Տպել
22.04.2011
Հրապարակել միայն ստուգված փաստեր

Ազգային ժողովին ու նրա ղեկավարությանը վերաբերող ոչ հավաստի եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելուց խուսափելու համար բազմիցս ենք հորդորել ԶԼՄ-ների մեր գործընկերներին` նախապես իրենց ունեցած տեղեկությունները ճշտել ԱԺ համապատասխան վարչության հետ, որպեսզի թյուրիմացության մեջ չգցեն ընթերցողներին:

«Հայկական ժամանակ» օրաթերթը ապրիլի 22-ի համարում իրականությանը չհամապատասխանող լրատվություն է տարածել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի` Վայոց  ձորի մարզի Ելփին գյուղ կատարած այցի վերաբերյալ: Նախ տեղեկացնենք, որ ԱԺ նախագահը  աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր  մոտ  մեկ ամիս առաջ` մարտի 29-ին, ոչ թե օրերս, ինչպես նշել է թերթը: Նա եղել է  մարզկենտրոնում եւ մարզի մի շարք գյուղերում, այդ թվում` Ելփինում եւ մի քանի սահմանամերձ ու հեռավոր բնակավայրերում: Այցի ժամանակ բոլոր հանդիպումները, բացառությամբ մարզպետարանում եւ ՀՀԿ տարածքային գրասենյակում տեղի ունեցածների, անցկացվել են բացօթյա, այդ թվում եւ Ելփին գյուղում: Հետեւաբար, թերթի այն տեղեկությունը, թե իբր հանդիպում է եղել գյուղի դահլիճում, ճիշտ չէ: Իրականությանը չի համապատասխանում  նաեւ այն, թե իբր զրույց է եղել երկաթի հանքերի վերաբերյալ: Գյուղացիների հետ անկաշկանդ զրույցի թեման եղել են գյուղատնտեսական հարցերը, մանկապարտեզի եւ ջրի խնդիրները:
 
 

Ելփին այցից մոտ մեկ շաբաթ անց` ապրիլի 5-ին, Ազգային ժողով են այցելել գյուղապետն ու մի խումբ բնակիչներ, ովքեր հանդիպել են ԱԺ նախագահի հետ: (Վայոց ձոր այցի եւ այդ հանդիպման մասին համապատասխան տեղեկատվություն է տարածել ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, այն տեղադրվել է նաւ ԱԺ պաշտոնական կայքում, որից ցանկության դեպքում կարող էր օգտվել նաեւ «ՀԺ»-ի  թղթակիցը):  ԱԺ նախագահի ֆոնդից 3 մլն դրամ է տրամադրվել գյուղի ոռոգման ջրի ներքին ցանցի խնդիրը լուծելու համար, հանդիպումից հետո Ելփինին նաեւ 10 տոննա ազոտական պարարտանյութ է հատկացվել:

Եւս մեկ անգամ կոչ ենք անում մեր գործընկերներին` հրապարակել միայն ստուգված փաստեր: