«Մեր նպատակն է, որ Ազգային ժողովը հանրության համար լինի բաց եւ թափանցիկ»,- ապրիլի 20-ին Երեւանի « Հայբուսակ» եւ «Գլաձոր» ոչ պետական բուհերի ուսանողության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, նշելով, որ այդ քաղաքականության շրջանակներում խորհրդարանում հյուրընկալվում են դպրոցների, բուհերի , հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր հնարավորություն են ունենում անմիջականորեն ծանոթանալու օրենսդիր բարձրագույն մարմնի եւ պատգամավորների աշխատանքներին, մասնակցել ԱԺ նիստերին, հանդիպել խորհրդարանի ղեկավարության հետ, պատկերացում կազմել ԱԺ գործունեության, գործառույթների, աշխատակարգի մասին:
Հանդիպման մասնակիցները շնորհակալություն հայտնելով ԱԺ նախագահին ` երիտասարդության հետ մշտական շփումների, երիտասարդների դերակատարությունը կարեւորելու, նրանց խնդիրներին հաղորդակից լինելու համար` բարձր գնահատեցին նման հանդիպումը` այն դիտարկելով Հովիկ Աբրահամյանի որդեգրած թափանցիկ աշխատելու քաղաքականության, ԱԺ-ում իրականացվող բարեփոխումների վկայություն:
ԱԺ նախագահը կարեւորեց երիտասարդության մասնակցությունը հասարակական կյանքին, ինչի լայն հնարավորություն է ընձեռելու իր նախաձեռնությամբ ստեղծվող Երիտասարդական խորհրդարանը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այն լինելու է իսկապես գործող, ոչ թե օնլայն կառույց, ծավալելու է լիարժեք գործունեություն, ունենալու է 12 հանձնաժողով (ինչպես Ազգային ժողովը), որոնց նախագահները ռոտացիոն սկզբունքով ղեկավարելու են Երիտասարդական խորհրդարանը: Հանձնաժողովների անդամները մասնակցելու են ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատանքներին, քննարկումներ են ծավալելու եւ ներկայացնելու են իրենց առաջարկությունները: Երիտասարդական խորհրդարանում ներկայացված կլինեն կուսակցականներ ու անկուսակցականներ, բուհերի, մարզերի,ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ կառույցը կծավալի ակտիվ գործունեություն:
Ընդհանրապես, Ազգային ժողովի նախագահը պատրաստակամ էր քննարկել ցանկացած ողջամիտ առաջարկ, այդ թվում` նաեւ սոցիալական ցանցում: Ի պատասխան իր` «Ֆեյսբուք » ցանցում ներկայացված լինելուն վերաբերող հարցին` ԱԺ նախագահն ասաց, որ անձամբ է ծանոթանում սոցիալական ցանցում բարձրացվող հարցերին ու հայտնվող տեսակետներին եւ համոզված է, որ նման քննարկումները կնպաստեն արդյունավետ որոշումներ ընդունելուն:
ԱԺ նախագահը պատրաստակամություն հայտնեց կրկին հանդիպել ուսանողների հետ, ովքեր, ի դեպ, պրակտիկա են անցնում Ազգային ժողովում: