Տպել
10.05.2011
Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարտենսի հանդիպումները խորհրդարանում
1 / 2
Մայիսի 10-ին ԱԺ «Ժառանգություն» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների անդամները հանդիպեցին Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ուիլֆրիդ Մարթենսի հետ:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, ներկայացնելով իրենց կուսակցության գաղափարախոսությունը, գործունեությունը եւ նպատակները, կարեւորեց անդամակցությունը Եվրոպական ժողովրդական կուսակցությանը: Նա հյուրին տեղեկացրեց, որ «Ժառանգություն»-ը ԵԱՀԿ ԽՎ-ում, ՆԱՏՕ ԽՎ-ում, ԵՎՐԱՆԵՍԹ ԽՎ-ում անդամակցում է ԵԺԿ խմբակցությանը: Պարոն Սաֆարյանն անդրադարձավ չորս հիմնական քաղաքական կուսակցությունների` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի եւ ԺԿ-ի անդամակցությանը Եվրոպական ժողովրդական կուսակցությանը առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների համատեքստում: Խմբակցության ղեկավարը կարծում է, որ անդամակցությունը եվրոպական քաղաքական կուսակցություններին իր դրական ազդեցությունը կունենա արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացման հարցում եւ առաջիկա ընտրությունների ընթացքից է կախված լինելու Հայաստանի եվրոպական հեռանկարը:

ԺԿ խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի համոզմամբ` ԺԿ-ի եւ ԵԺԿ-ի միջեւ ստեղծված համագործակցությունը պետք է ավելի խորանա: Հյուրերի խնդրանքով խոսելով Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ համագործակցությունից` խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն իբրեւ դրա վառ օրինակ անդրադարձավ «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների վերաբերյալ ՀՅԴ ներկայացրած առաջարկների մասով Վենետիկի փորձագետների եզրակացությանը:

 ԵԺԿ նախագահ Ուիլֆրիդ Մարթենսը կարեւորեց անդամակցությունը ԵԺԿ-ին այն քաղաքական ուժերի, որոնք հարավկովկասյան երկրներում ակտիվ գործունեություն են ծավալում: Պարոն Մարտենսի համոզմամբ` անդամակցության գործընթացում մեծ նշանակություն ունի երկրում իրականացվող բարեփոխումների քաղաքականությունը, «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունները, խոսքի ազատությունը, հավաքների ազատության մասին օրենքը, կոռուպցիայի դեմ պայքարը:
 

Նույն օրը Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարթենսին ընդունեց նաեւ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Ողջունելով պարոն Մարտենսին` խմբակցության ղեկավարը տեղեկացրեց, որ իր գլխավորած կուսակցությունը միջազգային տարբեր կառույցներում  համագործակցում է  ԵԺԿ կուսակցության հետ: ԲՀԿ-ն համագործակցում է նաեւ Եվրոպական շարժման հետ եւ այդ համագործակցության շրջանակներում սեպտեբերին  եվրոպական 150 միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ Հայաստանում տեղի կունենա Արեւելյան գործընկերության կոնգրես: Գագիկ Ծառուկյանը ԵԺԿ նախագահին հրավիրեց մասնակցելու կոնգրեսի աշխատանքներին: Նա նշեց, որ իրենք ուսումնասիրել են ԵԺԿ կանոնադրությունը եւ վերջին համագումարում որոշ կանոնադրական փոփոխություններ են կատարել` կուսակցության կանոնադրությունը համապատասխանեցնելով ԵԺԿ կանոնադրությանը: ԲՀԿ խմբակցության ղեկավարը հյուրերին հավաստիացրեց, որ հայ ժողովուրդը եւս գիտակցում է եվրոպական արժեքներին ինտեգրվելու կարեւորությունը: Այս հարցի շրջանակներում պարոն Ծառուկյանը կարեւորեց վիզաների դյուրացման խնդիրը, ինչը, ըստ նրա, նոր շփումների հնարավորություն կստեղծի:

Հյուրի խնդրանքով խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությանը եւ ԵՎՐԱՆԵՍԹ ԽՎ-ի աշխատանքներին: Նա նշեց, որ իրենք կարեւորում են Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ համագործակցությունը: Այս համատեքստում նա տեղեկացրեց, որ ստացվել է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը «Ընտրական օրենսգրքի» նախագծի վերաբերյալ:

Պարոն Մարթենսը տեղեկացրեց, որ աշնանը նախատեսվում է ԵԺԿ պատվիրակության այց Հայաստան: