Տպել
27.04.2011
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Եվրախորհրդարանի ԵԺԿ խմբի փոխնախագահին
1 / 1

Ապրիլի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի փոխնախագահ Խայիմ Մայոր Օրեխային:

Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը նշեց, որ պարոն Օրեխայի այցը լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստան-Եվրամիություն եւ Հայաստան-Եվրախորհրդարան երկկողմ կապերի էլ ավելի սերտացմանը: Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ   եվրոպական կառույցներին ինտեգրվելու ուղղությունը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակայություններից է, եւ պատահական չէ, որ Հայաստանը Արեւելյան գործընկերության հաստատման եւ «Եվրանեսթի» ստեղծման գաղափարի ջատագովն է եւ առաջինն էր, որ ողջունեց Եվրամիության հետ խորհրդարանական այս ձեւաչափով համագործակցության գաղափարը: Նա տեղեկացրեց, որ Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հրավերով մայիսի սկզբին մեկնելու  է Բրյուսել, որտեղ  Արեւելյան գործընկերության անդամ պետությունների  խորհրդարանների նախագահների հետ մասնակցելու է  «Եվրանեսթի» հիմնադիր ժողովին:

ԱԺ նախագահը շնորհակալություն  հայտնեց Եվրախորհրդարանում գործող Եվրոպական ժողովրդական կուսակցությանը անկողմնակալ դիրքորոշման համար,  որ դրսեւորվեց Կիրիլովի կողմից պատրաստված, ինչպես նաեւ Եվրոպական հարեւանության արեւելյան քաղաքականության վերաբերյալ  զեկույցների կապակցությամբ:

Հովիկ Աբրահամյանը կարեւորեց փոխայցելությունների կազմակերպումը  եւ նշեց, որ իր հրավերով Եվրախորհրդարանի բազմաթիվ պաշտոնյաներ այցելել են  Հայաստան եւ ԼՂՀ: «Հաշվի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը, ցանկացած աղավաղված եւ չհավասարակշռված հայտարարություն կամ ձեւակերպում կարող է ոչ միայն տեղիք տալ սխալ մեկնաբանությունների, այլեւ հավելյալ լարվածություն առաջացնել բանակցային գործընթացում, ինչն իր հերթին կարող է վերածվել տարածաշրջանում անկանխատեսելի հետեւանքների»,-նշեց ԱԺ նախագահը եւ հավելեց, որ Հայաստանի համար ընդունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման   միայն  ԵԱՀԿ  Մինսկի խմբի ձեւաչափը:

 Անդրադառնալով ԵԺԿ-ՀՀԿ համագործակցությանը` ԱԺ նախագահը կարեւորեց միջկուսակցական հարաբերությունների խորացումը եւ  նշեց, որ  անցյալ տարվա հուլիսին Բրյուսել կատարած  իր այցի ընթացքում ԵԺԿ անդամների հետ հանդիպումների ընթացքում  քննարկվել է   Հայաստանի hանրապետական կուսակցության` Եվրոպական ժողովրդական կուսակցությանն անդամակցելու հարցը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար`  Խայիմ Մայոր Օրեխան կարեւորեց Հայաստան-Եվրամիություն փոխգործակցությունը եւ դրական գնահատեց Հայաստանի խորհրդարանի եւ Եվրոպական խորհրդարանի միջեւ հարաբերությունները զարգացնելուն ուղղված ԱԺ նախագահի  քայլերը: Նա կարեւոր համարեց Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների շարունակականությունը:  Խայիմ Մայոր Օրեխան ներկայացրեց Իսպանիայի անցումային փուլի առանձնահատկությունները եւ բարեփոխումների ընթացքը` ընդգծելով, որ այն հաջող ընթացք է ունեցել արժեքային նոր համակարգի շնորհիվ:

Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի փոխնախագահի  խոսքով`  իրենք  բարձր են գնահատում, թե ինչպես է հայ ժողովուրդը պահպանում եւ տարածում  եվրոպական արժեքները տարածաշրջանում:

Պարոն Օրեխան տեղեկացրեց, որ մայիսի կեսերին  նախատեսվում է Եվրախորհրդարանի նախագահի այցը Հայաստան:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային զարգացումներին վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: