Տպել
04.05.2011
Բանկերի միության ներկայացուցիչները խորհրդարանում
1 / 1

Մայիսի 4-ին  Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով էին այցելել Բանկերի միության ներկայացուցիչները` նախագահ  Աշոտ Օսիպյանի գլխավորությամբ: Միության անդամ բանկերի ղեկավարները հանդիպեցին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի  նախագահ Գագիկ Մինասյանի եւ հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանի հետ` քննարկելու համակարգում առկա խնդիրները եւ դրանց օրենսդրական հնարավոր լուծումները:

Գագիկ Մինասյանը նշեց, որ իր գլխավորած հանձնաժողովը բանկերի միության հետ աշխատելու ձեւավորված ավանդույթ եւ լավ փորձ ունի. արդյունքում հաջողվել է մի շարք օրենսդրական փոփոխութուններով բարելավել բանկային գործունեության դաշտը: Հանձնաժողովի անունից Գագիկ Մինասյանը պատրաստակամություն հայտնեց շարունակել համագործակցությունը միության հետ` բանկերի աշխատաքն առավել արդյունավետ ու շահութաբեր դարձնելու ակնկալիքով:

Աշոտ  Օսիպյանը եւս կարեւոր եւ փոխշահավետ համարեց խորհրդարանի, մասնավորապես մասնագիտացված հանձնաժողովի հետ համագործակցությունը: Նրա բնորոշմամբ` բանկերն առնչվում են տնտեսության տարբեր ճյուղերի խնդիրներին, տիրապետում  շուկայի զարգացումներին, ինչը կարող է օգտակար լինել թե օրենսդրական բացերը վերացնելու համար, թե  տնտեսական զարգացման ծրագրերում: Միության ներկայացուցիչները հանձնաժողովի նախագահի ու փոխնախագահի հետ քննարկեցին բանկերի ղեկավարներին հուզող այն խնդիրները, որոնք օրենսդրական նախաձեռնությունների տեսքով արդեն իսկ շրջանառության մեջ են դրվել, կամ ուղղակի լուծում են պահանջում` մոտ ժամանակներում: Մասնավորապես նշեցին «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում բանկային ծառայությունները ԱԱՀ-ով չգանձելու դեպքերը հստակեցնելու անհրաժեշտությունը: «Եկամտահարկի մասին» օրենքում եւս  կա այս հարկատեսակի կիրառման ճշգրտման հարց` գրավի իրացման ընթացքում: Հատկապես հաշվի առնելով, որ բանկն այս գործընթացում հանդես է գալիս որպես գործակալ եւ ստիպված է լինում իր միջոցներից վճարել եկամտահարկ: «Սնանկության մասին» օրենքում փոփոխություների ու լրացումների նախագիծը նախատեսվում  է ներառել առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում. «կեղծ» սնանկացումների ժամանակ գրավի առարկա հանդիսացող գույքի իրացման հնարավորությունը բանկերի ներկայացուցիչները կարեւոր են համարում: Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ մեկ այլ խնդրի եւս` կրկին գրավներին առնչվող գործերում  դատական ծանուցումները փոխանցելու դժվարությունների ու ձգձգումների մասին: Քննարկվեցին բարձրացված հարցերի հնարավոր լուծումներն ու ժամկետները:

Կողմերի  համոզմամբ` այսօրինակ հանդիպումները պետք է շարունակական բնույթ ունենան: Խորհրդարանի հանձնաժողովում, Գագիկ Մինասյանի խոսքերով, բանկերի միության անդամներն ունեն աջակցելու պատրաստ գործընկերներ: Աշոտ Օսիպանն օրենսդիրներին շնորհակալություն հայտնեց քննարկման ու խորհուրդների համար: