Տպել
18.03.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահին
1 / 3

Մարտի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնիուս Աժուբալիսի գլխավորած պատվիրակությանը:

ԱԺ  նախագահը կարեւորեց ԵԱՀԿ գործող նախագահի  այցը Հարավային Կովկաս`  նշելով, որ այն լավ հնարավորություն է տարածաշրջանի խնդիրներին տեղում ծանոթանալու, ինչպես նաեւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկելու համար:  Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ նրա նախագահության օրոք ԵԱՀԿ-ն կշարունակի իր ջանքերը ներդնել խաղաղության եւ միջազգային անվտանգության ամրապնդման, ժողովրդավարության զարգացման եւ  օրենքի գերակայության գործում:  Նա նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ կառույցների հետ  սերտ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում  եւ կարեւորեց ԵԱՀԿ ԽՎ դերը միջխորհրդարանական երկխոսության զարգացման գործընթացում: ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ խորհրդարանական դիվանագիտությունը կարեւոր դեր է ստանձնել միջազգային հարաբերությունների արդի կառուցվածքում: Խորհրդարանի ղեկավարի խոսքով Հայաստանը մեծապես կարեւորում է համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ, ինչպես նաեւ կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Հովիկ Աբրահամյանը բարձր  գնահատեց ԵԱՀԿ անդամ երկրներում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի եւ  ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ի կողմից անաչառ դիտորդական առաքելության իրականացումը:   ԱԺ նախագահը նշեց, որ ՀՀ Ազգային ժողովը կարեւորում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ արդյունավետ համագործակցությունը եւ գոհունակությամբ փաստեց որ այն լավ հիմքերի վրա է դրված, ինչը տարիների ընթացքում տվել է իր դրական արդյունքները: Նա բարձր գնահատեց ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ կնքված Համագործակցության հուշագիրը, որն արդեն հաջողությամբ իրականացվում է տարբեր բնագավառներում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Աուդրոնիուս Աժուբալիսը նշեց, որ միշտ առիթը օգտագործում է հանդիպել նախկին  գործընկերների  հետ, քանի որ  խորհրդարանն է այն հիմքը, որը հնարավորություն է տալիս ժողովրդավարական պետությունների միջեւ փոխգործակցությունը զարգացնելու համար: Նա գոհունակությամբ փաստեց, որ  Հայաստանը բազմաթիվ բարեփոխումներ է իրականացրել դատաիրավական համակարգում, սոցիալ-տնտեսական եւ այլ ոլորտներում: Նա անհրաժեշտ համարեց  համագործակցության շարունակականությունը ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների հետ  եւ կարեւորեց  2012թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ  բարեփոխված ընտրական օրենսգրքի ընդունումը:

Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը  անդրադարձավ ՀՀ  ընտրական      օրենսգրքի,  «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի» մասին օրենքներում առաջարկվող փոփոխություններին:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն եւ միակ ձեւաչափ: Նրա համոզմամբ ԵԽԽՎ ԼՂ հարցով ժամանակավոր հանձնաժողովի վերստեղծումը կխոչընդոտի խաղաղ կարգավորման գործընթացին: «Հայաստանը հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով եւ կարեւորում է վստահության մթնոլորտի հաստատումը` բանակցությունները կառուցողական ուղով շարունակելու համար: Կողմերը պետք է զերծ մնան որեւէ քայլերից, որոնք կարող են հավելյալ լարվածություն եւ խոչընդոտներ ստեղծել խաղաղ գործընթացի ճանապարհին»,- նշեց Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքով ԼՂ հակամարտության կարգավորման հիմքը` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու այդ իրավունքի իրականացումն է: ԱԺ նախագահի համոզմամբ ռազմական ճանապարհով հակամարտության կարգավորման ցանկացած փորձ կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ ոչ միայն հակամարտության կողմերի, այլեւ  ողջ տարածաշրջանի համար: Նա հույս հայտնեց, որ  Լիտվան որպես ԵԱՀԿ նախագահող երկիր քայլեր կձեռնարկի միջազգային կառույցներում, ինչպես նաեւ երկկողմ հարաբերություններում ադրբեջանական ռազմատենչ հայտարարությունները եւ ապակառուցողական քարոզչությունը չեզոքացնելու ուղղությամբ:

ԵԱՀԿ գործող նախագահը նշեց, որ երեկ հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ  եւ  ԼՂ հիմնախնդրի կարգավորաման գործընթացում  դրական տեղաշարժ է նկատում:  Նրա համոզմամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը պետք է միակը լինի խաղաղ կարգավորման գործընթացում: Նա մտահոգություն արտահայտեց շփման գծում տեղի ունեցող միջադեպերի առնչությամբ եւ իր ծավակցությունը հայտնեց երեկվա ողբերգական դեպքի կապակցությամբ:  «Մենք պետք է աջակցնեք շփման գծում հրամանատարների միջեւ վստահության մթնոլորտի ստեղծման, դիպուկահարների հեռացման գործում, ինչը մեծապես կնպաստի լարվածության թուլացմանը»,- նշեց ԵԱՀԿ գործող նախագահը:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: