Տպել
16.05.2011
Ընտանիքի օրվա առթիվ 20 բազմազավակ ընտանիքների ծնողներ արժանացան ԱԺ նախագահի շնորհակալագրերի
1 / 7

Մայիսի 16-ին ՀՀ Ազգային ժողովում հյուրընկալվել էին բազմազավակ ընտանիքների ներկայացուցիչներ, ովքեր ներկայացնում էին Հայաստանի տարբեր մարզերն ու մայրաքաղաքը: Ընտանիքի օրվա առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ 20 բազմազավակ  ընտանիքների ծնողներ արժանացել  են  ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրերի եւ դրամական պարգեւների, որոնք հանդիսավոր պայմաններում նրանց հանձնեց խորհրդարանի նախագահը: Շնորհավորելով նրանց` Հովիկ Աբրահամյանն ասաց.

«Շատ ուրախ եմ հյուրընկալել ձեզ Ազգային ժողովում, մանավանդ հյուրընկալությունը հայ ընտանիքին ամենաբնորոշ գծերից է: Ինձ համար կրկնակի հաճելի է ձեզ  հետ հանդիպել Ընտանիքի օրվա կապակցությամբ:

Շուրջ 18 տարի է, աշխարհում մայիսի 15-ին նշվում է Ընտանիքի միջազգային օրը:

Ինչպես գիտեք, անցյալ շաբաթ  Ազգային ժողովը օրենք ընդունեց, որով մայիսի 15-ը Հայաստանում  եւս սահմանվում է որպես Ընտանիքի օր: Ես հուսով եմ` օրենքի` պաշտոնապես ուժի մեջ մտնելուց հետո Ընտանիքի օր կարճ ժամանակում կդառնա մեր ժողովրդի  ամենասիրված տոներից մեկը: Ի վերջո, գրեթե բոլոր այն տոները, որոնք ներառված են մեր պետական տոնացույցում, այս կամ այն կերպ առնչվում են ընտանիքին:

Չնայած այս օրն ընդգրկված է պաշտոնական տոնացույցի մեջ, բայց ես ցանկանում եմ, որ այն լինի ոչ թե պաշտոնական, այլ ջերմ, ընտանեկան տոն, որը կհամախմբի բոլորին:

Ընտանիքը հայի համար իսկապես  հավաքական սրբություն է, որն իր մեջ խտացնում է սեր ու հավատարմություն,  վստահություն, միասնություն ու հարգանք, արժանապատվություն ու համերաշխություն:

Ընտանիքն ազգի գոյատեւման կարեւորագույն նախապայմաններից է: Դեռ դպրոցական տարիներից մեզ ծանոթ է Մուրացանի հետեւյալ միտքը.«Ազգերի գոյությունը ընտանիքի մեջ է: Զորավոր է այն ազգը, որը ունի զորավոր ընտանիք»: Բազմազավակ ընտանիք ունենալը, երեխաներ մեծացնելն ու դաստիարակելը մեծ պատասխանատվություն եւ նվիրում է պահանջում: Ես շնորհակալ եմ ձեզ, ի դեմս ձեզ` բոլոր բազմազավակ հայ ընտանիքներին, որ դուք, անկախ պայմաններից, գնացել եք այդ պատասխանատվության` գիտակցելով ընտանիքի արժեքն ու նշանակությունը երկրի համար: Ռուս գրող Լեւ Տոլստոյն ասել է, որ բոլոր երջանիկ ընտանիքները երջանիկ են միանման, ամեն դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի: Ես մաղթում եմ, որ անկախ ցանկացած իրավիճակից, մեզանում դժբախտ ընտանիքներ չլինեն, որ յուրաքանչյուրս հոգատար եւ ուշադիր լինենք ընտանիքի, հարազատների եւ ընդհանրապես մեկս մյուսի  նկատմամբ, ու ոչ տոնից տոն:

Յուրաքանչյուր ընտանիք ինչ-որ իմաստով նաեւ հասարակության հայելին է:  Որպես իշխանություն մեր պարտքն է  նպաստել, որ երկրում  բոլոր ընտանիքները լինեն բարեկեցիկ, որովհետեւ ամուր, համերաշխ եւ բարեկեցիկ ընտանիքը տվյալ պետության  հզորացման եւ առաջընթացի երաշխավորն է:

Համոզված եմ, որ ապագայում պետությունն ավելի մեծ հնարավորություններ է ունենալու  աջակցել իր քաղաքացուն:

Շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում ընտանեկան երջանկություն, խաղաղություն եւ բարեկեցություն»:

Ընտանիք-հասարակություն-պետություն կապի զարգացման գործում ունեցած ավանդի համար  Ընտանիքի օրվա առթիվ ՀՀ  ԱԺ նախագահի շնորհակալագրով պարգեւատրվեց  Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանը: Վերջինս բազմազավակ ընտանիքների եւ իրենց կազմակերպության անունից  շնորհակալություն հայտնեց հանրապետության Նախագահին, ԱԺ նախագահին, պատգամավորներին` Ընտանիքի օրը կարեւորելու համար: Նա ողջունեց Ազգային ժողովի բաց դռների քաղաքականությունը, որը նպաստում է հասարակություն- պետություն համագործակցության ակտիվացմանը:

Միջոցառման ավարտին խորհրդարանի հյուրերը լուսանկարվեցին ԱԺ նախագահի հետ, ինչին հաջորդեց ջերմ ու անկեղծ զրույցը  Հովիկ Աբրահամյանի եւ բազմազավակ ընտանիքների ծնողների միջեւ: