Տպել
27.04.2011
Ասմունքի հանրապետական մրցույթ-փառատոնը Գյումրիում
1 / 2

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում անցկացվող «Ասմունքի հանրապետական մանկապատանեկան երրորդ մրցույթ-փառատոնն» այս անգամ նվիրված է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան 95-ամյակին:

 Մրցույթ-փառատոնը, որը մեկնարկել է այս տարվա մարտի 5-ից, անցկացվելու է ՀՀ մարզերում, Երեւանում, Արցախում եւ Ջավախքում: Մրցույթ-փառատոնի անցկացմանն աջակցում է նաեւ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը:

Ապրիլի 27-ին Գյումրիում` Հովհաննես Շիրազի տուն-թանգարանում անցկացվեց  «Ասմունքի մանկապատանեկան երրորդ մրցույթ-փառատոնի» մարզային հերթական` երկրորդ փուլը, որին մասնակցեցին Շիրակի մարզի 30 գյուղերից եւ 15 քաղաքներից ընտրված 46 պատանի ասմունքողները: Տեղեկացնենք, որ միայն Շիրակի մարզից մրցույթ-փառատոնի ընտրական փուլին մասնակցել է 2500 աշակերտ:

Մինչ ընտրական փուլին անցնելը, մրցույթ-փառատոնի մասնակիցները, նրանց ուսուցիչներն ու ծնողները, ժյուրիի անդամները, մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները ծաղիկներ դրեցին մեծանուն բանաստեղծի` քաղաքային այգում գտնվող հուշարձանին եւ հարգանքի տուրք մատուցեցին նրա խնկելի հիշատակին:

Բանաստեղծի կյանքն ու ստեղծագործական ուղին,   նրա ազգապահպան  գործունեությունն ու  գրական գոհարները ներկաներին  ներկայացրեց ժյուրիի անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը:

Այնուհետեւ մրցույթ-փառատոնի 46 մասնակիցները ներկաներին հիացրեցին Հովհաննես Շիրազի գեղեցիկ ստեղծագործություններով:

Մասնակիցները մրցում էին երկու տարիքային խմբերում: Առաջին` 11-14 տարեկանների տարիքային խմբում մրցում էին 33 երեխաներ, նրանցից երեքը հաղթահարեցին մրցութային այս փուլը: Երկրորդ` 15-17 տարեկանների տարիքային խմբում եւս երեք երեխա անցան հաջորդ փուլ: Մարզային երկրորդ փուլում հաղթած մասնակիցները կմասնակցեն մրցութային վերջին` երրորդ փուլին: