Տպել
10.05.2011
ԵԱՀԿ ԽՎ նախագահի հանդիպումները խորհրդարանում
1 / 3

Եռօրյա այցով Հայաստանում գտնվող` ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ պրն. Պետրոս Էֆտիմիուի գլխավորած պատվիրակությունը մայիսի 10-ին խորհրդարանում հանդիպումներ ունեցավ:

ԵԱՀԿ ԽՎ հույն նախագահը նախ հանդիպեց վեհաժողովում հայկական պատվիրակության անդամների հետ: ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը հյուրին վսահեցրեց, որ քաղաքական ուժերի հետ հանդիպումների ընթացքում նա կհամոզվի` որքան են այստեղ կարեւորում Հայաստանի մասնակցությունը ԵԱՀԿ գործընթացներին:

Կարեւորելով ԵԱՀԿ ԽՎ-ի դերը` Արտակ Դավթյանը կառույցը բնորոշեց  որպես Հայաստանի ու հատկապես  խորհրդարանի համար այլընտրանք չունեցող` խորհրդարանական դիվանագիտության ընձեռած հնարավորություններով: ՀՀԿ պատգամավորը համոզմունք հայտնեց, որ ԵԱՀԿ-ն շարունակելու է պահպանել մեր  տարածաշրջանում անկողմնակալ վերաբերմունք, եւ որ կարող է հակամարտության կարգավորման համար լավ հարթակ հանդիսանալ: Խաչիկ Հարությունյանը վեհաժողովի նախագահի այցը Հայաստան կարեւոր համարեց` տարածաշրջանում առկա իրավիճակին անմիջականորեն ծանոթանալու տեսանկյունից: ԵԱՀԿ ԽՎ-ն Հայաստանի համար, «Օրինաց երկրի» պատգամավորի գնահատմամբ, շատ կարեւոր ինստիտուտ է եւ ամբիոն ` խնդիրներ բարձրացնելու համար, ինչն էլ իր հերթին կարող է նպաստել տարածաշրջանում երկխոսություն ծավալելուն: Պատվիրակության անդամ,  ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանը  բարձր գնահատեց ԼՂ համակարտության խաղաղ կարգավորման  հարցում ԵԱՀԿ առաքելությունը   եւ  համաձայնեց համանախագահների վերջին հայտարարության մեջ ամրագված մի քանի սկզբունքների հետ: Որպես դրական կետեր նա նշեց միջազգային իրավունքի նորմերի հավասարության ամրագրումը, ինչպես նաեւ ուժի կիրառման անհարդուժելիության մասին ձեւակերպումը: Պատգամավորը պրն. Պետրոս Էֆտիմիուի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների ռազմատենչ հռետորաբանության, ինչպես նաեւ շփման գոտու հայկական կողմում զոհեր ունենալու փաստի վրա`  ԵԱՀԿ ԽՎ-ին առավել հետեւողական լինելու եւ նման երեւույթների նկատմամբ հստակ վերաբերմունք հայտնելու կոչ ուղղելով: Պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը տեսակետ հայտնեց, որ ԵԱՀԿ-ն պետք է գործիքներ ունենա` շփման գծում իրավիճակը վերահսկելի դարձնելու համար: Պատվիրակության պատգամավորներն անընդունելի համարեցին ԼՂ հարցի կարգավորումն այլ հարթություն տեղափոխելու ադրբեջանական փորձերը:

Պրն.  Էֆտիմիուն նշեց, որ ԵԱՀԿ-ն, անհրաժեշտ գիտելիքներով, փաստաթղթերով ու փորձով զինված, լավագույն ձեւաչափն է է ԼՂ խնդիրը լուծելու համար: ԽՎ նախագահն այն համոզմանն է, որ չպետք է մեծացնել լարվածությունը, այլ պետք է քայլ առ քայլ, վստահության միջավայր ձեւավորելով եւ ազգային օրենքների վրա հիմնվելով, խնդրի կարգավորմանն ուղղված ձեռքբերումներ ունենալ: Վեհաժողովի նախագահի խոսքերով` իրենք առաջին հերթին պետք է կարողանան տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն ապահովել: Բարձրաստիճան հյուրն անդրադարձավ նաեւ ժողովրդավարության իր պատկերացոմներին, ինչպես նաեւ ժողովրդի ներկայացուցչական մարմնի` խորհրդարանի դերակատարությանը ժողովրդավարություն հաստատելու ճանապարհին:
 

ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց նաեւ խորհրդարանի ըննդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

Պրն.  Էֆտիմիուն ողջունելի համարեց թե հայկական պատվիրակության մեծ ակտիվությունը` ԵԱՀԿ ԽՎ-ում, եւ թե խորհրդարանական ընդդիմության ներկայացվածությունը պատվիրակության մեջ:

 «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը   զրույցի ընթացքում բարձրացրեց ԼՂՀ ճանաչման խնդիրը: Նա նշեց, որ ԼՂՀ ճանաչումն այլընտրանք չունի մի քանի պատճառներով` այնտեղ ժողովուրդն ինքնորոշվել եւ ապագաղութացվել է այնպես, ինչպես Հայաստանում եւ Ադրբեջանում, ԼՂՀ-ն 20 տարիների ընթացքում ապացուցել է իր կենսունակությունը որպես պետություն եւ բավարարում է բոլոր չափանիշները, եւ  ԼՂՀ-ի չճանաչման պարագայում մեծ է պատերազմի սպառնալիքը: Խմբակցության ղեկավարը խոսեց նաեւ ընտրական օրենսգրքի բարեփոխումների եւ  այդ շրջանակներում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ համագործակցության մասին` ընդգծելով քաղաքական դաշտում փոխհամաձայնությամբ ստեղծված ընտրական օրենսգրքի առավելությունը:  Կարեւոր համարելով ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը ընտրություներում` պատգամավորն առաջիկա ընտրությունները բնորոշեց որպես կարեւոր եւ փորձաքարային:

ՀՅԴ խմբակցության անդամ Հրայր Կարապետյանը նշեց, որ ղարաբաղյան հարցում խորհրդարանական խմբակցությունների տեսակետները շատ չեն տարբերվում. ՀՅԴ-ն  եւս կողմնակից է ԼՂՀ ճանաչման հարցը բարձրացնելուն` միջազգային հանրության եւ կառույցների առաջ: Խմբակցությունը մտահոգված է թուրք-ադրբեջանական տանդեմով, ինչպես նաեւ Ադրբեջանում ծավալած սպառազինությունների մրցավազքով, ռազմական բյուջեի ավելացման սպառնալիքներով եւ սահմանային գոտում դիվերսիոն գործողություններով: Հրայր Կարապետյանի կարծիքով` ԵԱՀԿ-ն ոչ թե պետք է փորձի հավասարակշռել կողմերին, այլ կոչերն ուղղի կոնկրետ հասցեատերերի: ԼՂ հակամարտության կարգավորումն այլ կառույց տեղափոխելով` ադրբեջանցիները փորձում են անվստահություն սերմանել Մինսկի խմբի  նկատմամբ, ասաց պատագամավորը:  ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության  եւ ներքին գործերի հարցերի հանձնաժողովի ղեղավարը գոհունակութսյուն հայտնեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ համագործակցության արդյունքներից` հատկապես բանակային կանոնագրքերի ստեղծման եւ ոստիկանության համակարգի բարեփոխումների հարցում: Խոսելով ընտրական օրնեսգրքիվերաբերյալ «Ժառանգության» հետ նախաձեռնած փոփոխություններից` բանախոսը թափանցիկ ընտրություններ կազմակերպելու համար կարեւոր համարեց իրենց նախագծում ամրագրված` ընտրողների ցուցակները հրապարակելու եւ 50/50 հարաբերակցությամբ ընտրական հանձնաժողովի տեղերը ընդդիմության եւ իշխանությանն մեջ բաշխելու առաջարկները:

ԵԱՀԿ ԽՎ նախագահն ընդգծեց ԵԱՀԿ դերակատարությունը եվրասիական գոտու անվտանգությունն ապահովելու գործում եւ մեկ անգամ եւս հաստատեց ԼՂ հակամարտության հարցով փորձառու եւ վստահելի  լինելու հանգամանքը:   Օգտակար չի լինի որոնել միջազգային այլ կառույց, ասաց պրն. Էֆտիմիուն եւ հավելեց, որ տարածաշրջանում խաղաղությունը բխում է բոլորի շահերից:
 

Կոալիցիոն քաղաքական ուժերի հետ հանդիպման ընթացքում, ողջունելով  ԵԱՀԿ ԽՎ նախագահին, ՀՀԿ խմբակցության ղեկավար  Գալուս Սահակյանը  փոխանցեց մեր հասարակության վստահությունն ու հավատը նրա ղեկավարած կառույցի նկատմամբ:  Պրն. Սահակյանը պատրաստակամություն հայտնեց էլ ավելի սերտացնել ու արդյունավետ դարձնել համագործակցությունը   ԵԱՀԿ ԽՎ-ի հետ:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից Նաիրա Զոհրաբյանը ԼՂ հակամարտության կարգավորման միակ ընդունելի մանդատը համարեց ԵԱՀԿ Մինսկի խմբինը, որը փորձագիտական մակարդակով է տիրապետում խնդրի էությանը:  Պատգամավորն այդուհանդերձ որոշ մտահոգություններ ներկայացրեց: Մասնավորապես նա հասկանալի չհամարեց Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հավասարության նշան դնելու փորձը` հատկապես որ հայկական կողմը հայտարարել է դիպուկահարներին շփման գծից հետ տանելու պատրաստակամության մասին, իսկ ադրբեջանական կողմը` ոչ եւ դեռ ավելին` ռազմատենչ հայտարարություններ է անում:  Մինսկի խմբի ընդհանրական, ոչ հասցեական կոչերը, պատգամավորի գնահատմամբ, թյուրըմբռնումների տեղիք են տալիս: Տիկին Զոհրաբյանը նշեց, որ ստացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեի պատասխանը իր նամակին, որտեղ ?ֆրանսիացի համանախագահը իր նկատառումներն է ներկայացրել ԵԽԽՎ ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերստեղծման առնչությամբ: «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղին Բիշարյանը, խոսելով ԼՂ հարցի կարգավորման ընթացքի մասին, տեղեկացրեց, որ հանրապետության Նախագահը վերջին երեք տարիներին վարում է ակտիվ քաղաքականություն` թե արտաքին եւ թե ներքին ոլորտներում:     Հատկապես ուշագրավ են ԼՂ հարցի կարգավորման նրա ջանքերը, նշեց «ՕԵ» ներկայացուցիչը: Խմբակցության մեկ այլ պատգամավոր` Հովհաննես Մարգարյանը, խոսեց  Մինսկի խմբի այսօրվա ձեւաչափը պահպանելու անհրաժեշտության մասին: Միաժամանակ նա դատապարտեց Ադրբեջանի իշխանությունների սպառնալիքները` դեպի Ստեփանակերտ  թռչող քաղաքացիական օդանավերը ռմբակոծելու մասին` գնահատելով այն ահաբեկիչներին հարիր պահվածք: ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը,  խոսելով Ադրբեջանի ապակառուցողական եւ ագրեսիվ վարքագծի մասին, նկատեց` ԵԱՀԿ այն կառույցն է, որ կարող է ազդել այս պահվածքի վրա:

Վեհաժողովի նախագահը կրկին վերահաստատեց իրենց դիրքորոշումը եւ ասաց, որ ԵԱՀԿ-ն ամենալավ հարթակն է  ԼՂ հակամարտության լուծման համար. ունի   հաջորդական փաստաթղերի փաթեթ եւ վստահություն` խնդրի լուծման համար: Բանախոսի համոզմամբ` արդյունքի հասնելու համար հակամարտության բոլոր կողմերը պետք է դրսեւորեն բարի կամք եւ թոթափեն լարվածությունը: ԵԱՀԿ-ն էլ իր հերթին կփորձի նպաստել կողմերի միջեւ երկխոսության ծավալմանը, ասաց  պրն. Էֆտիմիուն:

Հանդիպման ընթացքում զրույց ծավալվեց նաեւ ընդդիմություն-իշխանություն փոխհարաբերությունների շուրջ: