Տպել
22.12.2010
Խորհրդարանը ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը
1 / 6

Ազգային ժողովը արտահերթ նստաշրջանի վերջին նիստում` դեկտեմբերի 22-ին, քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր օրենսդրական նախաձեռնությունները:

Խորհրդարանը քննարկեց եւ ամբողջությամբ ընդունեց նաեւ «Ներքին աուդիտի մասին» եւ «Գանձապետական համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը, ինչպես նաեւ «Փառքի շքանշանի մասին» եւ հարակից օրինագծերի փաթեթը: Առաջինի վերաբերյալ, ինչպես ներկայացրեց ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, առաջարկներ երկրորդ ընթերցումից հետո չեն ստացվել: Մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը տեղեկացրեց, որ անփոփոխ է մնացել նաեւ «Փառքի շքանշանի մասին» օրինագիծը:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը պատգամավորներին առաջարկեց լրացում կատարել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքում` ընդունելով այն արդեն երկրորդ ընթերցմամբ: Նախարարը ներկայացրեց պատգամավորներ Խաչիկ Հարությունյանի եւ Լիլիթ Գալստյանի առաջարկների հիման վրա լրամշակված նախագծի տարբերակը:  Մասնավորապես վերանայված նախագծում նախատեսվել է նոր ժամկետ  քաղաքաշինության ոլորտում նախատեսվող գործունեության վերաբերյալ  փորձաքննական եզրակացությունը տրամադրելու համար` 30 օր 15-ի փոխարեն: Միաժամանակ նոր կետով պատասխանատվություն է նախատեսվել  պաշտոնատար անձանց համար` պարտականությունները չկատարելու համար: Քվեարկության արդյուքնում նախագիծը չստացավ անհրաժեշտ թվով ձայներ:

Սպառելով օրակարգը` խորհրդարանն ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Տարեվերջյան արտահերթ նստաշրջանը փակելով` Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը բոլորին շնորհավորեց գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ եւ մաղթեց հաջողություններ: