Տպել
17.05.2011
Բարեկամական խմբերի հանդիպումը
1 / 1

Մայիսի 17-ին Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ղեկավար Գագիկ Մելիքյանը եւ խմբի անդամները  հանդիպեցին Հունգարիա-Հայաստան բարեկամական խմբի գործընկերներին:

Ողջունելով հյուրերին`  Գագիկ Մելիքյանը  հույս հայտնեց, որ հունգար գործընկերների այցը Հայաստան խթան կհանդիսանա` սերտացնելու եւ ամրապնդելու հայ-հունգարական դարավոր բարեկամությունը, որը որակական նոր աստիճանի է բարձրացվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` վերջերս Հունգարիա կատարած պաշտոնական այցից հետո:

 Գագիկ Մելիքյանը եւ Լիլիթ Գալստյանն շնորհակալություն հայտնեցին  հունգար ժողովրդին, ազգային փոքրամասնությունների` մասնավորապես հունգարահայերի նկատմամբ ցուցաբերած ջերմ եւ բարեգութ վերաբերմունքի համար:

Հունգարիա-Հայաստան բարեկամական խմբի  ղեկավար, ծագումով հայ Անդրաշ Կուպպերը նշեց, որ  Հայաստան այցի հիմնական նպատակը հայ-հունգարական բարեկամական կապերի վերականգնումն ու դրանց ամրապնդման ցանկությունն  է: Իսկ դրա համար, ըստ զրուցակիցների, կան բոլոր նախադրյալները` պատմական եւ մշակութային նմանություններ, համագործակցության լայն դաշտ  Եվրամիության Արեւելյան գործընկերություն  ձեւաչափում:

Հայ եւ հունգար գործընկերների համոզմամբ` համագործակցության համար նպաստավոր կարող է լինել երկու երկրներում դեսպանությունների հաստատումը:

Հյուրերը տեղեկացրեցին, որ Հունգարիայի խորհրդարանում  ընթանում են 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի նկատմամբ ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քննարկումներ: