենք»:

ԱԺ նախագահը պատասխանեց նաեւ լրագրողներին հուզող մի շարք հարցերի, որոնք հիմնականում վերաբերում էին այս կամ այն լրատվամիջոցներում նրան առնչվող հրապարակումներին, ասեկոսեներին:

Հաջորդ գումարման ԱԺ-ում Արթուր Բաղդասարյանի խորհրդարանի նախագահ դառնալու հարցին ի պատասխան` Հովիկ Աբրահամյանն ասաց, որ 2007թ.-ի խորհրդարանական ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է քվեների մեծամասնությունը, ինչի արդյունքում որոշվել է, որ Տիգրան Թորոսյանը ղեկավարի ԱԺ-ն, այնուհետեւ ընտրվել է ինքը` Հովիկ Աբրահամյանը: «Համոզված եմ, որ 2012 թ. Հանրապետական կուսակցությունը կունենա ձայների մեծամասնություն, իսկ թե ով կդառնա խորհրդարանի նախագահ, կորոշի կուսակցությունը եւ կուսակցության նախագահը»:

Հաջորդ հարցը վերաբերում էր այն լուրերին, թե «հարկային մարմինները ստուգումներ են անցկացնում իբր Հովիկ Աբրահամյանին պատկանող ձեռնարկություններում»: ԱԺ նախագահը պատասխանեց, որ դրանք հերյուրանքներ են, քանի որ ինքը այդպիսի ձեռնարկություններ չունի եւ իր մտերիմներին մշտապես հորդորում է արդար աշխատել, այդ դեպքում ոչ հարկայինից, ոչ էլ ստուգող մարմիններից պետք չէ վախենալ:

Հովիկ Աբրահամյանը հերքեց նաեւ այն խոսակցությունները, թե ինքը իբր ձեռք է բերել Նալբանդյան փողոցի վրա գտնվող ոստիկանության մանկապարտեզը եւ դրա տեղում պատրաստվում է կառուցել էլիտար շենք: «Ես ընդհանրապես Երեւան քաղաքում ոչ մի էլիտար շենքի կառուցմանն ոչ մասնակցել եմ մինչեւ այսօր, ոչ էլ նման ծրագիր կա, որ պետք է մասնակցեմ: Ուղղակի հերյուրանք է, եւ ես ուզում եմ որակել դա որպես պատվեր»: ԱԺ-ի նախագահն այս կապացությամբ հայտնեց, որ վատ բան չի տեսնում, եթե որեւէ մեկը շենք կառուցի, սակայն այլ հարց է, թե ինչու են «իրական տերերը փորձում խուսափել իրենց ականջները ցույց տալուց»: Հովիկ Աբրահամյանի կարծիքով, «պատկան մարմինները լիովին տիրապետում են, թե դրա հեղինակներն ովքեր են»: Բացի այդ, ըստ նրա, կառավարության որոշման մեջ շատ հստակ երեւում է: