Տպել
11.05.2011
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի հատուկ ներկայացուցչին
1 / 1

Մայիսի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն  ընդունեց  ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի միգրացիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Նիդեռլանդների խորհրդարանի պատգամավոր  Կետլին Ֆերիեին:

Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը բարձր գնահատեց ԵԱՀԿ ԽՎ դերը միջխորհրդարանական երկխոսության զարգացման գործընթացում` համոզմունք հայտնելով, որ խորհրդարանական դիվանագիտությունը կարեւոր դեր է ստանձնել միջազգային հարաբերությունների արդի կառուցվածքում: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ, ինչպես նաեւ կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: ԱԺ նախագահը ընդգծեց, որ եվրոպական ուղղությունը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից է եւ տարբեր ոլորտներում հետեւողականորեն իրականացվում են բարեփոխումներ` ուղղված մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանը:

Տիկին Կետլին Ֆերիեն նույնպես բարձր գնահատեց ԵԱՀԿ ԽՎ եւ Հայաստանի Ազգային ժողովի փոխգործակցության մակարդակը: Նա կարեւորեց Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները:  Նա նշեց, որ Հայաստան է ժամանել ուսումնասիրելու միգրացիոն գործընթացները եւ հուլիսին Բելգրադում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ տարեկան նստաշրջանում  կներկայացնի  զեկույց միգրացիայի խնդիրների լուծման ոլորտում  Հայաստանում իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

Խորհրդարանի  նախագահը նշեց, որ Ազգային ժողովը կարեւորում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ արդյունավետ համագործակցությունը տարբեր ուղղություններով, այդ թվում օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու հարցում:

Կողմերը անդրադարձան նաեւ տարածաշրջանային խնդիրներին: Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ  Հայաստանի համար ԼՂ հակամարտության կարգավորման միակ  ընդունելի ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: