Տպել
29.09.2010
Հանդիպում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 1

Սեպտեմբերի 29-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն ընդունեց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներ Կորյուն Առաքելյանին, Հայկ Քոթանյանին, Արամ Մելքոնյանին եւ Արմեն Մկրտչյանին:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան ՀՀ Նախագահի առաջարկությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ստեղծված աշխատանքային խմբի գործունեությանը, որի կազմում պետք է ներկայացվի նաեւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը: Աշխատանքային խումբը պետք է առաջարկներ ներկայացնի «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագծի վերաբերյալ: Երկուստեք կարեւորվեց վերոնշյալ խմբի գործունեությունը` օրենքը առավել բարեփոխելու եւ կատարելագործելու տեսանկյունից: ՀՌԱՀ անդամները բարձրաձայնեցին աշխատանքային եւ շենքային վատթար պայմանների հարցը, ինչը խոչընդոտում է հանձնաժողովի արդյունավետ գործունեությանը: Նշվեց, որ եթե մինչ հեռուստատեսային կապուղու մրցույթի անցկացումը հանձնաժողովի աշխատանքային եւ շենքային պայմանները չբարելավվեն, ապա նրանք ստիպված պետք է լինեն դիմելու որեւէ կազմակերպության` տարածք տրամադրելու խնդրով: Հանձնաժողովի անդամները առաջարկեցին նաեւ հեռուստաընկերություններին ներկայացվող չափորոշիչները սահմանել օրենքով:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը խոստացավ այցելել, տեղում ծանոթանալ ՀՌԱՀ աշխատանքային պայմաններին: Նրա կարծիքով` նմանատիպ հանդիպումները ավելի պարբերական բնույթ պետք է կրեն: Հանդիպման ավարտին պարոն Դավթյանը նշեց, որ ներկայացված առաջարկները կներկայացնի ԱԺ նախագահին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր եւս: