Ապրիլի 28-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Սերբիայի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Դրագիշա Սլիեպչեւիչի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:
Ողջունելով հյուրերին` ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի եւ Սերբիայի միջեւ հարաբերությունները զգալիորեն ակտիվացել են: Դրան նպաստել են վերջին երկու տարում կատարված բարձր մակարդակով փոխայցելությունները երկու երկրների նախագահների մակարդակով, որոնք վերընթաց բնույթ հաղորդեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Քայլեր են կատարվում նաեւ միջխորհրդարանական կապերի ակտիվացման ուղղությամբ: ՀՀ խորհրդարանում գործում է Հայաստան -Սերբիա պատգամավորական բարեկամության խումբ: Նախատեսվում է, որ Սերբիայի խորհրդարանի նախագահ Սլավիցա Դուկիչ- Դեյանովիչի հրավերով ՀՀ ԱԺ նախագահը պաշտոնական այց կկատարի այդ երկիր:
Սերբիայի ՍԴ նախագահը շնորհակալություն հայտնեց ԱԺ-ում իրենց հյուրընկալելու համար եւ համոզմունք հայտնեց, որ Հայաստան իրենց այցը, որը վերահաստատում է երկու երկրների բարեկամական կապերը, կնպաստի համագործակցության խորացմանը:
Հյուրերի խնդրանքով ԱԺ նախագահն անդրադարձավ Ազգային ժողովի եւ Սահմանադրական դատարանի համագործակցությանը` նշելով, որ իր կողմից խորհրդարանում ստեղծված է աշխատանքային խումբ, որն օպերատիվ կերպով արձագանքում է Սահմանադրական դատարանում որոշումներին: Արդեն երրորդ տարին է` խումբն արդյունավետ աշխատում է ՍԴ-ի հետ :
ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը եւս դրական գնահատելով ԱԺ աշխատանքային խմբի գործունեությունը եւ երկու կառույցների համագործակցությունը` տեղեկացրեց, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ համատեղ նախաձեռնել էին եվրոպական երկրների սահմանադրական դատարանների եւ խորհրդարանների ներկայացուցիչների կոնֆերանս, որը հաջողությամբ անցկացվեց Երեւանում:
Սերբիայի Սահմանադրական դատարանի նախագահ Դրագիշա Սլիեպչեւիչը օգտակար համարեց Հայաստանի Ազգային ժողովի եւ Սահմանադրական դատարանի համագործակցության փորձը` նշելով, որ այն օրինակելի կարող է լինել իրենց համար:
Հանդիպումից հետո սերբ հյուրերը շրջեցին ՀՀ Ազգային ժողովի նիստերի վերակառուցված դահլիճում: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նրանց ծանոթացրեց խորհրդարանի աշխատակարգին եւ գործունեությանը` նշելով, որ ԱԺ-ն աշխատում է թափանցիկ եւ ձգտում սերտացնել կապը հասարակության հետ: