Տպել
03.03.2011
«Բաց դաս» խորհրդարանում
1 / 4

Խորհրդարանական «Բաց դաս»-ին մասնակցելու համար մարտի 3-ին Ազգային ժողով էին եկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դպրոցականները` իրենց ուսոցիչների ուղեկցությամբ:

 Ավանդական բաց դասն անցկացրեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանը, ով դպրոցականներին ներկայացրեց օրենսդիր մարմնի գործառույթներն ու դերակատարությունը երկրի կառավարման համակարգում: Նա աշակերտների համար մանրամասնեց թե խորհրդարանի ձեւավորման կարգը, թե  մասնագիտացված հանձնաժողովներում աշխատանքի ու պատգամավորների  բախշվածության սկզբունքները եւ թե խմբակցություններում քաղաքական որոշումներ ընդունելու ընթացակարգը: Պետական կառավարման համակարգն ամբողջությամբ դպրոցականներին հասկանալի դարձնելու նպատակով պրն. Նիկոյանը  խոսեց իշխանության երեք թեւերի տարանջատման եւ Սահմանադրությամբ նախատեսված` հակակշիռների ու զսպումների մեխանիզմների մասին: Աժ փոխնախագահը  «Բաց դասի» մասնակիցներին ծանոթացրեց նաեւ ընդդիմություն-իշխանություն փոխրահարբերությունների նրբություններին եւ նշեց,որ խորհրդարանը կարծիքների բախման լավագույն հարթակն է:

ԱԺ փոխնախագահը պատասխանեց նաեւ դպրոցականների հարցերին, որոնց շրջանակը լայն էր եւ ընդգրկում էր կրթական նոր համակարգի խնդիրներից մինչեւ աշխատատեղերի եւ մինչեւ անգամ արաբական երկրների քաոսային իրավիճակին վերաբերող հարցեր:

Դպրոցականները խորհրդարանում մասնակցեցին կանանց տոնին նվիրված ցուցահանդեսի բացմանը, որի ընթացքում հնարավորություն ունեցան հարցեր ուղղել նաեւ  Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին: Նրանք հետաքրքրված էին ԱԺ նախագահի կենսագրությամբ եւ հատկապես անցած քաղաքական ճանապարհով: Ներկայացնելով իր գործունեության հիմնական  ոլորտները եւ ձեռքբերումները` Հովիկ Աբրահամյանն կարեւոր հենարան համարեց  դպրոցը եւ աշակերտներին հորդորեց չզլանալ գիտելիքներ ստանալու հարցում: «Ձեզնից շատ բան է կախված: Պետք է մեր պետականաշինության գործում ձեր ներդրումն ունենաք եւ շարունակեք այն, ինչ մեզ չի հաջողվել կամ հաջողվելու իրականացնել»,-ասաց խորհրդարանի ղեկավարը զրույցի ընթացքում:  Պատասխանելով հարցերին` նա խոսեց խորհրդարանի անելիքների մասին` այդ շարքում առանձնացնելով կառավարության հետ միասնաբար սոցիալական խնդիրների լուծմանն ու ճգնաժամից հետո տնտեսությունը վերականգնելուն ուղղված ջանքերը, արտաքին քաղաքական մարտահրավերները հաղթահարելը:

ԱԺ նախագահը զրուցեց նաեւ դպրոցների ուսուցիչների հետ`  լսելով նրանց հուզող խնդիրների մասին `դրանց լուծման համար իր աջակցությունը հայտնելով:

Մալաթիա-Սեբաստիա համայնքի դպրոցականները Ազգային ժողովի դահլիճում լուսանկարվեցին Հովիկ Աբրահամյանի հետ:  Առավոտյան այս նույն դահլիճում նրանք նաեւ խորհրդարանական նիստերին հետեւելու հնարավորություն էին ստացել: