Տպել
22.09.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական տարածաշրջանների ասամբլեայի (ԵՏԱ) պատվիրակությանը
1 / 1

Սեպտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց    Եվրոպական տարածաշրջանների ասամբլեայի (ԵՏԱ)    պատվիրակությանը` ասամբլեայի նախագահ, Իլ դե Ֆրանս ռեգիոնի փոխնախագահ Միշել Սաբբանի      գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Եվրոպական տարածաշրջանների ասամբլեայի     գլխավոր քարտուղար Կլաուս Կլիպը եւ ԵԽ ԽՎ անդամ, Ֆրանսիայի Ազգային ժողովի  հայ –ֆրանսիական բարեկամական խմբի փոխնախագահ Ռենե Ռոուքեն:

Ողջունելով հյուրերին`    Ազգային ժողովի նախագահը գոհունակությամբ փաստեց  Հայաստանի ու Ֆրանսիայի միջեւ բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը եւ պատրաստակամություն հայտնեց նպաստել դրանց ամրապնդմանը բոլոր բնագավառներում:

Եվրոպական տարածաշրջանների ասամբլեային անդամակցում են եվրոպական 33 երկրների 270 շրջաններ /կամ մարզեր/ եւ 16 միջռեգիոնալ կազմակերպություններ: Ասամբլեայի     նախագահ Միշել Սաբբանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար`  նշեց, որ շրջանների միջեւ  փորձի,  կարծիքների փոխանակումը նպաստում են  ժողովուրդների փոխըմբռմանը եւ մերձեցմանը: Նա հույս հայտնեց, որ արդեն այս տարվա նոյեմբերին` Ստամբուլում կայանալիք վեհաժողովի ժամանակ  Հայաստանի համայնքները ես կանդամակցեն իրենց կազմակերպությանը:  Միշել Սաբբանի խոսքերով` իրեն հայտնի է, որ Ազգային ժողովի նախագահը լավատեղյակ է մարզերի ու տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքին ու գործունեությանը, քանի որ երկար տարիներ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում համակարգել է նրանց աշխատանքը:

Հովիկ Աբրահամյանը կարեւոր համարեց տեղական ինքնակառավարման մարմինների ու տարածաշրջանների համագործակցության գաղափարը եւ  բարձր գնահատեց Եվրոպական տարածաշրջանների ասամբլեայի գործունեությունը ու Հայաստանի համայնքների անդամակցությունը  այդ կազմակերպությանը, ինչը կնպաստի ՏԻՄ-երի կառույցի ամրապնդմանը, միջհամայնքային եւ միջշրջանային համագործակցությանն ու առկա խնդիրների համատեղ լուծմանը: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը կարեւոր համարեց ՏԻՄ-երին լայն լիազորություններով օժտելը եւ համայնքների ուժեղացումը:

ՀՀ Ազգային ժողովի նախագահն առաջարկեց ԵՏԱ-ի շրջանակներում Հայաստանում անցկացնել կովկասյան տարածաշրջանի երկրների համայնքների կոնֆերանս: