Տպել
17.05.2011
Տեղի ունեցավ Հայաստանի եւ Հունգարիայի խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով
1 / 1

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Հունգարիայի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Լասլո Կյովերի մասնակցությամբ մայիսի 17-ին տեղի ունեցավ  երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով:

 Ողջունելով հունգար գործընկերոջը եւ նրա ղեկավարած պատվիրակությանը ` Հովիկ Աբրահամյանը հույս հայտնեց, այցը կնպաստի երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը: «Մեր ցանկությունն է Հունգարիայի հետ հաստատել բազմաբնույթ փոխշահավետ հարաբերություններ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:  Աժ նախագահը նշեց, որ Հունգարիան  Հայաստանում  դեսպանություն չունի, եւ դրա բացումը կխթանի երկկողմ կապերի սերտացմանը:

ՀՀ ԱԺ նախագահը գոհունակություն հայտնեց ազգային փոքրամասնությունների, այդ թվում` հայ համայնքի  հանդեպ Հունգարիայի իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականության կապակցությամբ: Նրա  խոսքերով` Հայաստանում բարձր են գնահատում այն հանգամանքը, որ հայերը Հունգարիայում ունեն ազգային փոքրամասնության կարգավիճակ եւ օգտվում են այդ կարգավիճակի ընձեռած հնարավորություններից:

Հովիկ  Աբրահամյանը կարեւորեց համագործակցությունը միջազգային կառույցներում: Նա նշեց, որ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ քաղաքական համագործակցությունն ինտենսիվ զարգանում է: Արեւելյան գործընկերության ծրագիրը Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ համագործակցության լավ հնարավորություններ է ընձեռում: Անդրադառնալով ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրին` ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ լիովին կիսում են Արեւելյան գործընկերության շրջանակներում տարբերակման մոտեցում ցուցաբերելու վերաբերյալ տեսակետը: Եվրոպական հանձնաժողովը անհատական մոտեցում պետք է դրսեւորի ոչ միայն Արեւելյան Եվրոպայի եւ Հարավային Կովկասի միջեւ, այլ նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների միջեւ:

Նշելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցան ԵՄ տարբեր մակարդակներով պատվիրակությունների այցերը Հայաստան, ՀՀ ԱԺ նախագահն ասաց, որ դրանք հնարավորություն տվեցին  Եվրախորհրդարանի պատգամավորներին անձամբ ծանոթանալու Հայաստանում եւ  Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին: Հովիկ Աբրահամյանի խոսքով` Հայաստանի իշխանությունները կողմ են, որ տարածաշրջանում առկա հակամարտությունները լուծվեն խաղաղ բանակցությունների արդյունքում:

Հունգարիայի խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերը նշեց, որ փոխայցելությունները կակտիվացնեն երկու երկրների հարաբերությունները, որոնք չօգտագործված մեծ ռեսուրսներ ունեն:  Խոսքը վերաբերում է հատկապես տնտեսական համագործակցությանը:

 Լասլո Կյովերը ընդգծեց, որ Հունգարիան բարձր է գնահատում հունգարահայ համայնքի գործունեությունը, որը չնայած փոքրաթիվ է, բայց մշտապես վճռորոշ դերակատարություն է ունեցել Հունգարիայի պատմության մեջ:

Հունգարիայի խորհրդարանի նախագահը նշեց, որ Հունգարիան կարող է աջակցություն ցույց տալ եվրաինտեգրման ճանապարհը բռնած Հայաստանին` փոխանցելով իր փորձն այդ ուղղությամբ:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորելով միջխորհրդարանական     համագործակցության զարգացումը, նշեց, որ դրան կնպաստեն երկու խորհրդարաններում գործող միջխորհրդարանական բարեկամության խմբերը: Հովիկ Աբրահամյանը տարակուսանք հայտնեց  Հունգարիայի խորհրդարանում մի քանի պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացված հակահայկական բնույթի բանաձեւի նախագծի կապակցությամբ:  Հույս հայտելով, որ այդ բանաձեւ չի ընդունվի` ԱԺ նախագահը անհրաժեշտ  համարեց, որ Հունգարիայի խորհրդարանի պատգամավորները տեղյակ լինեն, որ դրանում ամբողջությամբ խեղաթյուրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը:

Հունգարիայի խորհրդարանի նախագահը նշեց, որ ամենայն հավանականությամբ այդ բանաձեւը անգամ  չի ընդգրկվի խորհրդարանի օրակարգում, մանավանդ որ իշխող մեծամասնությունը նման նպատակ չունի: Լասլո Կյովերի խոսքերով` Հունգարիան կողմ է հավասարակշռված մոտեցմանը:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...