Տպել
14.05.2011
ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության քննարկումը ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում է
1 / 5

Մայիսի 14-ին Ազգային ժողովում շարունակվեցին «2010 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի կատարման հաշվետվության քննարկումները:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց «2010 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի կատարման հաշվետվությունը` իշխանության պետական եւ դատական մարմինների ֆինանսավորման մասով:

ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց իշխանության պետական եւ դատական մարմինների հատկացումների ընդհանրական պատկերը: ՀՀ 2010 թ. պետական բյուջեից 143.3 մլրդ դրամ է տրամադրվել ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ծախսերին` ապահովելով ծրագրի 97.7% կատարողական: 2009 թ. համեմատ ոլորտի ծախսերն աճել են 26.8%-ով: «Օրենսդիր եւ գործադիր մարմիններ, պետական կառավարում» դասի ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 13.4 մլրդ դրամ` ապահովելով նախատեսված ծախսերի 99.2%-ը:

Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական եւ տարածքային կառավարման մարմինների պահպանմանը տրամադրվել է շուրջ 6 մլրդ դրամ` կազմելով ծրագրի 99.1%-ը: Հատկացված միջոցներով իրականացվել է ՀՀ նախագահի եւ կառավարության աշխատակազմերի, ինպես նաեւ մարզպետարանների պահպանումը:

Գործադիր իշխանության մարմինների պահպանման ծրագրի շրջանակներում տրամադրվել է 9.6 մլրդ դրամ, որը կազմում է նախատեսվածի 99.9%-ը: 2010 թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից օգտագործվել է 21.6 մլրդ դրամ կամ նախատեսվածի 96.1%-ը: Տրամադրված միջոցներից շուրջ 10.9 մլրդ դրամն ուղղվել է ընթացիկ ծախսերին` կազմելով նախատեսվածի 96.7%-ը, 10.7 մլրդ դրամը` ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերին` ապահովելով 95.4% կատարողական:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արա Գյուրջյանը ներկայացրեց ապարատի պահպանման ծախսերի համար նախատեսված հատկացումների կատարողականը: Նա նշեց, որ ապարատի պահպանման ծախսերի հատկացումների կատարողականը կազմել է շուրջ 99 տոկոս: Պարոն Գյուրջյանը տեղեկացրեց, որ ապարատի պահպանման գծով տնտեսումը կազմել է շուրջ 22 մլն դրամ, որը փոխանցվել է պետական բյուջե:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը տեղեկացրեց, որ ԱԺ դահլիճի հիմնանորոգման համար հաշվետու տարում պետական բյուջեից հատկացվել է 481 մլն դրամ, որոշակի գումարի ավելացում է եղել գործուղումների ու ներկայացուցչական ծախսերի գծով: Պարոն Ղարիբջանյանը տեղեկացրեց, որ 2010-ին Ազգային ժողովին հաջողվել է խմբակցությունների համար ձեռք բերել տրանսպորտային փոխադրամիջոցներ, բացառությամբ մեկ խմբակցության, սակայն այդ խնդիրն ընթացիկ տարում լուծում է ստացել: ԱԺ աշխատակազմի ղեկավարը հավաստիացրեց, որ Ազգային ժողովին հատկացված միջոցներն օգտագործվել են ամբողջությամբ, խնդիրներ չեն առաջացել:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանի ներկայացմամբ` 2010 թ. պետական բյուջեով կառավարության ապարատի պահպանման ծախսերի մասով հատկացումների կատարողականը կազմել է շուրջ 75-76 տոկոս: Հատկացված 31 մլրդ դրամի դիմաց ծախսվել է 24.6 մլրդ դրամը: Հատկացումների ոչ լրիվ օգտագործումը պարոն Սարգսյանը պայմանավորեց «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի չկատարմամբ:

ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանն արձանագրեց, որ աշխատակազմի պահպանման ծախսերը կազմել են 365 մլն դրամ` ապահովելով շուրջ 100 տոկոս կատարողական:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրեց իր ղեկավարած կառույցի բյուջետային հատկացումների տրամաբանությունը: Դատական գործունեության եւ իրավական պաշտպանության խմբի ծրագրերին ՀՀ հաշվետու տարում պետական բյուջեից տրամադրվել է 9.2 մլրդ դրամ` կազմելով նախատեսվածի 96.6%-ը: 2009 թ. համեմատ խմբի ծախսերը նվազել են 9.7%-ով: Քրեակատարողական համակարգի պահպանության ծախսերը կազմել են 5.2 մլրդ դրամ կամ ծրագրային հատկացումների 99.9%-ը: 2009-ի համեմատ դրանք նվազել են 3.6%-ով:

ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավար Աշոտ Եսայանի հաղորդմամբ` 2010 թ. 2.7 մլրդ դրամ է տրամադրվել դատախազության խմբի ծրագրերին` կազմելով նախատեսվածի 99%-ը: 2009 թ-ի համեմատ տվյալ խմբի ծախսերը գրեթե չեն փոփոխվել:

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը տեղեկացրեց, որ հատուկ քննչական ծառայության պահպանմանը տրամադրվել է 240.8 մլն դրամ (97.7%): 2009-ի համեմատ նշված ծախսերը գրեթե չեն փոփոխվել:

ՀՀ վերահսկիչ պալատի աշխատակազմի ղեկավար Հարություն Յավրյանը նշեց, որ հաշվետու տարում 681.1 մլն դրամ հատկացվել է ՀՀ ՎՊ պահպանմանը` կազմելով ծրագրի 99 տոկոսը: Նախորդ տարվա համեմատ ոլորտի ծախսերը ավելացել են 3.1 տոկոսով, որը հիմնականում պայմանավորված է աշխատավարձերի, պարտադիր սոցիալական ապահովության վճարների եւ գործուղման ծախսերի աճով:

Նիստում ելույթներ ունեցան եւ համապատասխան ոլորտների ծախսային կառուցվածքը ներկայացրին ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Արտաշես Ավոյանը, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանը, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը եւ ԿԸՀ աշխատակազմի ղեկավար Լեւոն Գրիգորյանը: Նշվեց, որ վերոնշյալ ոլորտներում կատարողականը կազմել է շուրջ 100 տոկոս:
 
 

        Նույն օրը ԱԺ ֆինասավարկային եւ բյուջետային հարցերի եւ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Գագիկ Մինասյանի եւ Հովհաննես Մարգարյանի նախագահությամբ քննարկվեցին ՀՀ 2010 թվականի պետական բյուջեով ՀՀ մարզերին հատկացված ֆինանսական  միջոցները եւ կատարված ծրագրերը:

          ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը եւ ՀՀ մարզերի ներկայացուցիչները համառոտ  ներկայացրեցին ՀՀ մարզերին հաշվետու տարում հատկացված ֆինանսական ցուցանիշները,  դրանց օգտագործման հիմնական ուղղությունները եւ իրականացված ծրագրերը:

          Մասնավորապես` ՀՀ Արագածոտնի մարզին հատկացվել է 4 մլրդ 886 մլն դրամ, կատարողականը կազմել է 99,4 տոկոս, իրականացվել են 22 ծրագրեր, լրացուցիչ հատկացվել է 15 մլն դրամ:

          ՀՀ Արարատի մարզին հատկացվել է 6 մլրդ 183 մլն դրամ, կատարողականը կազմել է 100 տոկոս, իրականացվել են 13 ծրագրեր, լրացուցիչ հատկացվել է 27 մլն դրամ:

          ՀՀ Արմավիրի մարզին հատկացվել է 6 մլրդ 686 մլն դրամ, կատարողականը կազմել է 99,8 տոկոս, իրականացվել են 17 ծրագեր, լրացուցիչ հատկացվել է 74 մլն դրամ:

          ՀՀ Գեղարքունիքի մարզին հատկացվել է 7 մլրդ 234 մլն դրամ, կատարողականը կազմել է 100 տոկոս, իրականացվել է 23 ծրագիր, լրացուցիչ հատկացվել է 9,3 մլն դրամ:

          ՀՀ Լոռու մարզին հատկացվել է 6 մլրդ 998 մլն դրամ, կատարողականը կազմել է 100 տոկոս, իրականացվել են 20 ծրագրեր, լրացուցիչ հատկացվել է 76 մլն դրամ:

          ՀՀ Կոտայքի մարզին հատկացվել է 6 մլրդ 150 մլն դրամ, կատարողականը կազմել է 99,6 տոկոս, իրականացվել են բոլոր նախատեսված ծրագրերը, լրացուցիչ հատկացվել է 10 մլն դրամ:

          ՀՀ Շիրակի մարզին հատկացվել է 7 մլրդ 606 մլն դրամ, կատարողականը կազմել է 99,93 տոկոս, լրացուցիչ հատկացվել է 68,9 մլն դրամ:

          ՀՀ Սյունիքի մարզին հատկացվել է 4 մլրդ 503 մլն դրամ, կատարողականը կազմել է 99 տոկոս, իրականացվել է 15 ծրագիր, լրացուցիչ տրվել է 125 մլն դրամ:

          ՀՀ Վայոց ձորի մարզին տրվել է 2 մլրդ 186 մլն դրամ, կատարողականը կազմել է 99,95 տոկոս, իրականացվել է 17 ծրագիր, լրացուցիչ հատկացվել է 59,3 մլն դրամ:

          ՀՀ Տաուշի մարզին հատկացվել է 3 մլրդ 699 մլն դրամ, կատարողականը կազմել է 99,7 տոկոս, իրականացվել են 17 ծրագրեր. լրացուցիչ հատկացվել է 33,8 մլն դրամ:

          Բացի այդ` ժամանակին եւ նախատեսված ողջ ծավալով հատկացվել են նախատեսված դոտացիաները, 7 մլրդի չափով սուբսիդավորվել են համայնքները:

          Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը ներկայացրեց Երեւան քաղաքի համար նախատեսված ֆինանսական ցուցանիշները եւ իրականացված ծրագրերը: Ըստ այդմ` մայրաքաղաքին հատկացվել է սուբսիդիա 6 մլրդ  43 մլն դրամ,  ամբողջովին իրականացվել են նախատեսված բոլոր ծրագրերը:

          Պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման համար տրամադրված ֆինանսավորման ծավալը կազմել է 18 մլրդ 53 մլն դրամ, որից կրթության ոլորտին ուղղվել է 14 մլրդ 956 մլն դրամ, Երեւանի  մետրոպոլիտենի աշխատանքների կազմակերպմանը` 1 մլրդ 840 մլն դրամ, մետրոպոլիտենի ՓԲԸ ենթակառուցվածքների նորոգման համար` 500 մլն դրամ:

          2 մլրդ 339 մլն դրամ էլ հատկացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրին:  Այս ծրագրերը եւս կատարվել են ամբողջությամբ` 100 տոկոսով:


14.05.2011
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր
Մայիսի 14-ին աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:  Նրան ուղեկցում էին ԱԺ գյուղատնտեսության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը: ԱԺ նախագահն այցելեց մարզի...

14.05.2011
Տեղեկատվություն Երիտասարդական խորհրդարանի դիմորդների համար
Տեղեկացնում ենք, որ 2011թ. մայիսի 17-ին ժամը 11-ին տեղի կունենա Երիտասարդական խորհրդարանի թեսթավորման փուլը հաղթահարած հետեւյալ մասնակիցների հարցազրույցը (ցուցակը կցվում է) : Խնդրում ենք ներկայանալ ժամը 10.00 Ազգային ժողով (Բաղրամյան 19) անձը հաստատող փաստաթղթով: ...