Տպել
11.04.2011
«Բաց դաս»-ին մասնակցեցին Երեւանի Էրեբունի վարչական շրջանի դպրոցների աշակերտները
1 / 3

Ապրիլի 11-ին մեկնարկած Ազգային ժողովի հերթական քառօրյա  նիստին, ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակներում մասնակցեցին Երեւանի Էրեբունի վարչական շրջանի դպրոցների աշակերտները:  Այնուհետեւ,  ավանդույթի համաձայն, նրանք հանդիպեցին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Զրույցը խորհրդարանի ղեկավարի հետ  դպրոցականներին հնարավորություն տվեց ծանոթանալ ԱԺ կառուցվածքին, ձեւավորման կարգին, գործունեությանը, ինչպես նաեւ ստանալ արտաքին քաղաքականությանը, կրթական, սոցիալական ու տնտեսական ոլորտին վերաբերող իրենց հարցերի պատասխանները:

ԱԺ նախագահը ընդգծեց խորհրդարանական դիվանագիտության կարեւոր դերը եւ մեր պատվիրակությունների աշխատանքների ակտիվացումը հատկապես եվրոպական կառույցներում, ինչպես նաեւ անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ  հակամարտության կարգավորման գործընթացներին:

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ  երկրում առկա սոցիալական խնդիրների լուծման համար գերակա խնդիր է զարգացնել տնտեսությունը, ինչին միտված պետությունը համապատասխան քայլեր է կատարում :

Կարեւորելով աշակերտների հետ նման հանդիպումները` խորհրդարանի նախագահը նշեց, որ դրանք օրենսդիր բարձրագույն մարմնի եւ պատգամավորների աշխատանքներին անմիջականորեն ծանոթանալու հնարավորություն են, որոնք պարբերաբար ընձեռվում են հանրապետության դպրոցների աշակերտներին: Բացի այդ, նաեւ պատգամավորներն ու անձամբ ԱԺ նախագահն են գնում դպրոցներ. Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն հայտնեց այցելել նաեւ  օրվա հանդիպման մասնակիցների կրթօջախներ:

Երիտասարդներին օրենսդիր մարմնի գործունեությանը անմիջականորեն ծանոթանալու տեսանկյունից ԱԺ նախագահը կարեւոր համարեց նաեւ իր նախաձեռնած Երիտասարդական խորհրդարանի ստեղծումը, որի ձեւավորման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են, կազմավորման ու գործունեության կարգն արդեն քննարկման վերջնական փուլում է: