Տպել
20.04.2011
Տրանսպորտային միջոցների տեխզննության նոր կարգին եւ ներկայացվող պահանջներին վերաբերող քննարկումներ Ազգային ժողովում
1 / 2

Ապրիլի 20-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ  ընդլայնված քննարկումներ անցկացրեց «ՀՀ-ում ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխզննման փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները եւ շրջանառության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման վերաբերյալ:

ԱԺ պատգամավոր Արա Նռանյանը ներկայացրեց ՀՀ կառավարության որոշումը,  իր գնահատմամբ` նրանում առկա  թերությունները, որոնք հնարավորություն չեն տալիս ոլորտում բացառելու կոռուպցիոն երեւույթները: Նրա կարծիքով` տեխզննման կայանները անելանելի վիճակի մեջ են հայտնվել եւ նախատեսվող վճարման պայմաններում չեն կարող իրականացնել տեխնիկական անվտանգությանն ուղղված պատշաճ տեխզննում եւ ի վերջո կարող են սնանկանալ: Տեխզննության համար նախատեսված գումարները չավելացնելու համար նա առաջարկեց 2,5 հազ դրամ արժեցող կտրոնի գումարը տրամադրել տեխզննման կայաններին համապատասխան աշխատանքները լիարժեք կազմակերպելու նպատակով: Պարոն Նռանյանը նկատեց նաեւ, որ նոր որոշմամբ` բանկերի կողմից տեխզննման կտրոնների տրամադրումը հակասում է օրենքի պահանջներին:

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ չկատարված ծառայությունների համար ոլորտում առկա էին գանձման խնդիրներ. բացի օրենքով ամրագրված վճարներից վարորդները տեխզննման կայաններում անհարկի մուծում էին հինգհազարական դրամ գումար, ինչը իրավացիորեն ժողովրդի դժգոհությունն էր հարուցում: Ոլորտի ազատականացման միջոցով ՀՀ կառավարությունը փորձում է 310 հազ. վարորդների շահերը պաշտպանել եւ միաժամանակ  տեխզննման կայանների բիզնեսը չխոչընդոտել, ավելին` ոլորտի ազատականացման քաղաքականությամբ մեծացվում է տեխզննման կայանների միջեւ մրցակցությունը:

Պարոն Գաբրիելյանը անհիմն համարեց օրենքի պահանջներին հակասելու մասին ընդդիմախոսների հայտարարությունները` տեղեկացնելով, որ նոր մոտեցման համաձայն`  թեեւ կտրոնը բանկերի կողմից նախքան տեխզննումն է տրամադրվում, բայց միայն տեխզննում իրականացնելուց եւ կտրոնի վրա համապատասխան գրանցում կատարելուց հետո է միայն օրինական, եւ դրանից հետո միայն կարելի է փակցնել մեքենայի դիմային ապակուն: Նա հիշեցրեց նաեւ, որ մեքենայի  տեխզննման մասին տվյալները տեխզննման կայանը փոխանցում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարություն: Այդ նույն տվյալների բազայից է օգտվում նաեւ ճանապարհային ոստիկանությունը:

Ի պատասխան ԱԺ պատգամավորների եւ տեխզննման կայանների ներկայացուցիչների հարցադրումներին` պարոն Գաբրիելյանը պատրաստակամություն հայտնեց մեկ անգամ եւս վերանայել գանձվող եւ բաշխվող գումարների նպատակայնության խնդիրը, եւ եթե հնարավոր է, գտնել ավելի արդյունավետ լուծում:

Հարցի վերաբերյալ ելույթ ունեցան ԱԺ պատգամավորները, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության, տեխզննման կայանների ներկայացուցիչները:

Ամփոփելով քննարկման արդյունքները` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նկատեց, որ ոլորտի կարգավորման նպատակով օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն կա, ինչը կիրականանա օրենսդիր եւ գործադիր մարմինների համատեղ աշխատանքի արդյունքում: Նա ողջունեց նաեւ ՀՀ ֆինանսների նախարարի պատրաստակամությունը վերանայելու տեխզննության գումարների նպատակայնության,  ինչպես նաեւ լիցենզավորման համար նախատեսվող վճարների նվազեցման հնարավորությունը: