Տպել
03.11.2010
Հովիկ Աբրահամյանն ընդունեց Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առեւտրի նախարարին
1 / 4

Նոյեմբերի 3-ին  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առեւտրի նախարար Շեյխա Լուբնա Ալ -Կասիմիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման սկզբում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը իր խորին ցավակցությունը հայտնեց  ԱՄԷ Ռաս ալ-Խայմայի կառավարիչ Շեյխ ալ-Կասիմիի մահվան կապակցությամբ:

ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ նախարարի այցը Հայաստան կնպաստի երկու  երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը: Նա բարձր գնահատեց քաղաքական եւ տնտեսական փոխգործակցության ներկա մակարդակը` գոհունակությամբ փաստելով, որ  Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ հարաբերությունները տարբեր ուղղություններով կայուն առաջընթաց են ապրում. կարեւորվեց գյուղատնտեսության, զբոսաշրջության, դեղագործության,  կրթության, գիտության եւ այլ բնագավառներում գործակցության ակտիվացումը: Պարոն Աբրահամյանը ընդգծեց նաեւ միջխորհրդարանական համագործակցության զարգացման կարեւորությունը երկու երկրների միջեւ հարաբերությունները խորացնելու առումով: ԱԺ նախագահը կարեւորեց հայ-էմիրաթական հարաբերությունների պատմության ընթացքում առաջին անգամ Երեւանում գործարար համաժողովի անցկացումը, որը լուրջ խթան կհանդիսանա առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացման եւ  ներդրումային դաշտի ընդլայնման համար:

Տիկին Շեյխա Լուբնա Ալ Կասիմին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` կարեւորեց Հայաստան-ԱՄԷ փոխգործակցության հետագա զարգացումը, առեւտրատնտեսական հարաբերությունների ակտիվացումը, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության, ներդրումների ծավալների ավելացումը: Նա գոհունակությամբ փաստեց, որ վերջին երկու տարիների ընթացքում աննախադեպ ակտիվացել է երկու երկրների փոխգործակցությունը տարբեր ոլորտներում եւ համոզմունք հայտնեց, որ առաջիկայում գործակցությունը առավել կզարգանա: Նա  ուրախությամբ շեշտեց, որ երկու երկրների հարաբերություններում սկսվել է պայմանավորվածությունների իրականացման եւ կոնկրետ ծրագրեր կյանքի կոչելու կարեւոր փուլ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: