Տպել
29.04.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին
1 / 1

Ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական Միության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին:

Ողջունելով հյուրին՝ Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ նրա այցը կնպաստի Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունների սերտացմանը եւ ակտիվացմանը: ԱԺ նախագահն ասաց, որ Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ քաղաքական երկխոսությունը, պարբերական բնույթ կրող բարձրաստիճան փոխայցելությունները խթանում են փոխգործակցությունը: Կարեւորելով Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափի` Եվրանեսթի դերը, ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի Ազգային ժողովն առաջիններից է ողջունել Եվրանեսթի գաղափարը եւ ամեն ինչ անում է դրա  իրականացման համար:

Շտեֆան Ֆյուլեն դրական համարեց ՀՀ ԱԺ դիրքորոշումը Եվրանեսթի վերաբերյալ եւ բարձր գնահատեց  դերակատարությունը այդ կառույցի ստեղծման դժվարին գործընթացում: Նրա խոսքերով` Հայաստանի խորհրդարանը կարեւոր դեր ունի Հայաստան- Եվրամիություն հարաբերություններում, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ձեւավորման եւ բարեփոխումների իրականացման գործում:

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքին եւ այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Եվրոպացի դիվանագետը հույս հայտնեց, որ 2012 թվականին  Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կլինեն ազատ ու արդար եւ կհամապատասխանեն եվրոպական չափանիշերին: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ իշխանություններն ունեն քաղաքական կամք` իրականացնելու անհրաժեշտ բարեփոխումներ: Երկուստեք կարեւորվեց հետագա համագործակցության անհրաժեշտությունը: