Տպել
07.12.2010
Նաիրա Զոհրաբյանն ընդունեց ՀՀ-ում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
1 / 1

Դեկտեմբերի 7-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թոմաս Լուքի հետ (նստավայրը` Թբիլիսի):

Հանդիպման ընթացքում տիկին Զոհրաբյանը, կարեւորելով Էստոնիայի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների միջեւ եվրաինտեգրման հարցերով կնքված համագործակցության համաձայնագիրը, նշեց, որ անհրաժեշտ է  ավելի դինամիկ դարձնել նաեւ խորհրդարանների միջեւ համագործակցությունը՝ խորհրդարանական դիվանագիտության ճկուն լծակներն առավել արդյունավետ կիրառելու համար։ Հանձնաժողովի նախագահը կարեւորեց այն հանգամանքը, որ Էստոնիան դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար արդեն հանել է վիզային ռեժիմը` հույս հայտնելով, որ մինչեւ տարեվերջ կմեկնարկեն ԵՄ-ի հետ ընդհանուր բանակցությունները՝ վիզային ռեժիմի դյուրացման շուրջ:

Անդրադառնալով «Արեւելյան գործընկերությանն» ու կարեւորելով գործընկերության ոչ միայն երկկողմ, այլ նաեւ բազմակողմ ձեւաչափը` տիկին Զոհրաբյանը նշեց, որ, ցավոք, խաղի կանոնները «Արեւելյան գործընկերության» բոլոր երկրների համար չէ, որ հավասարազոր են գործում: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ պաշտոնական Ադրբեջանը հրաժարվում է գործընկերության ձեւաչափում Հայաստանի հետ համագործակցությունից եւ ընդգծեց Ալիեւի օրերս արած հայտարարությունը՝ Հայաստանին տարածաշրջանային բոլոր ծրագրերից դուրս թողնելու վերաբերյալ։ Հանձնաժողովի նախագահը տարակուսանք հայտնեց, որ ԵՄ-ն շարունակում է որեւէ կերպ չարձագանքել Ադրբեջանի ապակառուցողական քայլերին եւ գործելաոճին։ Տիկին Զոհրաբյանը նշեց, որ ակնկալում է ԵՄ-ի արձագանքը նաեւ պաշտոնական Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարություններին եւ ռազմական բյուջեն մեծացնելու հետեւողական քայլերին։ Կողմերը քննարկեցին նաեւ ԼՂ հակամարտության հարցը, որի համատեքստում հանձնաժողովի նախագահը կարեւորեց ԼՂ-ում ԵՄ-ի կողմից հումանիտար ծրագրերի իրականացումը, նշելով, որ չճանաչված լինելը Արցախի ժողովրդին չի զրկում մարդու հիմնարար իրավունքներից։  Տիկին Զոհրաբյանը ընդգծեց, որ միջազգային  տարբեր կազմակերպությունների զեկույցների համաձայն՝ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության առումով Լեռնային Ղարաբաղը ավելի բարձր ցուցանիշներ ունի, քան տարածաշրջանի շատ երկրներ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: