Տպել
24.11.2010
Ոստիկանության բարեփոխումները` քաղաքական աջակցությամբ
1 / 1

Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը հանդիպեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղարության ոստիկանության հարցերով ավագ խորհրդական Կնուտ Դրեյերի գլխավորած պատվիրակությանը` քննարկելու ՀՀ ոստիկանության համակարգի բարեփոխումների ծրագիրը:

Պարոն Կնուտ Դրեյերը տեղեկացրեց, որ ինքը ծանոթ է ծրագրին, մինչեւ Հայաստան այցելելը  Վիեննայում մասնակցել է ծրագրի  քննարկումներին: Ծրագրով հետաքրքրված է նաեւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը եւ ուշիուշով հետեւում է ծրագրի իրականացման ընթացքին:

Պարոն Դրեյերի խնդրանքով ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը հանգամանալից ներկայացրեց, թե ինչպիսի  քաղաքական աջակցություն է ստանում ծրագիրը, եւ ինչպես է կազմակերպվում խորհրդարանական ու քաղաքացիական վերահսկողությունը:

Պարոն Կարապետյանը մասնավորապես նկատեց, որ երկու հարցում քաղաքական ուժերը տարակարծիք չեն կարող լինել. մեկը բանակի, մյուսը ոստիկանության համակարգի բարեփոխումներն են: Քաղաքական ուժերը կասկած չունեն, որ բարեփոխումների անհրաժեշտությունը հասունացել է, եւ պետք է արագ իրականացնել դրանք: Նա տեղեկացրեց, որ Վիեննայում ծրագրի քննարկումից հետո հանձնաժողովը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի  հետ նախաձեռնեց խորհրդարանական լսումներ, լսեցին ոստիկանության ներկայացուցչի զեկույցը, եղան բարեփոխումների իրականացման վերաբերյալ    քննարկումներ, կարեւորվեցին հարցին առնչվող օրենսդրական բարեփոխումները: Ճշգրտված  է երկու տասնյակի հասնող  օրենքների ցանկը, որտեղ անհրաժեշտ է կատարել փոփոխություններ ծրագիրը հաջողությամբ իրականացնելու համար:

Պարոն Կարապետյանը կարեւորեց նաեւ խորհրդարանական վերահսկողությունը ծրագրի իրականացման ժամանակացույցը պահպանելու, ձգձգումները բացառելու եւ  ծրագրի իրականացման արդյունավետությունն ապահովելու առումով: Նրա գնահատմամբ` ինչքան շուտ իրականանա այդ ծրագիրը, այնքան համակարգը շուտ կազատվի խորհրդային տարիներից եկող արատներից` կոռուպցիայից ու հովանավորչությունից, եւ կներդրվի հասարակական վերահսկողության ինստիտուտը: Ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով հանձնաժողովը ակտիվորեն համագործակցում է ոստիկանության մարմինների,  ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, ինչպես նաեւ տարբեր  հասարակական կազմակերպությունների հետ:

Պարոն Կարապետյանը տեղեկացրեց նաեւ, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում են ոստիկանությունում կատարվող բարեփոխումները.  նա հարցի հետ կապված խորհրդակցություններ է անցկացնում, ուշիուշով հետեւում բարեփոխումների իրականացման ընթացքին:

Երկուստեք ընդգծվեց  քաղաքական աջակցության, հասարակական կազմակերպությունների ու պետական մարմինների համագործակցության կարեւորությունը ծրագրի հաջող իրականացման գործում:


24.11.2010
Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Սիրիայի Արաբական Հանրապետություն
Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը ընդունեց Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադը: Ողջունելով Հայաստանի խորհրդարանական պատվիրակությանը` Սիրիայի Նախագահ Բաշար ալ-Ասադը ամուր հիմքերի վրա ստեղծված սիրիահայկական բարեկամական հարաբերությունների խորացման գործում բարձր...

24.11.2010
Հանդիպում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
Նոյեմբերի 24-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության առաջին քարտուղար տիկին Սիմոնե Շյուտցեին եւ «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի կրթաթոշակակիրներին: Հանդիպման ընթացքում տիկին Զոհրաբյանը կարեւ...