Հոկտեմբերի 21-ին ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Գրիգորյանը, ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը եւ ՕԵԿ խմբակցության քարտուղար Արծրունի Աղաջանյանը Ազգային ժողովում հանդիպեցին Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ:
Նաիրա Զոհրաբյանը պարոն Յագլանդի խնդրանքով ներկայացրեց ԵԽԽՎ վերջին բանաձեւերում առկա մտահոգություններին ընդառաջ ՀՀ իշխանությունների ձեռնարկած քայլերը` նշելով այն ոլորտները, որտեղ բարեփոխումներ են իրականացվում: ԵԽ Գլխավոր քարտուղարը կարծիք հայտնեց, որ ճիշտ է Հայաստանի ընտրած բարեփոխումների ուղին, բայց որոշ բարեփոխումների տեմպերը բավարար չեն: Տիկին Զոհրաբյանը, համաձայնելով պարոն Յագլանդի դիտարկմանը, նշեց այն ոլորտները, որտեղ նախաձեռնված են խորքային բարեփոխումներ: Տիկին Զոհրաբյանը նշեց, որ Հայաստանի ապագան ամուր եւ ժողովրդավար պետություն կառուցելն է եւ նաեւ Եվրոպայի Խորհրդի աջակցությամբ մեր երկիրը հույս ունի իրականացնել այն բոլոր բարեփոխումները, որոնք արձանագրված են ԵԽԽՎ վերջին զեկույցներում:
ԵԽ Գլխավոր քարտուղարին հետաքրքրում էր կարեւորագույն երկու խնդիր` կալանավորված անձանց եւ մամուլի ազատության խնդիրները: ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչը համապարփակ տեղեկատվություն տրամադրեց այդ խնդիրների վերաբերյալ` հատկապես անդրադառնալով «Ա1+»-ի խնդրին: Կողմերը հույս հայտնեցին, որ դեկտեմբերին կայանալիք մրցույթին կհաղթեն իրապես արժանավորները:
ԵԽ Գլխավոր քարտուղարին հետաքրքրում էր հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը: Տիկին Զոհրաբյանը նշեց, որ այն պահին, երբ Թուրքիայում կլինի հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը առանց որեւէ նախապայմանի շարունակելու պատրաստ քաղաքական իշխանություն, Հայաստանը պատրաստ կլինի շարունակելու այս պահին ՀՀ ԱԺ-ում առկախված արձանագրությունների վավերացման գործընթացը:
ՕԵԿ խմբակցության քարտուղար Արծրունի Աղաջանյանը նշեց, որ Հայաստանը ԵԽ-ին լիարժեք ինտեգրված պետություն է եւ նկատելի են ՀՀ իշխանությունների` մեր երկրում ժողովրդավարությունը զարգացնելու ձգտումները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ այլ հարցերի:
Նույն օրը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպեցին նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը եւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
Հանդիպման ընթացքում հյուրի խնդրանքով հայ խորհրդարանականներն անդրադարձան Հայաստանի քաղաքական զարգացումներին: Արմեն Ռուստամյանը ներկայացրեց իր տեսակետը ԵԽԽՎ 1609, 1620, 1643 եւ 1677 բանաձեւերի կատարման ընթացքի վերաբերյալ: Պարոն Ռուստամյանը կարեւորեց ընտրական օրենսգրքի բարեփոխումները, որոնք, նրա համոզմամբ, ժողովրդի շրջանում կբարձրացնեն վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ եւ հասարակությանը զերծ կպահեն հետընտրական ճգնաժամերից: ՀՅԴ ներկայացուցիչը տեղեկացրեց, որ իրենք ներկայացրել են ընտրական օրենսգրքի բարեփոխման վերաբերյալ առաջարկների փաթեթ:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն իր խոսքում անդրադարձավ կալանավորված անձանց խնդիրներին, մարտիմեկյան դեպքերի պատասխանատուների բացահայտմանը եւ հետաքննության շարունակությանը, ընտրական օրենսգրքի բարեփոխումներին:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Հայաստանում տնտեսագիտական բարձրագույն կրթության 90 եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 80-ամյակներին նվիրված հանդիսավոր նիստին
Հոկտեմբերի 21-ին Ալ. Սպենդիարյանի անվան ազգային օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում նշվեցին Հայաստանում տնտեսագիտական բարձրագույն կրթության 90 եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 80-ամյակները: Հանդիսավոր նիստին ներկա էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ, Հայաստանի պետական...
Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
Հոկտեմբերի 21-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:Տեղի ունեցավ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` Գագիկ Մինասյանի նախագահությամբ: «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» կառավարության հեղինակած օրենքի նախագիծը քննարկվեց ...
Շարունակվում են բյուջետային քննարկումները
Հոկտեմբերի 21-ին շարունակվեցին 2011 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկումները ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: Նիստը նախագահում էին հանձնաժողովների նախագահներ Հակոբ Հակոբյանը եւ Գագիկ Մինասյանը: Քննարկմանը մասնակ...
ԱԺ նախագահը ընդունեց ԵԽ Գլխավոր քարտուղարին
Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին: Ողջունելով ԵԽ Գլխավոր քարտուղարին` Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց նրա այցը Հայաստան եւ նրա մասնակցությունը Եվրոպայի խորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայի» ֆորումին: ԱԺ նախագահ...