Տպել
17.05.2011
Բյուջեի հաշվետվության քննարկումներ` ԱԺ մշտական հանձնաժողովներում
1 / 2

Մայիսի 17-ին ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովներում Արա Բաբլոյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ ներկայացվեց առողջապահության ոլորտի 2010 թ. ֆինանսավորման պատկերը եւ կատարողականը:

Հիմնական հատկացումների տրամաբանությունը եւ իրականացված ծրագրերը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, իսկ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը մանրամասն անդրադարձավ թվային ցուցանիշներին:

ՀՀ 2010 թ. պետական բյուջեի ծախսերի 5.9%-ն ուղղվել է առողջապահության ոլորտի ֆինանսավորմանը: Նշված ծախսերը կազմել են ավելի քան 56.1 մլրդ դրամ` ապահովելով ծրագրի 97.4%-ը: Բաժնի ծախսերի 38.2%-ն ուղղվել է հիվանդանոցային ծառայությունների, 35.9%-ը` արտահիվանդանոցային ծառայությունների, 6.9%-ը` բժշկական ապրանքների, սարքերի եւ սարքավորումների ձեռքբերման, 14.1%-ը` այլ դասերին չպատկանող առողջապահական ծրագրերի եւ 4.9%-ը` հանրային առողջապահական ծառայությունների ֆինանսավորմանը:

Հաշվետու տարում ՀՀ պետական բյուջեի հիվանդանոցային ծառայությունների ձեռքբերման ծախսերը կազմել են ավելի քան 21.4 մլրդ դրամ` ամբողջովին ապահովելով նախատեսված ծավալը: Հիվանդանոցային ծառայությունների ծախսերի 45.5%-ը կամ շուրջ 9.8 մլրդ դրամը կազմել են բժշկական, մոր եւ մանկան կենտրոնների, 28.3%-ը կամ շուրջ 6.1 մլրդ դրամը` մասնագիտացված հիվանդանոցային ծառայությունների, 26.2%-ը կամ 5.6 մլրդ դրամը` ընդհանուր բնույթի հիվանդանոցային ծառայությունների ծախսերը:

Հաշվետու տարում պետական բյուջեից շուրջ 3.4 մլրդ դրամ է տրամադրվել բնակչության սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկվածներին տրամադրվող բժշկական օգնության ֆինանսավորմանը` ամբողջովին ապահովելով ծրագրի կատարումը: Բժշկական, մոր եւ մանկան կենտրոնների ծառայությունների դասի շրջանակներում իրականացվել են 3 ծրագրեր, որոնց ծախսերը կատարվել են 100%-ով` կազմելով շուրջ 9.8 մլրդ դրամ: Այլ դասերին չպատկանող առողջապահական ծախսերի շրջանակներում հաշվետու տարվա ընթացքում իրականացվել են շուրջ 7.9 մլրդ դրամի ծախսեր, որոնց կատարողականը կազմել է 89.5%:

ՀԲ աջակցությամբ իրականացվող առողջապահական համակարգի արդիականացման երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում ծախսվել է շուրջ 4.1 մլրդ դրամ, որը կատարվել է 105.1%-ով: Ծրագրին կառավարությունը մասնակցություն է ցուցաբերել 965 մլն դրամի չափով, իսկ վարկային միջոցները կազմել են 3.1 մլրդ դրամ: 
  
Խորհրդարանի սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում` Հակոբ Հակոբյանի եւ Գագիկ Մինասյանի համանախագահությամբ,  քննարկվեցին նախորդ տարվա ընթացքում  կատարված սոցիալական ծախսերը:

Ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի ներկայացմամբ` սոցիալական ծախսերը 2010 թ.-ին կատարվել են ամբողջությամբ. ֆինանսավորվել է այս ոլորտի համար նախատեսված 244 մլրդ դրամը: Ծախսերի այս մակարդակը 1,6 տոկոսով ավելի է 2009 թ.-ի սոցիալական ծախսերից եւ կազմում է համախառն ներքին արդյունքի 7 տոկոսը: Այս գումարների գերակշիռ մասը` շուրջ 179 մլրդ դրամն ուղղվել է կենսաթոշակների վճարմանը, նպաստների համար ծախսվել է 64 մլրդ դրամ: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը տեղեկացրեց, որ կենսաթոշակ ստացողների թիվը հաշվետու տարում 519 հազար է եղել, նոյեմբեր ամսից կենսաթոշակներն ավելացել են եւ կազմել միջինը 27 հազար դրամ: Մանրամասնելով 2010 թ-ին կատարված  սոցիալական ծախսերն ու աշխատանքները` նախարարն առանձնացրեց կենսաթոշակային բարեփոխումների եւ նոր համակարգ ներդնելու  համար կատարված նախապատրաստական աշխատանքերը: Նա նշեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգը  ներդնելու համար ստեղծվել է  անհրաժեշտ իրավական դաշտ:  Նախարարը խոսեց նաեւ կենսաթոշակային համակարգում առկա թերությունների եւ դեռ չլուծված խնդիրների մասին` մասնավորապես  նշելով բանկային համակարգի միջոցով թոշակների վճարման փոքր ծավալներն  ու անհատական հաշվառմանն ուղղված միջոցառումների ոչ բավարար մակարդակը:

Ընդհանուր առմամբ` բյուջե 2010-ի ծախսերի 25,6 տոկոսն ուղղվել է սոցիալական պաշտպանության ոլորտին: Բյուջետային միջոցներով իրագործվել է 66 ծրագիր: Եւս 22-ն իրականացվել են սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից:


28.06.2024
Աշխատանքային այցի շրջանակում հայ պատգամավորները հանդիպել են Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ
Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները հունիսի 28-ին նախաճաշի շուրջ հանդիպել են Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի հետ: Քննարկվել են Հայաստանի անվտանգային համակարգի ամրապնդման եւ տնտեսական հզորացման հարցերը: Կողմերը կ...