Տպել
25.11.2010
Ավարտվեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Սիրիայի Արաբական Հանրապետություն
1 / 6

Նոյեմբերի 25-ին Սիրիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը Հալեպում ընդունեց Սիրիայի Արաբական Հանրապետության գլխավոր Մուֆթի Բադր ադ-Դին Հասսունը:

Ողջունելով հայ բարեկամներին` ՍԱՀ  գլխավոր Մուֆթին բարձր գնահատեց ԱԺ նախագահի այցը Սիրիա եւ նշեց, որ Սիրիայի ժողովրդի համար հայերը քույրեր եւ եղբայրներ են: Նրա բնորոշմամբ` հայ ազգը ստեղծագործ ազգ է, եւ Սիրիայի հայ համայնքը իր  ներկայությամբ նպաստում է Սիրիայի զարգացմանը եւ հզորացմանը: Նա անգնահատելի համարեց տարածաշրջանում խաղաղություն հաստատելու  Հայաստանի ջանքերը եւ հույս հայտնեց, որ տարածաշրջանի մյուս երկրները  նույնպես քայլեր կանեն պատերազմները կանխելու, կայունություն հաստատելու ուղղությամբ: Նա Հայաստանին եւ հայ ժողովրդին մաղթեց բարգավաճում եւ հզորացում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը անգնահատելի համարեց հայ ժողովրդի պատմության ողբերգական  պահին արաբ ժողովրդի ցուցաբերած աջակցությունը  եւ նշեց, որ սիրիահայ համայնքը բարեկամության ամուր կամուրջ է երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ: Սիրիայում ապաստան գտած հարյուր հազարավոր հայերը կառուցել են եկեղեցիներ, մշակութային օջախներ, դպրոցներ եւ իրենց ներդրումն են ունեցել Սիրիայի բազմազգ եւ բազմակրոն քաղաքակրթության զարգացման գործում: Հովիկ Աբրահամյանի խոսքով` Սիրիան մշակույթների եւ կրոնների երկխոսության, կրոնական հանդուրժողականության լավագույն օրինակ է հանդիսանում: 

Նույն օրը ՀՀ ԱԺ պատվիրակությունը Հալեպից մեկնեց Դեյր Զոր: Օդանավակայանում  ԱԺ նախագահին եւ պատգամավորներին դիմավորեցին  Դեյր Զորի նահանգապետ Հուսեյն Առնուսը, նահանգային իշխանության անդամները եւ պաշտոնատար այլ անձինք: Կարճատեւ զրույցից հետո, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, պատվիրակությունը մեկնեց Ս.Նահատակաց հայկական եկեղեցի: Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում հայ խորհրդարանականները ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին անմեղ զոհերի հուշակոթողին` հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ պատվիրակության անդամները այցելեցին ցեղասպանության թանգարան, ծանոթացան Հայոց Մեծ Եղեռնը հավաստող վավերագրերին, գրառումներ կատարեցին թանգարանի հուշամատյանում:

Եկեղեցուն կից սրահում հանդիպում կայացավ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: ԱԺ նախագահը նշեց, որ բարեկամ Սիրիա կատարած  պաշտոնական այցի ավարտին Հայաստանի պատվիրակությունը չէր կարող չայցելել Դեյր Զոր: «Եթե ամեն տարի աշխարհասփյուռ հայությունը ապրիլի 24-ին համախմբվում է Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող եւ սրբավայր դարձած հուշարձանների մոտ, ապա Դեյր Զորը համայն հայության համար դարձել է ամենօրյա այցելության սրբավայր: Այստեղ, սիրիական հողի վրա թուրք յաթաղանից մազապուրծ հայրենազրկված եւ ունեզրկված հարյուր հազարավոր հայեր նահատակվեցի: Այս անապատում էր, որ գրեթե մեկ դար առաջ հայ մայրերը` անօթեւան եւ անպաշտպան, բայց եւ չհուսալքված, իրենց արցունքներով ավազի վրա մեսրոպյան այբուբենի տառերն էին պատկերում` իրենց զավակներին հայ պահելու եւ նրանց մեջ հայկական ոգին սերմանելու համար», -նշեց Հովիկ Աբրահամյանը: «Մենք այստեղ ենք, որ մեր հարգանքի տուրքը մատուցենք Օսմանյան Թուրքիայում պետական մակարդակով ծրագրված եւ իրագործված 1915թ. Հայոց  Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին եւ, միաժամանակ վերահաստատելու պատմական արդարության վերականգնմանն ուղղված մեր վճռականությունը», -եզրափակեց ԱԺ նախագահը:

Երեկոյան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը վերադարձավ Երեւան: