Տպել
20.12.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Տոմաշ Պորեբային
1 / 1

Դեկտեմբերի 20-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ  Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տոմաշ Պորեբային:

ԱԺ  նախագահը բարձր գնահատեց պատգամավորի  այցելությունը Հայաստան եւ ԼՂՀ, նշելով, որ այն լավ հնարավորություն է ընձեռում անմիջականորեն ծանոթանալու ինչպես Հայաստանին եւ տարածաշրջանին , այնպես էլ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում Հայաստանի մոտեցումներին: Հայաստանն ակնկալում է  իրավիճակի ճշմարտացի ներկայացում Եվրախորհրդարանում: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց Եվրամիության հետ մերձեցումը, ինչպես նաեւ եվրոպական երկրների հետ երկկողմ շփումները:

ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը ողջունել է Արեւելյան գործընկերության ծրագիրը եւ դրա շրջանակներում ԵՄ անդամ պետությունների, ԵՄ-ի արեւելյան հարեւանների միջեւ համագործակցության խորհրդարանական պլատֆորմի` «Եվրանեսթի»  ձեւավորման գաղափարը:  Նշելով, որ ինքն  առաջինն էր ողջունել այդ գաղափարը, Հովիկ Աբրահամյանը  վստահություն հայտնեց, որ այն կնպաստի Եվրոպական խորհրդարանի հետ հարաբերությունների խորացմանը եւ տարածաշրջանի երկրների միջեւ նոր համագործակցության հնարավորությունների ստեղծմանը: ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց, որ կառույցի վերաբերյալ Հայաստանի բոլոր առաջարկությունները  ընդունվել են, եւ պատրաստակամություն հայտնեց ամեն կերպ նպաստել «Եվրանեսթի» կայացմանը:

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Տոմաշ Պորեբան շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշեց, որ Հայաստանի Հանրապետություն եւ ԼՂՀ է այցելել տեղում իրադրությանը ծանոթանալու, անհրաժեշտ տեղեկություններ ստանալու, հայկական կողմի մտահոգություններին եւ ակնկալիքներին տեղեկանալու համար: Նա բարձր գնահատեց Հայաստանի մասնակցությունը «Եվրանեսթին», որը հնարավորություն է` ներկայացնելու Հայաստանի տեսակետները:

Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ այս տարվա հուլիսին Բրյուսել կատարած այցին, որի ընթացքում բազմաթիվ հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչների հետ եւ ներկայացրել հայկական կողմի մոտեցումները: ԱԺ նախագահը խոսեց նաեւ դեկտեմբերի 1-2-ին Բրյուսելում կայացած ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական` 11-րդ նիստի մասին, որի եզրափակիչ հայտարարությունը եւ առաջարկությունները գնահատեց որպես հավասարկշռված եւ օբյեկտիվ:

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի եւ եվրոպական կառույցների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի: Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ Եվրախորհրդարանի պատգամավորի այցը Հայաստան եւ ԼՂՀ  կնպաստի, որ նրա կողմից պատրաստվող զեկույցը լինի անաչառ եւ օբյեկտիվ:
 


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...