Տպել
15.12.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց արգենտինացի դիվանագետ, դոկտոր Լեանդրո Դեսպուիին
1 / 1

Դեկտեմբերի 15-ին  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց արգենտինացի  դիվանագետ, դոկտոր Լեանդրո Դեսպուիին, ով Երեւանում մասնակցում է «Ցեղասպանության հանցագործությունը. կանխարգելում, դատապարտում եւ հետեւանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողովին, որը նվիրված է ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունմանը: Հանդիպմանը ներկա էին ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը եւ  ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

ԱԺ նախագահը բարձր գնահատեց Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ հարաբերությունները եւ հայ-արգենտինական բարեկամությունը, որի վառ օրինակն է պարոն Դեսպուիի գործունեությունը եւ  Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում նշանակալի ավանդի համար ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նրան Մխիթար Գոշի մեդալով պարգեւատրելը: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց արգենտինացի հյուրի վաստակը մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում եւ նրա ներդրումը 2006 թվականի նոյեմբերի 29-ին Արգենտինայի խորհրդարանի կողմից Հայոց  ցեղասպանության ճանաչման մեջ. Արգենտինան Ուրուգվայից հետո հարավամերիկյան մայրցամաքում երկրորդ երկիրն է, որը  20-րդ դարասկզբի իրադարձությունները  որակել է Ցեղասպանություն: Խորհրդարանի նախագահն ասաց, որ նման գործիչների այցերը կնպաստեն երկու երկրների միջեւ հարաբերությունների ակտիվացմանը:  ԱԺ նախագահը նշեց, որ հաջորդ տարվա գարնանը նախատեսված է իր պաշտոնական այցը Արգենտինա:

Դոկտոր Լեանդրո Դեսպուին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: Նրա խոսքերով` Հայոց ցեղասպանության ճանաչումն  ավելի է մոտեցրել հայ եւ արգենտինացի ժողովուրդներին, հայ համայնքը հարգված է Արգենտինայում, իսկ Հայաստանի խորհրդարանի ղեկավարի այցը հարավամերիկյան այդ երկիր լուրջ խթան կլինի երկկողմ հարաբերությունների զարգացման համար:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւոր համարեց համագործակցությունը խորհրդարանների միջեւ եւ պատվիրակությունների փոխայցելությունները, որոնք հնարավորություն կտան սերտացնել կապերը երկու երկրների միջեւ: Նա նաեւ երախտագիտություն հայտնեց Արգենտինայի իշխանությունների կողմից մեր հայրենակիցների  նկատմամբ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի համար:

Լեանդրո Դեսպուիի համոզմամբ` Հայոց ցեղասպանությունն անժխտելի փաստ է, եւ նրա ճանաչումը ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ աշխարհի խնդիրն է:

 Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության դատապարտումը հնարավորություն է` կանխելու նման հանցագործության իրականացումը այլ ժողովուրդների նկատմամբ:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ ԼՂ հակամարտությանը, հատկապես կարեւորվեց ազգերի ինքնորոշման իրավունքը` նշելով, որ հարցը պետք է լուծվի այդ, ինչպես նաեւ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա:
 
 
 
 
 


26.06.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լատվիայի Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հետ
Լատվիայի Հանրապետության Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռիգայում է: Պատվիրակությունը, որի կազմում են նաեւ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը, անդամներ Էդուարդ Աղաջանյանը եւ Մարի...

26.06.2024
Նախատեսվում է ձեւավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների
Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է ձեւավորել ուսանողական կամավոր ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների: Պատգամավորի խոսքով նախաձեռնության գաղափարն առաջացել է հանձնաժողովի եւ պաշտպանական գե...