Տպել
29.10.2010
Խորհրդարանական ճեպազրույցները
1 / 6

Ազգային ժողովի խմբակցությունները հոկտեմբերի 29-ի ճեպազրույցներում ամփոփեցին քառօրյա նիստերի աշխատանքները, միաժամանակ անդրադարձան քաղաքական  մի քանի կարեւոր իրադարձությունների:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը քառօրյայի ընթացքում քննարկված նախագծերից առանձնացրեց «Նվազագույն  ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություն նախատեսող նախագիծը`  եզրակացնելով, որ աշխատավարձի առաջարկվող չափը` 32.500 դրամը, չի կարող ապահովել քաղաքացիների նվազագույն պահանջները: Ստյոպա Սաֆարյանի կարծիքով` կառավարությունն ունի այն գործիքները եւ ֆիանասական աղբյուրները, որոնց հաշվին կարող է գալիք տարվա բյուջեում նախատեսել նվազագույն աշխատավարձի ավելի բարձր շեմ: Հարցին ի պատասխան, թե հնարավո՞ր է «Ժառանգությունը» նահանջի եւ Ղարաբաղի ճանաչման մասին օրինագիծը քվեարկության չդնի նաեւ երկու քառօրյա անց Արմեն Մարտիրոսյանը նախ չհամաձայնեց «նահանջ» ձեւակերպման հետ, ապա եւ բանախոսները հավաստեցին, որ հարցը ներառված է մեծ եւ փոքր օրակարգերում եւ քվեարկության է դրվելու դեկտեմբրի 9-ին:  Իսկ մինչ այդ ձեռք է բերվել բոլորի համար ընդունելի փոխհամաձայնություն ժամկետի շուրջ, ասաց Ստյոպա Սաֆարյանը: Պատգամավորներն անդրադարձան նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավիրած խորհրդակցությանը եւ դրա ընթացքում խորհրդարանի  քաղաքական ուժերի քննարկած հարցերին` մասնավորապես ԱԺ կանոնակարգում լրացում կատարելու եւ էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանն ու պատգամավորի` գործարարությամբ չզբաղվելու   սահմանադրական պահանջին: Պատգամավորները նշեցին, որ շրջանառվող նախնական փաստաթուղթը լրջորեն վերանայելու անհրաժեշտություն կա:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը վերջին քառօրյա նիստերի ընթացքում քննարկված հարցերից կարեւորեց «Արտոնագրային վճարների մասին» նախագիծը` նշելով, որ կառավարության նախագիծն արտացոլում եւ միավորում է նաեւ ՕԵԿ-ի համանման նախաձեռնությունը: Պատգամավորը մեկ անգամ եւս ողջունեց   փոքր եւ միջին բիզնեսի ոլորտում հարկային պարտավորությունները հաստատագրված վճարով սահմանափակելու մոտեցումը եւ տեղեկացրեց դրա համար անհրաժեշտ` 6 մլն դրամ շրջանառության շեմն ավելացնելու եւ 7 մլն դարձնելու իրենց առաջարկի մասին: Տկն. Բիշարյանը խոսեց նաեւ Աստրախանում կայացած` նախագահների եռակողմ հանդիպման մասին` ընդունված հռչակագիրը դիտարկելով կարեւոր քայլ հակամարտության կարգավորման ճանապարհին: Խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ Կարմիր Խաչի օգնությամբ ռազմագերիների փոխանակման եւ զոհվածների աճյունների տեղափոխման շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնության մասին է: Հովհաննես Մարգարյանը, պատասխանելով լրագրողի հարցին, անդրադարձավ «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրինագծին եւ մասնավորապես դրանով առաջարկվող դրույքաչափերին:  Հարցը քննարկումների փուլում է գտնվում եւ, բանախոսի համոզմամբ,  կհաջողվի մեկ հոգու համար նախատեսված մինչեւ հազար դրամ աղբահանության վարձավճարը կրճատել կրկնակի: Նրա հաշվարկով, կլինեն տարբերակված դրույքաչափեր, բազամաբնակարան շենքերում այն կկազմի 200 դրամ:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը լրագրողների ուշադրությունը հրավիրեց  Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, Կանաչների միությունը ներկայացնող Միշել Ռիվազիի եւ Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի անդամ Դամիեն Աբադի` ԼՂ կատարած այցի վրա:  Պատագամավորը այս այցը գնահատեց կարեւոր` հաշվի առնելով, որ վերջին տարիներին Եվրոպական խորհրդարանի պատգամավորները որդեգրել էին չեզոք կեցվածք եւ զերծ էին մնում նմանատիպ այցերից ԼՂ: Արցախում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում եվրոպացի պատգամավորները տեղեկացվել եւ համոզվել են, որ ադրբեջանական տարբեր բնակավայրերից տեղահանված հայերը հաստատվել են ոչ միայն ԼՂՀ-ում, այլ վերադարձել Արցախի տարածք, իրենց հայրենիք, որտեղից մեկնել էին աշխատելու եւ որը թյուրիմացաբար բնորոշվում է որպես «օկուպացված» տարածք: Հանդիպումների ընթացքում շոշափվել են փախստականներին առնչվող հարցեր` դիտարկելով դրանք մարդու եւ քաղաքացու իրավունքնրի պաշտպանության հարթությունում: Վահան Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ աշխատանքներ են տարվելու ԵՄ-ի հումանիտար ծրագրերում այս փախստականներին ներգրավելու ուղղությամբ: Նրա կարծիքով` սա  ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ տարվող անհրաժեշտ աշխատանք է: ԼՂՀ ճանաչման վերաբերյալ «Ժառանգության» նախաձեռնության առնչությամբ բանախոսը նկատեց, որ Աստանայում դժվար թե որեւէ բան փոխվի, հետեւաբար իր համար անհասկանալի է քվեարկության հետաձգումը: Պատգամավորը խոսեց նաեւ  Արմեն Ռուստամյանի շրջանառած Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ ռազմաքաղաքական դաշինք ստեղծելու որոշում-հայտարարության մասին, որի նախագիծն արդեն ընդգրկված է ԱԺ նիստերի օրակարգում:

«Բարգավաճ Հայաստան» խմբկացության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը եւս անդրադարձավ «Արտոնագրային վճարների մասին» օրինագծին` նշելով, որ փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար գերակա ուղղություն է: Այս առումով նախագիծը նա համարեց բավականին հաջողված, հավելելով, սակայն, որ իրենք առաջարկում են շրջանառության հաշվարկային շեմը 6-ի փոխարեն սահամնել 8 մլն դրամ, ինչպես նաեւ կիրառել արտոնագրային վճարի տարբերակված դրույքաչափեր` մարզերում նվազեցնելով: Խմբակցության պատգամավորները նույնպես, պատասխանելով լրագրողի հարցին, անդրադարձան պատգամավորի ձեռնարկատիրական գործունեության սահմանադրական սահմանափակմանը:  Խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը նշեց, որ սկզբունքն ամրագրված է Սահմանադրությամբ եւ հասկանալի, սակայն չպետք է քննարկվող փաստաթղթում լինեն ծայրահեղություններ, այլ պետք է առաջնորդվեն միջազգային փորձով եւ Եվրոպայի խորհրդի երկրներում  գործող  չափանիշներով: Սամվել Բալասանյանը նկատեց, որ խորհրդարանում պետք է լինեն գործարարների շահերը պաշտպանող պատգամավորներ:

   ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը` հարցին ի պատասխան, թե շարունակելու՞ են բանակցությունները «Ժառանգության» հետ ԼՂՀ ճանաչման  մասին նախագիծը քվեարկության չդնելու շուրջ, նախ ասաց, որ դրական է գնահատում քաղաքական կոնսուլտացիաները քաղաքական ուժերի միջեւ, եւ որ ՀՀԿ-ում պատրաստ են քննարկել ցանկացած կառուցողական առաջարկ: Ինչ վերաբերվում է ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ ՀՀԿ-ի տեսակետին, պատգամավորը վերահաստատեց  առաջնայնությունը միջազգային ճանաչմանը տալուն եւ դրան ուղղված քայլերով առաջնորդվելու տեսակետը:  Էդուարդ Շարմազանովը մանրամասնեց, որ  այն քայլերը, որոնք միտված կլինեն ԼՂՀ-ն միջազգայնորեն ճանաչելուն, կողջունվեն իրենց կողմից, գործընթացը վտանգողները` ոչ:  Խմբակցության քարտուղարը կարծիք հայտնեց, որ ԼՂ-ն 1991 թ.-ից ի վեր անկախ է, եւ բանակցությունների միջոցով, ինչպես նաեւ ԼՂՀ-ի ուղղակի մասնակցությամբ, պետք է հասնել անկախության միջազգայնորեն ճանաչմանը: Նրա խոսքերով, աշխարհում չկա մի հայ, որը դեմ լինի  Արցախի անկախությունը ճանաչելուն, եւ իր կուսակցությունն  առաջրն հերթին:
 
 


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...