Տպել
22.04.2011
«Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» գրքի շնորհանդեսը Ազգային ժողովում
1 / 3

Ապրիլի 22-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» գրքի շնորհանդեսը:

Բացման խոսքով հանդես եկավ  ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը` տեղեկացնելով, որ ժողովածուն 2007 թ. դեկտեմբերի 19-20-ը  ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կայացած խորհրդարանական լսումների սղագրությունների ամփոփումն է: Գիրքը ներառում է լսումների ընթացքում հնչած զեկուցումները, ելույթները, հարց ու պատասխանները եւ հիմնահարցին առնչվող կարեւոր փաստաթղթերը:

Բանախոսը, մեր երկրի արտաքին քաղաքականության ոլորտում կարեւորելով հայ-թուրքական հարաբերությունների դերը, նկատեց, որ  հարցը իր ընդգրկումով ու նշանակությամբ  երկկողմանի հարաբերություններով չի սահմանափակվում եւ աշխարհաքաղաքական կարեւոր ընդգրկում ունի: Ժողովածուն նախատեսված է հիմնախնդրով մտահոգ պետական եւ հասարակական կառույցների, մասնագետների, հանրության լայն խավերի համար եւ օգտակար կարող է լինել խորհրդարանական դիվանագիտության զարգացման առումով:

Պարոն Ռուստամյանը ժողովածուն կազմելու համար շնորհակալություն հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին, գրքի հրատարակմանն աջակցելու եւ օժանդակելու համար` Եվրասիա համագործակցություն հիմնադրամին, Շվեդիայի Միջազգային զարգացման եւ համագործակցության գործակալությանը, քարտեզներ տրամադրելու համար` պատմաբան Բաբկեն Հարությունյանին:

ԱԺ փոխնախագահներ Սամվել Նիկոյանը եւ Սամվել Բալասանյանը շնորհավորեցին հանձնաժողովին եւ նրա ղեկավար Արմեն Ռուստամյանին կատարած կարեւոր աշխատանքի` երկրորդ ժողովածուի հրատարակման համար (առաջին ժողովածուն վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին) եւ հույս հայտնեցին, որ հանձնաժողովը հետայսու եւս կշարունակի ավանդույթը` ընթերցողի սեղանին դնելով մեր երկրի համար կարեւոր նշանակություն ունեցող խնդիրներին առնչվող նոր հրատարակություններ:

Իրենց ելույթներում հայ-թուրքական հարաբերությունների անցյալ ու ներկա իրողություններին, գրքի կարեւորությանն անդրադարձան եւ շնորհավորանքի խոսքեր ասացին ԱԺ պատգամավորներ Տիգրան Թորոսյանը, Վահան Հովհաննիսյանը,  Արծվիկ Մինասյանը, Ստյոպա Սաֆարյանը եւ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: