Տպել
17.11.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Ուսանողության միջազգային օրվա առթիվ
1 / 1

Սիրելի ուսանողներ,

Ուսանողության միջազգային օրվա առթիվ շնորհավորում եմ բոլորիդ:

Ուսանողությունը երկրի հասարակական կյանքի ակտիվ մասն է եւ ունի մտավոր մեծ ներուժ: Ժամանակակից Հայաստան կառուցելու, ուժեղ երկիր ունենալու գործում ձեզ անփոխարինելի նորարարի դեր է վերապահված: Ձեզանից շատ բան է կախված, թե ինչպիսին կլինեն մեր երկրի տեղն ու դերը արագ փոփոխվող աշխարհում: Իսկ գիտակից երիտասարդություն ունեցող երկիրն ու ժողովուրդը վստահությամբ են նայում ապագային: Երիտասարդության առավելությունն այն է, որ նրա մեջ ավելի մեծ է ակտիվ լինելու, ինչ- որ բանի հասնելու ձգտումը, ինչը հասարակության` առաջ շարժվելու վկայությունն է, որովհետեւ յուրաքանչյուր նոր սերունդ առաջընթացի, նոր գաղափարների կրողն է, իսկ երկիրն առանց գաղափարների չի կարող զարգանալ: Հասկանալով, որ  երիտասարդությունն առաջ գնալու, հասարակությունը թարմացնելու  կարեւորագույն գործոն է, պետությունն իր այսօրվա հնարավորության սահմաններում քայլեր  է իրականացնում նրան առնչվող խնդիրների լուծման, աջակցության ուղղությամբ: Ազգային ժողովը շարունակելու է ամեն ինչ անել` ապահովելու անհրաժեշտ օրենսդրական դաշտ եւ իրավական բազա:

Համոզված եմ, որ համատեղ աշխատելու, խնդիրները միասին լուծելու ճանապարհին ուսանողությունը, որ այսօրվա երիտասարդության շարժիչ ուժն է, հնարավորություն կունենա իրագործել իր գաղափարները, գործնական ծրագրերի վերածել այն մտահղացումները, որ ունի:

Կրկին շնորհավորելով  Ուսանողության միջազգային օրվա առթիվ` մաղթում եմ հաջողություններ, նպատակների իրականացում, բարեկեցություն եւ լավատեսություն:
 
 
 


31.07.2024
Անդրանիկ Քոչարյանը մանրամասնում է հանձնաժողովում իրականացված աշխատանքները
Փակ հանդիպումներ, միջազգային գործընկերների հետ քննարկումներ ու երկրի անվտանգությունն ամրապնդող օրենսդրական նախագծեր. անցնող նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն աշխատել է վերոնշյալ ուղղություններով: Մանրամասները` տեսանյութում: ...