Տպել
17.11.2010
Խորհրդարանի նիստի օրակարգում հաջորդ տարվա բյուջեի նախագիծն էր
1 / 8

Նոյեմբերի 17-ի խորհրդարանի  նիստը  բացելով` Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը օրենսդիրների անունից շնորհավորեց ուսանողներին իրենց միջազգային օրվա առիթով` մաղթելով հաջողություններ: Նշենք նաեւ, որ  նիստին ներկա գտնվելու եւ ԱԺ-ի գործունեությանը ծանոթանալու համար այս անգամ խորհրդարան էին այցելել Երեւանի թիվ 119 ավագ դպրոցի սաները:

Այնուհետեւ խորհրդարանը քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված` «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում փոփոխություների նախագիծը եւ անցավ օրակարգային մյուս հարցերին: Մասնավորապես, ավարտվեց Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկումը: Պալատի նախագահ Իշխան Զաքարյանը եզրափակիչ ելույթում շնորհակալություն հայտնեց պատգամավորներին շահագրգիռ քննարկումների համար` համաձայնելով, որ խորհրդարանի ամբիոնից պետք է հնչեն  քաղաքական ու նաեւ հուզական ելույթներ:  Փոխարենը ՎՊ նախագահը չհամաձայնեց  իրենց կողմից հայտնաբերված ֆինանսական խախտումները եւ չարաշահումները «գողություն» բնորոշող տեսակետների հետ: Իշխան Զաքարյանն առաջարկեց ՎՊ-ն դիտարկել  որպես գործընկեր, եւ ոչ թե պատժող մարմին եւ  խորհրդարանի հետ սերտորեն  համագործակցելու պատրաստակամություն հայտնեց:

Իշխան Զաքարյանը պատգամավորների գնահատմանը ներկայացրեց նաեւ ՎՊ 2011 թ. գործունեության տարեկան ծրագիրը` անդրադառնալով փաստաթղթի հիմքում դրված սկզբունքներին:  Այս ծրագրում, նախագահի խոսքերով, հաջողվել է առավել հստակ ձեւակերպել ստուգման թեմաները:  ՎՊ նախագահը ներկայացրեց այն բոլոր ոլորտները, որոնցում նախատեսում են ուսումնասիրություններ կատարել 2011 թ.-ին եւ որպես նորույթ առանձնացրեց բնապահպանական աուդիտը` ստուգումները վտանգավոր թափոնների  օգտագործման ոլորտում: Պատասխանելով պատգամավորների հարցերին` բանախոսը մանրամասնեց ստուգվող կառույցների ընտրության չափանիշները եւ նույն  մարմնում բազմակի ստուգումները` այդ թվում եւ այլ  կառույցներից կողմից, բացառելու հնարավորությունը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւս պալատի նախագահի ուշադրությունը հրավիրեց ստուգման ոլորտները միմյանց հետ համաձայնեցնելու` ծրագրերը համադրելու անհրաժեշտության վրա, ինչի արդյունքում  հնարավոր կլինի խուսափել կրկնակի ու անհարկի ստուգումներից: ՎՊ նախագահը նշեց, որ իրենց ծրագիրը հաստատվում է օրենսդիր մարմնում, եւ որ մյուս ստուգող կազմակերպությունները պետք է  դրանից հետո միայն կազմեն իրենց ծրագրերը:

Հարակից ելույթում ներկայացնելով ծրագրի վերաբերյալ դրական եզրակացություն` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Միանսյանը նշեց, որ  այն ամբողջությամբ համապատասխանում է օրենքի տառին եւ ոգուն: Հանձնաժողովի նախագահը եւս նշեց, որ բավականին մանրամասն են նկարագրված ստուգման թիրախները, ինչը թե ստուգողներին եւ թե ստուգվողներին կպահի  օրենքի շրջանակներում:

ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկումներից հետո «Հայաստանի Հանրապետության 2011 թ. պետական բյուջեի» նախագիծը ներկայացվեց  նաեւ լիագումար նիստում: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդարանին ներկայացրեց գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի ռազմավարական գերակայությունները` ասելով, որ հակաճգնաժամային քաղաքականությունից անցում են կատարելու կայուն զարգացման քաղաքականության:  Հաջորդ տարվա բյուջեն եւս, նախորդ տարիների նման, խարսխված կլինի միջնաժամկետ ծրագրերի վրա, կառավարությունը կպահպանի բյուջեի սոցիալական ուղղվածությունը, քայլեր կկատարի բիզնես միջավայրի բարելավման համար: Վարչապետը նշեց, որ 2011 թ. ծրագրվում է  ընթացիկ տարվա համեմատությամբ 100 մլրդ դրամով ավելի եկամուտ ունենալ` վարչարարության հաշվին, միաժամանակ նախատեսում են բարելավել  հարկերի եւ համախառն ներքին արդյունքի հարաբերակցությանը` 0,3-0,4 տոկոսով:

Շնորհակալություն հայտնելով շահագրգիռ եւ կառուցողական քննարկումների համար` վարչապետը նշեց, որ պատգամավորների առաջարկների վերաբերյալ գործադիրն իր դիրքորոշումը կարտահայտի բյուջեի նախագծի վերջնական տարբերակում` կից ամփոփաթերթիկում, ինչպես նախատեսված է օրենքով:  Վարչապետը հույս հայտնեց, որ պատգամավոների հետ համատեղ գտնված լուծումներն առավել բարենպաստ պայմաններ կստեղծեն բյուջե-2011-ի կատարման համար:

Բյուջեի նախագծում ամրագրված մակրոտնտեսական ցուցանիշները եւ հիմնական բնութագրիչները պատգամավորներին ներկայացրեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:. Ըստ նրա ներկայացրած տվյալների` հաջորդ տարի բյուջեի ծախսերը կկազմեն 998,6 մլրդ դրամ, եկամուտները` 850 մլրդ դրամ, դեֆիցիտը` 148 մլրդ դրամ: Գնաճի ծրագրված ցուցանիշը 4 տոկոս է` մեկուկես տոկոս տատանման միջակայքով:  Նախարարի խոսքերով` կառավարության եւ Կենտրոնական բանկի` գնաճը զսպող գործիքներն իրենց արդյունքը կտան հաջորդ տարվա ընթացքում:  Սոցիալական ոլորտի ծախսերը  գալիք տարում կկազմեն ՀՆԱ-ի 7,3 տոկոսը, կենսաթոշակների վճարմանը կուղղվի 200 մլրդ դրամ` գազի սակագնի բարձրացման հետ կապված հավելումների հաշվին այս տարվա ծախսերից 18 մլրդ դրամով ավելի:

Ֆինանսների նախարարը նշեց, որ ամենակարեւոր խնդիրը մակրոտնտեսական եւ ֆինանսական կայունություն ապահովելն է, ինչպես  նաեւ սոցիալ-տնտեսական զարգացման տեմպերը պահպանելը: 2011թ.-ի բյուջեն բավարարում է այդ պահանջները, նշեց նախարարը` 2011 թ. բյուջեն բնորոշելով որպես հավասարակշռված:

Նախարարին հարցեր ուղղելու համար հերթագրվել էր 12 պատգամավոր: Հարցի քննարկումը կշարունակվի նոյեմբերի 18-ի նիստում:

Քառօրյա նիստերի երրորդ օրվա վերջում, ԱԺ կանոնակարգի սահմանած կարգով, կառավարության անդամները պատասխանեցին պատգամավորների հարցերին:
 


31.07.2024
Անդրանիկ Քոչարյանը մանրամասնում է հանձնաժողովում իրականացված աշխատանքները
Փակ հանդիպումներ, միջազգային գործընկերների հետ քննարկումներ ու երկրի անվտանգությունն ամրապնդող օրենսդրական նախագծեր. անցնող նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն աշխատել է վերոնշյալ ուղղություններով: Մանրամասները` տեսանյութում: ...