Տպել
13.10.2010
Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Հունաստանի Հանրապետություն
1 / 3

Աթենքում հոկտեմբերի 12-ին եւ 13-ին շարունակվեցին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության հանդիպումները Հունաստանի խորհրդարանում:

Հայաստանի խորհրդարանի անդամները հանդիպեցին  Հունաստանի խորհրդարանի փոխնախագահ տիկին Ռոդուլա Զիսիի, Եվրոպական հարցերի  եւ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների, Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ:

Ողջունելով ներկաներին` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ  Հայաստանի համար Հունաստանը ավանդական բարեկամ երկիր է, որի հետ Հայաստանը կապված է պատմական եւ մշակութային առնչություններով, կրոնական եւ հոգեւոր, այդ թվում ազգային հատկանիշների ընդհանրություններով: Մեր երկրների միջեւ ձեւավորվել է քաղաքական երկխոսության, ինչպես նաեւ միջխորհրդարանական համագործակցության բարձր մակարդակ: ԱԺ նախագահի խոսքով` հայ-հունական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը արդյունք է վերջին տարիներին կյանքի կոչված բազմաթիվ ծրագրերի, ձեւավորված իրավապայմանագրային դաշտի, բարձր մակարդակի փոխայցելությունների: Դինամիկ զարգանում է համագործակցությունը հատկապես կրթական, մշակութային, ռազմական բնագավառներում: Ի տարբերություն քաղաքական շփումների ակտիվ զարգացմանը, առեւտրատնտեսական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն: Հովիկ Աբրահամյանի խոսքով` Հայաստանի համար առանձնակի նշանակություն ունի տնտեսության տարբեր բնագավառներում Հունաստանի հետ համագործակցության առավել խթանումն ու ընդլայնումը: Այս ոլորտում մեծ դերակատարություն է վերապահված Հայաստանի եւ Հունաստանի միջեւ համագործակցության միջկառավարական հանձնաժողովին: Նա ափսոսանք հայտնեց, որ հայ-հունական միջկառավարական հանձնաժողովը նիստ չի գումարել 2006 թ-ից ի վեր:  ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ ՀՀ Նախագահի 2011 թ. հունվարին ծրագրված պաշտոնական այցը  Հունաստան կնպաստի քաղաքական երկխոսության ակտիվացմանը  եւ տնտեսական կապերի զարգացմանը:

ՀՀ ԱԺ նախագահը շեշտեց, որ Հայաստանի քաղաքական առաջնահերթություններից է եվրոպական ընտանիքին ինտեգրվելը: Նշվեց, որ հուլիսի 19-ին Երեւանում մեկնարկեցին «Ասոցացման համաձայնագրի» բանակցությունները: Աշխատանքներ են տարվում «Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի մասին» համաձայնագրի նախապատրաստման ուղղությամբ: Հայաստանի եւ ԵՄ անդամ երկրների ու խորհրդարանների հետ հարաբերությունների զարգացմանը նպաստում է ԵՄ տարածաշրջանային նախաձեռնությունների շրջանակներում համագործակցությունը:

ԱԺ նախագահը կարեւորեց նաեւ տարբեր միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններում, մասնավորապես, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի եւ ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում երկու երկրների խորհրդարանների սերտ համագործակցությունն ու փոխադարձ աջակցությունը: Նա հույս հայտնեց, որ  այցը կխթանի եւ նոր ազդակ կհանդիսանա պատգամավորական խմբերի գործունեության, հանձնաժողովների մակարդակով փոխգործակցության եւ երկկողմ այցերի աշխուժացման համար:

Հունաստանի խորհրդարանի փոխնախագահ տիկին Ռոդուլա Զիսին ողջունելով իր հայ գործընկերներին` նշեց, որ երկու ժողովուրդների ավանդական բարեկամությունը ամուր հիմք է հանդիսանում քաղաքական, առեւտրատնտեսական, գիտամշակութային համագործակցությունը զարգացնելու եւ ամրապնդելու համար: Նա նույնպես անդրադարձավ հայ եւ հույն ժողովուրդների ընդհանուր ճակատագրին եւ պատմական ընդհանրություններին, նշելով, որ երկու ժողովուրդներն էլ  ստիպված են եղել լքել պատմական հայրենիքը եւ լավ գիտեն, թե ինչ է սփյուռքը: Ամեն տարի ապրիլի 24-ին հույները հայերի հետ միասին նշում են Հայոց ցեղասպանության տարելիցը եւ հարգում անմեղ զոհերի հիշատակը:

Տիկին Զիսին նույնպես կարեւորեց միջխորհրդարանական կապերի աշխուժացման անհրաժեշտությունը` նշելով, որ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Հունաստան մեծապես կնպաստի փոխգործակցության խորացմանը:

Ծավալվեց ակտիվ քննարկում հայ-հունական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հեռանկարների, հայ-թուրքական հարաբերությունների, ղարաբաղյան հակամարտության կարգավորման  եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: Ազգային ժողովի պատգամավորներ  Էդուարդ Շարմազանովը, Գոհարիկ Ենոքյանը, Ռուզան Առաքելյանը, Հովհաննես Մարգարյանը հույն գործընկերներին ներկայացրեցին իրենց դիրքորոշումները արծարծվող հարցերի վերաբերյալ: Նրանք ընդգծեցին Հունաստանի հետ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման անհրաժեշտությունը եւ  կապերի ակտիվացման  համատեքստում կարեւորեցին երկկողմ շփումները: Ընդգծվեց միջազգային կառույցներում փոխգործակցության կարեւորությունը եւ աջակցությունը: Երկուստեք շեշտվեց, որ որպես խորհրդարանականներ կանեն ամեն ինչ, որ երկկողմ կապերը առավել զարգանան եւ ամրապնդվեն:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Հունաստանի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ղեկավարների հետ : Հաջորդաբար հանդիպումներ կայացան «Ձախ արմատական կոալիցիա» խմբի նախագահ Ալեքսիս Ցիպրասի, «Նոր ժողովրդավարություն» խմբակցության նախագահ Անտոնիս Սամարասի, «Հունաստանի Կոմունիստական կուսակցություն» խմբակցության ղեկավար  տիկին Ալեգա Պապարիգայի եւ  «Ազգային ուղղափառ միավորում» խմբի նախագահ Գեորգիոս Կարանցաֆերիսի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ եղավ հայ-թուրքական հարաբերություններին եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Հայ եւ հույն պատգամավորները կարեւորեցին միջխորհրդարանական համագործակցության ակտիվացումը եւ փոխգործակցությունը միջազգային տարբեր կառույցներում եւ շեշտեցին, որ կարող են ապավինել միմյանց  աջակցությանը երկու երկրների համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերում:

Հոկտեմբերի 13-ին Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց ԵԱՀԿ  Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էվթիմիուի հետ:

ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ պարոն Էվթիմիուի պաշտոնավարման    ընթացքում Հայաստանի  Ազգային  ժողովի եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի միջեւ հաստատված ջերմ համագործակցությունը կշարունակվի զարգանալ եւ կդառնա էլ ավելի արդյունավետ: Նա բարձր գնահատեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դերը միջխորհրդարանական երկխոսության զարգացման գործում`  համոզմունք հայտնելով, որ խորհրդարանական դիվանագիտությունը կարեւոր դեր է ստանձնել միջազգային հարաբերություններում: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ, ինչպես նաեւ կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Նա նշեց, որ ՀՀ Ազգային ժողովը կարեւորում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ արդյունավետ համագործակցությունը եւ  գոհունակությամբ փաստեց, որ այն լավ հիմքերի վրա է դրված, ինչը տարիների ընթացքում տվել է իր դրական արդյունքները:

Հովիկ Աբրահամյանը կարեւորեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը մշտապես ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ուշադրության կենտրոնում պահելու փաստը եւ այս համատեքստում ընդգծեց   ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի միակ եւ գործուն ձեւաչափ: Հայաստանը հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով եւ կարեւորում է վստահության մթնոլորտի հաստատումը` բանակցությունները կառուցողական ուղով շարունակելու համար:

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էվթիմիուն կարեւորեց ՀՀ ԱԺ նախագահի այցը Հունաստան` նշելով, որ երկու ժողովուրդների դարերից եկող բարեկամությունը այժմ էլ խորանում եւ ամրապնդվում է, ինչին մեծապես նպաստում են երկու երկրների համայնքները: Նա բարձր գնահատեց ԵԱՀԿ ԽՎ -ի եւ Հայաստանի խորհրդարանի համագործակցությունը:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը` պարոն Էվթիմիուն  շեշտեց, որ հարցի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի: Նա նշեց, որ  հակամարտության կարգավորման ամենագործուն  ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը աջակցում է Մինսկի խմբի գործունեությանը: Ըստ ԵԱՀԿ ԽՎ նախագահի` հարցը չի կարելի տեղափոխվել այլ կառույց:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: Պարոն Աբրահամյանը ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահին հրավիրեց Հայաստան, հրավերը սիրով ընդունվեց:

Հոկտեմբերի 13-ի երեկոյան ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց հունահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումից հետո ԱԺ նախագահը մասնակցեց ՀՀ անկախության 19-րդ տարեդարձին նվիրված ընդունելությանը եւ հանդես եկավ ելույթով: Հովիկ Աբրահամյանի հրավերով ընդունելությանը  ներկա էին  նաեւ Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Պետսալնիկոսը  եւ ԵԱՀԿ  Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էվթիմիուն:

Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը Հունաստանից կմեկնի Կիպրոս:


13.05.2024
Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության պատվիրակությունն այցելել է խորհրդարան
Մենք կարեւորում ենք Հայաստանի եւ Նեպալի միջեւ հարաբերությունների զարգացումը: Երկու երկրներն էլ ունեն բավականին հետաքրքիր նմանություններ եւ առկա է տարբեր բնագավառներում երկկողմ ներուժն առավել ակտիվ իրացնելու անհրաժեշտություն.  ողջունելով Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության պատվիրակութ...

13.05.2024
«Հիշողության գնացք» ծրագրին կմասնակցի 15 հայ աշակերտ
Արդեն երեք տարի է՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի եւ Բելառուսի Ազգային ժողովի նախաձեռնությամբ իրականացվում է «Հիշողության գնացք» կրթամշակութային ծրագիրը, որին արդեն երկրորդ անգամ մասնակցում է նաեւ Հայաստանը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ալեքսեյ Սանդիկովը նշել է, որ նախորդ տ...

13.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի եւ առեւտրի նախարար Իեն Բորջին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 13-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի եւ առեւտրի նախարար Իեն Բորջի գլխավորած պատվիրակությանը: Շնորհավորելով ԵԱՀԿ նախագահության ստանձնման կապակցությամբ` Ալեն Սիմոնյանն Իեն Բորջին մաղթել է արդյունավետ աշխատանք, ընդգծել, որ ...

13.05.2024
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Բրատիսլավայում է
Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի փոխնախագահ Լուբոշ Բլահայի հրավերով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Բրատիսլավայում: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հասմիկ Հակոբյանն ու Թագուհի Ղազարյանը: Մայիսի 13-ին պատվ...

13.05.2024
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 13-ին ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին: Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ Ալեն Սիմոնյանը Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին մաղթել է հաջողություն ստանձնած բարձր առաքելության իրականացման գոր...

13.05.2024
Քննարկվել է ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը
2023 թվականին ընթացող աշխարհաքաղաքական զարգացումների եւ պահպանվող անորոշությունների պայմաններում համաշխարհային տնտեսական ակտիվությունը եւ պահանջարկը շարունակել են դանդաղել: Վերոնշյալ զարգացումների եւ մի շարք երկրներում իրականացվող զսպող դրամավարկային քաղաքականության պարագայում միջազգային ապրանքահում...

13.05.2024
Նախագծերի ընդունմամբ կխստացվի սպանդանոցային գործունեության վերահսկողությունը
Նախագծերի ընդունմամբ կխստացվի վերահսկողությունը, որն ուղղված է կանոնակարգելու սպանդանոցային գործունեությունը: Խախտումների հայտնաբերման պարագայում պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը ստուգումների դեպքում կունենա իրավական հիմք` կասեցնելու կամ դադարեցնելու սպանդանոցային գործունեություն...

13.05.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական փաթեթին
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ առաջարկող օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկույցում փաթեթի համահեղինա...

13.05.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի գործունեության ընդլայնում նախատեսող նախագծին
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 13-ին քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ««Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հիմնադրման համաձայնագրի թիվ 1 հոդվածի փոփոխություն՝ Բանկի գործունեության աշխարհագրական շրջանակի սահմանափակ եւ աստիճանական ընդլայնման հնարա...

13.05.2024
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

13.05.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...