Տպել
16.05.2011
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Հայաստանում Շվեդիայի նորանշանակ դեսպանին
1 / 1

Մայիսի 16-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Շվեդիայի նորանշանակ դեսպան Դիանա Յանսեին:

Շնորհավորելով հյուրին նշանակման կապակցությամբ՝ Ազգային ժողովի նախագահը հույս հայտնեց, որ տիկին Յանսեն իր ներդրումը կունենա Հայաստանի եւ Շվեդիայի միջեւ հարաբերությունների ամրապնդման ու զարգացման մեջ:  ԱԺ նախագահը կարեւորեց նաեւ միջխորհրդարանական կապերի զարգացումը եւ ողջունեց սկանդինավյան այդ երկրի  խորհրդարանում Շվեդիա- Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ստեղծումը: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց Շվեդիայի Ռիգսթագին` Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունման համար:

Դեսպան Յանսեն շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` վստահեցրեց, որ կանի առավելագույնը հայ-շվեդական համագործակցությունն ավելի  ընդլայնելու համար: Նա նշեց, որ Շվեդիայի իշխանությունները  մեծ նշանակություն են տալիս  տարածաշրջանի եւ Հայաստանի հետ հարաբերություններին:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաեւ երկկողմ համագործակցության զարգացմանը` քաղաքական, տնտեսական եւ հումանիտար բնագավառներում, եվրոպական կառույցների հետ փոխհարաբերություններին եւ գործակցությանը, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, տարածաշրջանային խնդիրներին: